Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը Բաքվում շատ ծանր են տարել, ինչը նշանակում է, որ ուղերձները տեղ են հասել: ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և, օգտվելով այն հանգամանքից, որ ելույթ է ունենում ավելի ուշ, իր խոսքի հիմնական մասը նվիրել է Հայաստանի նախագահին պատասխանելուն: Ելութն, ընդհանուր առմամբ, շաբլոնային էր:
Սակայն Մամեդյարովն այն կառուցել է առանցքային մի ուղերձի վրա, որը բացատրում է հակամարտության գոտում ներկայումս ստեղծված իրավիճակի պատճառները. «Եթե հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում որևէ արդյունք չգրանցվի, որն է` Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի լիարժեք և անվերապահ հանումը, մենք ստիպված ենք լինելու օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով երաշխավորվող ինքնապաշտպանության մեր անբեկանելի իրավունքից` վերականգնելու համար ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:
Մամեդյարովի այս հայտարարությունը երկու հիմնական ենթատեքստ ունի: Առաջին` նա «օկուպացված» տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման խնդիրը դարձնում է ղարաբաղյան հարցով բանակցությունների միակ առարկան, այն դեպքում, երբ ի սկզբանե առաջնային խնդիրը ԼՂ-ի միջանկյալ և վերջնական կարգավիճակի հստակեցումն է: Մամեդյարովն ամբողջությամբ խեղաթյուրում է բանակցությունների էությունը, և պատճառը պարզ է` Ադրբեջանը պնդում է, որ բանակցություններն ընթանան բացառապես իր թելադրած կանոններով: «Հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասում է նա: Սա նշանակում է, որ Բաքուն հրաժարվում է առհասարակ լսել ինքնորոշման սկզբունքի, ԼՂ ժողովրդի կամաարտահայտման իրավունքի և դա բանակցությունների առարկա դարձնելու մասին: Այլ կերպ ասած` վերադառնում է մոտավորապես 1988-90թթ. դիրքերին:
Երկրորդ` Մամեդյարովը խոստովանում է բանակցություններից` Բաքվի փաստացի հրաժարվելու և Հայաստանին կապիտուլյացիոն պայմաններ առաջադրելու փաստը` անուղղակի ասելով, որ կա\'մ Արցախը հարակից 7 շրջաններով պետք է հանձնվի Ադրբեջանին, կա\'մ վերջինս գնում է ուժային լուծման: Բաքուն, փաստորեն, թե\' Հայաստանին և թե\' միջազգային հանրությանն սպառնում է պատերազմի վերսկսմամբ` այդ սպառնալիքի լրջությունն ապացուցելով սահմանին լարվածության մեծացմամբ:
Այս ելույթով Մամեդյարովն ակնհայտ դարձրեց, թե որքան է Բաքուն հեռացել բանակցություններում իր վրա վերցրած պարտավորություններից: Մյուս կողմից` նա հիմնավորեց, թե ինչու է անհրաժեշտ ու, թերևս, անայլընտրանք այնպիսի իրավիճակի, ստատուս քվոյի հաստատումը, որի պայմաններում Բաքուն ստիպված պետք է լինի կա\'մ բանակցել նոր պայմաններով նոր հրադադարի համաձայնագրի շուրջ, կա\'մ դադարեցնել ռազմական պրովոկացիաները սահմանին: Որովհետև, երբ Բաքուն պահանջում է առնվազն մինչև 1988-ի ստատուս քվոն, նման պայմաններում անիմաստ է խոսել կարգավորման ինչ-որ սկզբունքների, տարածքներ զիջելու մասին:
Հայաստանն ու Ադրբեջանը այժմ ծավալել են քարոզչական պատերազմ` ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանը և ՄԱԿ-ի ամբիոնը դարձնելով դրա հիմնական թատերաբեմը: Հայաստանը քարոզչական-դիվանագիտական հիմքեր է ստեղծում Ադրբեջանին բանակցությունների սեղանին վերադարձնելու նպատակով պատժիչ գործողությունների անցնելու համար, Ադրբեջանը` ԼՂ խնդիրը պատերազմի միջոցով լուծելու: Կողմերից ո՞րը կհաղթի, պայնամավորված է նրանով, թե «սուր ճոճելու» այս փուլին կոնկրետ ինչ գործողություններ կհետևեն, և որքանո՞վ դրանք կլինեն հաշվարկված:
Այն փաստը, որ Հայաստանին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը, և միջազգային հանրությունը դա շատ լավ է հասկանում, Երևանի համար ավելի ճկուն, ավելի համարձակ և ավելի նախաձեռնող լինելու դաշտ է ստեղծում, հատկապես` միջազգային հանրությանն ուղղված` Ադրբեջանի դեմարշային ներկայիս քաղաքականության ֆոնին: Այսինքն` Ադրբեջանը հիմա չունի լայնածավալ պատերազմ սկսելու քաղաքական բավարար ռեսուրս:
Բայց Հայաստանն ունի և նրան անուղղակիորեն տրվում է նրան պատժելու, նոր ստատուս քվո հաստատելու իրական հնարավորություն: Հարցն այն է` որքանո՞վ է Երևանը պատրաստ իրացնելու այդ հնարավորությունը: Եթե Երևանը մնալու է զուտ խոսողի կարգավիճակում` առանց ստեղծված դրության մեջ բեկում մտցնելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու, բոլորին հասկանալի է դառնալու, որ հայկական կողմը կա\'մ այդ ռեսուրսը չունի, կա\'մ դրա համարձակությունն ու կարողությունը, իսկ Երևանից հնչող սպառնալիքներն ընդամենը օդ են: Խնդիրն այն է, որ մինչև հիմա ևս հայկական կողմը պարբերաբար խոսում էր հակառակորդին համարժեք պատասխաններ տալու մասին: Բայց դրանք եղել են պատասխաններ լավագույն դեպքում կոնկրետ միջադեպերին, բայց ոչ Ադրբեջանի կողմից կիրառվող` լարվածության մեծացմանն ուղղված պրովոկացիոն ռազմավարությանը: Այսպիսի մոտեցումն ակնհայտորեն անարդյունք է:
Որքան ՀՀ ՊՆ-ն կամ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարում են հակառակորդին ավելի ցավոտ հարվածներ հասցնելու, ավելի շատ մարդկային կորուստներ պատճառելու, ավելի մեծ քանակությամբ ռազմատեխնիկա ոչնչացնելու մասին, ադրբեջանական պրովոկացիաները, հենակետերի, խաղաղ բնակավայրերի հրետակոծումն ու գնդակոծումը չեն դադարում: Այնպիսի տպավորություն է, որ Բաքվին միանգամայն բավարարում է հայկական կողմի նման պատասխանը, և նրանք հենց դրա վրա էլ կառուցել են իրենց այդ ռազմավարությունը: Եթե այդպես է, ապա ոչ թե հայկական կողմն է Ադրբեջանին խաղ թելադրում, այլ` հակառակը: Համենայն դեպս, առ այսօր ստացվել է այնպես, որ Ադրբեջանը, չնայած ավելի ծանր հարվածներ ստանալուն, անընդհատ մեծացրել է լարվածությունը սահմանին, իսկ հայկական կողմն անընդհատ ինքն իրեն հանգստացրել է, որ սա դեռ պատերազմ չէ և սկսել է հարմարվել նոր, գնալով ավելի ու ավելի թանկ արժեցող իրականություններին: Հենց այս պատճառով է առաջանում առանձին հատվածներում մարտավարական լուրջ խնդիրներ լուծող օպերացիաներով նոր իրադրություն հաստատելու, դրանով Ադրբեջանին այս խաղը շարունակելու հնարավորությունից զրկելու անհրաժեշտությունը:
Ինչպես դա անել, բանակից լավ ոչ ոք, իհարկե, չգիտի: Բայց հենց այդ հմտությունից է կախված` ունենալո՞ւ ենք, ի վերջո, խաղաղություն սահմաններին, թե՞ ստիպված ենք լինելու համակերպվել մեզ պարտադրվող նոր, ավելի մեծ լարում ենթադրող իրականության հետ: Դրանից է կախված լինելու` Մամեդյարովը հերթական անգամ ՄԱԿ-ի ամբիոնից պատերազմո՞վ կսպառնա Հայաստանին ու միջազգային հանրությանը, թե՞, գլուխը կախ, կգնա բոլոր այն բանակցություններին, որտեղ նրան կկանչեն:
Գևորգ Դարբինյան