Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Արցախի անվտանգությունը ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև ողջ հայության անվտանգության հարցն է։ Եվ եթե մարդիկ կային, ովքեր մտածում էին, թե Արցախը բեռ է, և այն հանձնելով հնարավոր է ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, չարաչար սխալվեցին, քանի որ ներկայում արդեն վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը։ Եթե 1994 թվականից ի վեր ունեինք ստատուս քվոյի մի վիճակ, որտեղ Հայաստանն ու Արցախը հանդես էին գալիս որպես հաղթող կողմեր և բանակցում այդ դիրքերից, ապա 2020 թվականի Արցախյան պատերազմից ու փաշինյանական պարտությունից հետո իրավիճակ է փոխվել։ Հիմա Հայաստանը հանդես է գալիս որպես պարտված կողմ, և դրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն իջեցրել են «նշաձողը» Արցախի կարգավիճակի հարցում, այլև հայտարարություններ են հնչեցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի գլխավորած իշխանությունն ուղղակի պայմաններ ստեղծեց պատերազմի և պարտության համար։
Դեռ նոր իշխանության եկած՝ նա անմիջապես սկսեց բողոքել, թե Արցախի հարցում ծանր ժառանգություն է ստացել։ Այն, որ նման «ծանր ժառանգության» մասին խոսելը անհեթեթություն է, փաստացի չի քննարկվում, բայց եթե նույնիսկ ընդունենք, որ 1994 թվականի հրադադարով հաստատված ստատուս քվոն «ծանր ժառանգություն» էր, ապա այսօրվա իրավիճակին ի՞նչ գնահատական կարող ենք տալ, երբ, հենց իշխանությունների խոստովանությամբ, Հայաստանը ռեսուրսներ չունի Արցախի անվտանգության ապահովման համար, իսկ երկրի տարածքների մի մասն օկուպացված է հակառակորդի կողմից։ Եթե նոր իշխանության եկած ղեկավարը Արցախի հիմնահարցում ոչ թե իրավիճակն ավելի բարելավելու մասին է մտածում, այլ միայն ծանր ժառանգությունից, դա ցույց է տալիս իր տրամադրվածությունը և մտադրությունները տվ յալ խնդրի շուրջ։ Ուստի պատահական չէ, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունները սկսելու է իր կետից, այսինքն՝ հրաժարվելու է նախկինների «ծանր ժառանգությունից»։ Ու բանակցությունների փաշինյանական տրամաբանությունը հետևյալն էր, թե ինքը մանդատ չունի Արցախի անունից բանակցելու, հետևաբար պետք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղան կամ, այլ կերպ ասած, դառնա բանակցությունների կողմ։
Նաև պատահական չէ, որ իր կողմից ներկայացված «դիրքորոշումը» նա փորձում էր խաղարկել նաև ներքաղաքական տեսանկյունից՝ ձգտելով ներկայացնել, թե 1998 թվականին Քոչարյանը Արցախը դուրս է թողել բանակցություններից, իսկ հիմա ինքը Արցախը վերադարձնում է բանակցությունների սեղան։ Իհարկե, 1998 թվականին «Արցախը բանակցություններից դուրս թողնելու» խնդրի վերաբերյալ թե՛ այդ ժամանակվա իշխանությունների, թե՛ բազմաթիվ փորձագետների կողմից մանրամասն պարզաբանումներ ներկայացվել են, և նույնիսկ հարկ չկա այդ հարցի վրա շատ ծանրանալու։ Այլ հարց է, որ այդ թեման Փաշինյանը շահարկում է ներքաղաքական միավորներ վաստակելու համար։ Արդյունքում նա կարողացա՞վ Արցախին դարձնել բանակցային կողմ։ Իհարկե, ոչ: Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց բանակցել Արցախի իշխանությունների հետ, այլև հրապարակ եկավ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործոնը։ Իսկ այդ համայնքի ներկայացուցիչների հետ սկսեցին հանդիպումներ ունենալ տարբեր արտասահմանյան դիվանագետներ ու պաշտոնյաներ։ Փաստացի Փաշինյանն «իր կետով» ոչ միայն ձախողեց բանակցային ողջ գործընթացը, այլև Արցախի թեման իջեցվեց Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մակարդակի։ Ու նաև դա է պատճառը, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը պնդում էր, թե Բաքուն ամբողջովին հասնում է իր նպատակներին։ Ի վերջո, Փաշինյանն իրավիճակը հասցրեց պատերազմի, ի հետևանս էլ Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ չդատապարտվեց միջազգային հանրության կողմից և պատժամիջոցներ չսահմանվեցին ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետ կապված։ Բայց զավեշտալին այն է, որ նույնիսկ ներկա աղետալի իրավիճակում, Փաշինյանը, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարության տակ ու մեր հայրենիքի մի զգալի մասը հանձնել թշնամուն, շարունակում է կրկին խաղարկել Արցախին բանակցությունների մեջ ընդգրկելու իր հին երգը այն կոնտեքստում, թե իբր ուղղում է 1998 թվականի սխալը։
Իսկ Փաշինյանի թեզերը նմանակելով՝ քպականները դեմքի լուրջ արտահայտությունով հիմնավորում են, թե վերջապես Ադրբեջանը կխոսի ուղիղ Արցախի հետ։ Եվ Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին խոսում է մարդ, որը բառացի խոստովանում է, թե իրենք մտածված են Արցախի կարգավիճակի հարցը հանել բանակցությունների օրակարգից: Ինչպես ասում են սոցցանցերում՝ ինչ անհարմար բան ստացվեց: Փաստացի ՀՀ իշխանությունների պատկերացրած երկխոսության հեռանկարը Արցախից, առավել ևս՝ Արցախի կարգավիճակից ձեռքերը լվանալն է ու Արցախի հայաթափումը։ Եվ դրանից հետո նրանց կարելի է «չեմպիոնի» կոչում շնորհել, թե ինչպես բանակցային կողմ դարձնելու մասին, կարգավիճակի հարցը «մտածված» բանակցություններից հանելու մասին խոսելով՝ Արցախը հայաթափեցին։ Եթե, իհարկե, թույլ տրվի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում