կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 12:48
Քաղաքական

Մենք որևէ մեկի շուրջը համախմբվելու կարիք չունենք. Արմեն Մարտիրոսյան

Մենք որևէ մեկի շուրջը համախմբվելու կարիք չունենք. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմության քողի տակ թաքնված որոշ ուժեր փորձում են խեղաթյուրել իրականությունը:

 

«Իշխանությունները գոնե իրենց քայլերը բացահայտ են անում, իսկ այն ուժերն, ովքեր ձևացնում են, թե անկաշառ են, փորձում են ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն առևտուր է առաջարկում կամ այլ»,- նշեց քաղաքական գործիչը և հավելեց, որ, այնուամենայնիվ, ճշմարտությունը հասնում է քաղաքացիներին:

 

Անդրադառնալով  ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» եռակողմ խորհրդակցության ընթացքում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն-ն կարող է միասնական օղակ հանդիսանալ Երևանի ավագանու ընտրություններում ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մենք որևէ մեկի շուրջը համախմբվելու խնդիր չունենք, մեզ համար անընդունելի է , որ միասնական շտաբը գլխավորի Վարդան Օսկանյանը և ընդհանրապես ԲՀԿ-ի որևէ ներկայացուցիչ»:


Հիշեցնենք, որ ՀՅԴ նախաձեռնությամբ հրավիրված ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» եռակողմ խորհրդակցության ընթացքում ՀՅԴ-ն առաջարկել էր, որ եթե միասնական շտաբը չցանկանա գլխավորել Րաֆֆի Հովհաննիսյանը,  քննարկելի, ընդունելի կլինի Վարդան Օսկանյանի տարբերակը, որի շուրջ, սակայն, երկու կողմն էլ համաձայնության չէին եկել:

 

Իսկ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի այն հայտարարության կապակցությամբ, թե նախագահը պատրաստ է հանդիպել միայն նախագահական նստավայրում, «Ժառանգության» փոխնախագահն  ասաց. «Մեր առաջարկները փոփոխության ենթակա չեն: Հայաստանյան ճգնաժամը լուծելու համար չեմ կարծում, որ ավելի լավ վայր կա, քան Ազատության հրապարակը»: