կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 15:08
Իրավական

Մհեր Ենոքյանի գործի հետ կապված եղել է միակողմանի տեղեկատվություն, և կա ուղղորդված հանրային կարծիք. Ռուբեն Մելիքյան

Մհեր Ենոքյանի գործի հետ կապված եղել է միակողմանի տեղեկատվություն, և կա ուղղորդված հանրային կարծիք. Ռուբեն Մելիքյան

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ցույց էին իրականացնում 1996 թվականին դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները՝ պահանջելով ներում չշնորհել Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Հանրապետության տարբեր հիվանդանոցների 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով դեմ են արտահայտվում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը։

«Կարելի է հասկանալ այն համալսարականներին, որոնք այսօր այստեղ հավաքվել են: Եվ որևիցե տեսակի վիրավորանքներ, շահարկումներ այս ողբերգության շուրջ համարում եմ անընդունելի»,- նշեց  ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը՝ վստահեցնելով, որ ԵՊԲՀ-ում պառակտման մասին լուրերը հերյուրանք են:

Իր հերթին, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հավասարապես պետք է հաշվի առնել առանձնապես ծանր հանցագործությունների տուժողների շահերը: «Առավել ևս այս դեպքում, երբ տարիներ շարունակ մեզ մատուցվել է միակողմանի տեղեկատվություն, և ինչպես պարզվեց` դատապարտյալի մերձավոր ազգականի կողմից, ինչը լրագրողական հանրության կողմից լուրջ քննարկման առարկա պիտի դառնա՝ հասկանալու, թե ինչ ասել է էթիկայի կանոններ, քանի որ սա անթույլատրելի է: Մենք ունենք ուղղորդված հանրային կարծիք այս հարցի շուրջ: Ինքս էլ միանշանակ մոտեցում ունեի այս խնդրի շուրջ, քանի որ տեղեկատվությունը միակողմանի էր: Երկրորդ՝ այսպիսի հանրային հնչեղություն ստացած գործերի մասին հանրությունը պետք է տեղեկացված լինի: Իհարկե` ոչ ամբողջությամբ, որևէ մեկը չի ասում, որ պետք է ներման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի արտահայտած դիրքորոշումը հրապարակվի: Բայց  պետք է հայտնի լինի, թե ներման խնդրագրում դատապարտյալն ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում իր մեղքը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ գործի վերաբացման մեխանիզմ պետք է կիրառվի, և այստեղ որևէ խնդիր չի տեսնում:

Անդրադառնալով Մհեր Ենոքյանի և նրա կողմնակիցների պնդմանը, թե Ենոքյանը դատապարտվել է մեկ ցուցմունքի հիման վրա, Մելիքյանը նշեց. «Եթե եղել են երեք հոգով, մեկը սպանվել է, քանի՞ ցուցմունք պիտի լինի»: