կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-20 12:55
Քաղաքական

Մենք որևէ մեկին ծառայություն մատուցելու կարիք չունենք. Բաղդասարյանը` ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի մասին

Մենք որևէ մեկին ծառայություն մատուցելու կարիք չունենք. Բաղդասարյանը` ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի մասին

«Ելք»-ի իրավունքն է դիմել կառավարությանը, որպեսզի Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացվեն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Իմ կարծիքով` առայժմ դրա անհրաժեշտությունը չկա. եթե քվորում լինի ավագանու նիստերի ժամանակ, ապա բնականոն գործընթացով կգնա առաջ»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով` Վանաձորի ավագանու նիստերը եղել են ՏԻՄ օրենքին համապատասխան, և հակասությունը ՏԻՄ օրենքի և Սահմանադրության հետ է կապված:

«Դեպքերից առաջ պետք չէ ընկնել, եզրակացություններ անելու համար վաղ է»,- հայտարարեց նա:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև Փաշինյանի այն գնահատականին, որ Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն քնած դշխուհի է, իսկ ՀՎԿ-ն փորձում է իր համբույրներով վերակենդանացնել նրան: «Ես այդ գնահատականների հետ համաձայն չեմ: Նոր քաղաքական պրոցեսներ են, քաղաքական ուժերը եկել են համաձայնության, որ պետք է համագործակցեն, իսկ մնացածը ցույց կտա ապագան: Բոյկոտները հավերժական չեն, սպասեք իրադարձությունների զարգացմանը»,- ասաց ՀՀԿ-ականը:

Բաղդասարյանի կարծիքով` մյուս երկու քաղաքական ուժերն էլ պետք է մասնակցեն ավագանու նիստերին: «Այսօր կա հուշագիր, նրանք կարող են իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանել և պարտադրել, որ հաշվի նստեն իրենց քննադատությունների հետ: Եթե նրանց նպատակն այն է, որ պարալիզեն ավագանու աշխատանքները, դրանով Վանաձորն ու վանաձորցին որևէ բան չեն շահի»,- ընդգծեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հարցին, թե Բիշարյանը հայտարարել էր` ով շեղվել է պայմանավորվածությունից, անբարոյական է, և պարզ է, թե ովքեր են անբարոյականները, ինչպե՞ս է ՀՀԿ-ն ստորագրել հուշագիր անբարոյականների հետ, Բաղդասարյանը պատասխանեց. «Հուշագիր ստորագրելով չի որոշվում` նախկինում ով է ձայն տվել, ով` ոչ: Մենք որևէ մեկին ծառայություն մատուցելու կարիք չունենք: Քաղաքականության մեջ չեմ կարծում, որ բարոյականությունն այս չափանիշներով պետք է դատել: Որևէ մեկի ճակատին գրված չէ, որ պետք է լինի հավերժ ընդդիմություն կամ իշխանություն»: