կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 17:10
Առանց Կատեգորիա

Հայաստանը համաձա՞յն է Ղարաբաղին դուրս թողնել կարգավորման բանակցություններից

Հայաստանը համաձա՞յն է Ղարաբաղին դուրս թողնել կարգավորման բանակցություններից

Փարիզում ավարտվեցին Ղարաբաղյան համակարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Թեեւ մինչ հանդիպումը Բրյուսելից, Փարիզից հնչում էին հուսադրող, լավատեսական հայտարարություններ, սակայն այդ հանդիպումը մեծ հաշվով կարելի է անպտուղ որակել, քանի որ էական որևէ հարցում կողմերի դիրքորոշումների մերձեցում տեղի չի ունեցել: Նախ` բանակցությունները չեն եզրափակվել համատեղ հայտարարությամբ, ինչը նշանակում է, որ անգամ նման միասնական տեքստ մշակելու կամք կողմերն արդեն չունեն: Մյուս կողմից, դատելով բանակցությունների մասին Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, միակ նորությունն այն է, որ կողմերը պայմանավորվել են ընդամենը Կարմիր խաչի հովանու ներքո տեղեկատվություն փոխանակել հակամարտության ընթացքում անհայտ կորածների վերաբերյալ: Այս համեստ արդյունքն արձանագրվել է չնայած այն բանին, որ Փարիզն ամեն ինչ արել էր կողմերից որոշակի սկզբունքային համաձայնություններ ձեռք բերելու, հնարավորության դեպքում` նաև բանակցային գործընթացում բեկում մտցնելու համար: Բանակցությունների համար կիրառել էին բոլոր հնարավոր ձևաչափերը` նախ` Օլանդի կողմից առանձին-առանձին հանդիպումներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Աիիևի հետ, ապա վերջիններիս միջև դռնփակ բանակցություններ` տետ-ա-տետ ռեժիմով, հետո հանդիպում` ընդլայնված կազմով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներգրավմամբ, ապա քննարկումներ նաև Սարգսյանի և Ալիևի պատվին տրված պաշտոնական ընթրիքի շրջանակում: Այսինքն` հագեցվածությամբ փարիզյան  բանակցություններն էականորեն տարբերվում էին մինչ այդ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ հանդիպումից, ապա նաև դրանից հետո` սեպտեմբերին, Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ կայացած բանակցություններից:

 

Բայց ինքնին այն փաստը, որ կողմերը չեն կարողացել որոշակի համաձայնությունների գալ, դեռևս չի նշանակում, որ բանակցություններում ճահճային, քարացած վիճակ է: Ընդհակառակը` փարիզյան այս հանդիպումը և հատկապես դրա մասին պաշտոնական մեկնաբանությունները հաստատում են, որ իրականում կարող է ընթանալ կուլիսային մի պրոցես, որի մասին, սակայն, հատկապես պաշտոնական Երևանը նախընտրում է լռել: Բանակցությունների վերաբերյալ Ելիսեյան պալատից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը նախագահներին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը: Այլ կերպ ասած` Օլանդն առաջարկում է մի կողմ դնել մադրիդյան սկզբունքների` դեռևս չհամաձայնեցված կետերը (որոնք, հիշեցնենք, վերաբերում են հատկապես ԼՂ-ի կարգավիճակի հստակեցմանը և ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմներին, այսինքն` ուղղակիորեն շոշափում են հայկական կողմի հետաքրքրությունները) և սկսել խաղաղության մեծ պայմանագրի մշակման աշխատանքները, այսինքն` այն կետերի շուրջ որոնք բխում են Ադրբեջանի շահերից:

 

Սեպտեմբերին Ուելսում Վաշինգտոնի նախաձեռնությամբ կայացած` նախագահների հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն տեղեկատվություն տարածեց, թե այդ հանդիպման ընթացքում Ալիևն ու Սարգսյանը կարևորել են խաղաղության մեծ պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: Մինչ այդ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հայտարարել էր բանակցությունները մեկ այլ մակարդակ տեղափոխելու անհրաժեշտության մասին: Սրանք հստատում են, որ մադրիդյան սկզբունքների համաձայնեցումը մի կողմ դնելու և մեծ համաձայնագրի մշակմանն անցնելու գաղափարը առնվազն քննարկվել է նաև Ուելսում: Սա նշանակում է, որ ՄԽ երեք համանախագահող երկրներից առնվազն երկուսը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, փորձում են բանակցությունները տեղափոխել բոլոորվին նոր հարթություն: Եվ այդ համատեքստում բացարձակապես պատահական չէր, որ Փարիզի հանդիպման նախօրեին, երբ այն նախապատրաստելու համար համանախագահները եկել էին տարածաշրջան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե հնարավոր է, որ շուտով Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ փորձագետների մակարդակով բանակցություններ սկսեն: Ճիշտ է` դրանից անմիջապես հետո համանախագահների հետ Երևանում հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դա որակել էր անլուրջ մոտեցում, սակայն ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից չէր հետևում, թե Երևանը հերքում է համանախագահների կողմից նման առաջարկ արված լինելու հանգամանքը կամ այդ ուղղությամբ բանակցությունների առկայությունը:

 

Եթե փարիզյան հանդիպումներից հետո Ելիսեյան պալատը ևս ընդգծում է այդ իրողությունը, ապա որևէ կասկած չի կարող լինել, որ Հայաստանի նկատմամբ ուղղակի ճնշումներ են գործադրվում խաղաղության պայմանագրի մշակմանն անցնելու կապակցությամբ նրա համաձայնությունը ստանալու նպատակով: Ասել, թե սա չափազանց վտանգավոր միտում է, նշանակում է չասել ոչինչ: Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը համաձայնում է դրան, ապա ոչ միայն վերջնականապես սպանում է ԼՂՀ-ին, որպես լիիրավ կողմ, բանակցային ձևաչափում ներգրավելու հնարավորությունը և պաշտոնապես ստանձնում է ագրեսորի կարգավիճակը, այլև կորցնում է ԼՂ-ի ներկայիս կարգավիճակը իրավական դաշտում ամրագրելու` քաղաքական ու դիվանագիտական լծակները: Եվ դա միայն այն պատճառով, որ առևմտյան ուժային կենտրոնը ներկայացնող երկու համանախագահող երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, փորձում են գործընթացը Ռուսաստանի միակողմանի ազդեցությունից հանելու համար բավարարել` միայն խաղաղության պայմանագրի մշակմանն անցնելու նախապայմանով բանակցությունները շարունակելու`  Ադրբեջանի կապրիզները, իսկ Հայաստզնը դրան դիմագրավելու բավարար համարձակություն չի դրսևորում:

 

Այս իմաստով լռությունը շարունակելու` Երևանի կեցվածքը դառնում է ոչ միայն անհասկանալի, այլև խիստ կասկածելի: Եթե անգամ Փարիզի կողմից նման հաստատումներ անելուց հետո այս պահվածքը շարունակվի, ապա Երևանն անուղղակիորեն կհաստատի, որ պաշտոնապես ներգրավված է խաղաղության համապարփակ և մեծ պայմանագրի մշակման բանակցություններում, ինչն արդեն դուրս է մադրիդյան գործընթացի համատեքստից:

 

Գևորգ Դարբինյան