կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-24 16:45
Առանց Կատեգորիա

Պոլիտեխնիկում տիրող իրավիճակը` սկանդալներից հետո. արդյո՞ք ցրվել են մութ ամպերը

Պոլիտեխնիկում տիրող իրավիճակը` սկանդալներից հետո. արդյո՞ք ցրվել են մութ ամպերը

Yerkir.am-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

 

-Ընդունելությունից սկսենք, ի՞նչ պատկեր ունեցաք այս տարի:

-2014-ի համեմատ` այս տարի ընդամենը 15-20 ուսանողով ավելի ընդունվեց բակալավրիատ: Այս պահին հրամանագրված է 833 դիմորդ, ինչը, բնականաբար, լավ ցուցանիշ չէ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ եթե 4 տարի առաջ մենք ունեինք այնպիսի պատկեր, որ պետբյուջեից ստացվող գումարը և վճարովի ուսուցումից եկողը գտնվում էին 35/65 տոկոս հարաբերակցության մեջ, այսօր ուղղակիորեն հայելային հակադարձ պատկեր է`  60 տոկոսը ստանում ենք պետբյուջետային ֆինանսավորում, իսկ 40 տոկոսը վճարովի ուսուցումն է: Բնականաբար, դա խնդիրներ է առաջացնում` համալսարանական բյուջեի տեսանկյունից, ֆինանսական առումով` մենք բավականին դժվարություններ ունենք այս պահին: Բանն այն է, որ մրցակցային դաշտում ավելացել են մեր մասնագիտություններով ուսանողական համակազմ պատրաստողները: Չեմ թաքցնում` դա մեկ անգամ ևս վկայում է այն, ինչ ես բարձրաձայնել եմ մինչև ընտրությունները` մենք արմատականորեն պետք է վերանայենք դիմորդների հավաքագրման և ապագա մեր համակազմի` դեպի բուհ գրավիչ դարձնելու գործընթացը:

 

-Հնարավո՞ր է, որ սա հետևանքն է այն մթնոլորտի, որը վերջին շրջանում տիրում էր բուհում:

-Անկեղծ ասած` չէի ուզենա նման որակավորում տալ, թեպետ ինչ-որ չափով կարող է բուհի վարկանիշի վրա ազդած լինեն ինչ-ինչ գործոններ: Կարծում եմ, որ դրանք, այնուամենայնիվ, ոչ այնքան էական են եղել: Պոլիտեխնիկը ավանդույթներով հարուստ բուհ է, միգուցե կողքից մի քիչ ստվերել է այն իրավիճակը, որն առկա էր բուհում, բայց վճռորոշ նշանակություն չէր կարող ունենալ:

 

-Վերջերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էիք բուհի ընդունելության քննություններից մեկը հանել: Որքանո՞վ դա կնպաստի ուսանողների թվի աճին:

-Մրցակցային դաշտում մյուս բուհերը գնալով ավելի են դյուրացնում իրենց մուտքի պայմանները: Մյուս կողմից` պետք է հիշեցնեմ, որ ԿԳ նախարարն իր մի քանի հանդիպումների ընթացքում և հարցազրույցներում հստակորեն այն դիրքորոշումն է արտահայտում, որ հատկապես տեխնիկական և տեխնոլոգիական բուհեր ընդունելությունը պետք է հեշտացնել, իսկ ավարտելու պրոցեսն ավելի բարդ դարձնել: Մուտքի պայմանների դյուրացումը կարող է խթանիչ նշանակություն ունենալ, ուստի առաջարկեցինք նախարարին, որպեսզի դիմորդն ընտրի` ֆիզիկա կամ մաթեմատիկա հանձնի: Սակայն որոշ մասնագիտությունների գծով մենք տարբերակել ենք քննությունը, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի գծով պարտադիր պահանջ է ֆիզիկան, և զարմանալի կլիներ, եթե կիրառական մաթեմատիկայի գծով մաթեմատիկան չդնեինք որպես պարտադիր պայման: Նախարարն էլ ուղղակիորեն ասաց, որ տեխնիկական և տեխնոլոգիական բուհերի վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում` մուտքի պայմանների հնարավորինս հեշտացում: Տխուր է պատկերը մեր Գյումրիի մասնաճյուղում` 105 տեղի դեպքում նույնիսկ 1/1-ի ցուցանիշի չենք հասնում, սակայն իրավիճակը քիչ թե շատ բարվոք է Վանաձորում և Կապանում:

 

-Օրեր առաջ հանդիպել եք նաև Սերժ Սարգսյանի հետ, կրթական ի՞նչ հարցեր քննարկեցիք, շեշտն ինչի՞ վրա էր դրված:

-Պետք է շնորհակալություն հայտնեմ, քանի որ պարոն նախագահն ամենայն մանրամասնությամբ տեղեկացված էր մեր համալսարանի խնդիրների, ծրագրերի մասին: Նախ` ներկայացրել եմ բուհի առջև ծառացած խնդիրները` սկսելով ուսանողների թվաքանակից.` այս պահին Երևանի կրթահամալիրում մեր ուսանողների թիվը կազմում է 5662: Եթե այս թվին գումարենք մեր մասնաճյուղերում առկա ուսանողների թիվը, կստանանք  6842 ուսանող, որը, պետք է նշեմ, գոհացնող ցուցանիշ չէ: Պոլիտեխնիկի պատմության մեջ վերջին տասնամյակում ամենացածր ցուցանիշն է: Առաջնահերթ խնդիր է նաև ուսումնառության որակը. եթե հիշում եք, երբ ժամանակին զրուցում էինք, նշեցի, որ իմ նախընտրական դրույթներից մեկով ուսուցման բովանդակային փոփոխության և որակի հարցն էի առաջ քաշում: Բավականին մանրամասն քննարկել ենք մեր ֆինանսական վիճակը, նշվել է դժվարությունների մասին, առաջարկ արվել մշակել այնպիսի մի ծրագիր, որը կարող է մեզ համար լինել թիրախային, և որը կարող է լուծվել ինչպես բուհի ներքին ռեսուրսների, այնպես էլ պետական աջակցության շրջանակում: Պոլիտեխնիկը «կծկվել է», ուսանողական համակազմը փոքրացել է, և չի կարելի կառուցվածքային ստորաբաժանումները թողնել նույնը, դրանք գոյություն են ունեցել սրանից կրկնակի կամ եռակի ավելի ուսանողական համակազմի պայմաններում: Ուրախ եմ, որ պարոն նախագահը հստակորեն արձագանքեց իմ այն առաջարկին, որ պետք է ձևավորվեն խոշորացված միավորներ, որոնց մենք տալիս ենք ինստիտուտների կառուցվածքային ստորաբաժանումների տեսք, և սրանք պետք է լինեն կրթագիտական հաստատություն: Առաջին քայլն արդեն արված է` գիտական խորհուրդը որոշում է կայացրել վերակազմակերպման ճանապարհով միավորել էլեկտրատեխնիկական և էներգետիկական ֆակուլտետները ու ստեղծել համապատասխան ինստիտուտ: Մենք արդեն մեր առաջարկը ներկայացրել ենք հոգաբարձուների խորհրդին: Կարծում եմ` նախագահի հետ մեր զրույցն այնպիսին էր, որ հստակորեն պատկերացում կազմվեց պոլիտեխնիկական այսօրվա հիմախնդիրների, իրավիճակների և հեռանկարների վերաբերյալ: Նախագահն ինձ հանձնարարական տվեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել մի քանի ուղղությունների վրա, որոնք հանրապետության համար համարվում են կարևորագույն, մասնավորապես` հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և  էներգետիկ ոլորտի վրա, հատկապես` ատոմային էլեկտրակայանների գծով մասնագետների պատրաստմանը` նկատի ունենալով ատոմակայանում ընթացող արդիականացման և վերակառուցման գործընթացը:

 

-Փորձի փոխանակումը բուհի համար մեծ նշանակություն ունի: Ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:

- Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ Միջուկային տարածաշրջանային կենտրոնի հիմքի վրա ձևավորվել է Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տարածաշրջանային բազային մասնաճյուղ: Մենք ներկայացրել էինք մեր հնարավորություններն ու ծրագրերը, և արդեն ստացել համապատասխան գրություն հաստատության ռեկտորի կողմից, որ մեզ հատկացված է որոշակի բյուջե, ըստ որի` մեր դասախոսները ներգրավվում են նրանց դասընթացների իրականացման մեջ: Սա նաև ռեալ հնարավորություն է ստեղծում ուսանողների և դասախոսների փոխանակման, մագիստրոսական կրթական ծրագրերի համատեղ իրականացման համար: Բացի այդ` 4 օր առաջ Վիեննայում ստորագրվեց մի համաձայնագիր, ըստ որի` մի շարք բուհեր դարձան «Սթարնեթ» կազմակերպության հիմնադիրներ` ՌԴ-ի, Ադրբեջանի տեխնիկական համալսարանները, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և, բնականաբար, ՀՀ-ից պոլիտեխնիկն ու ԵՊՀ-ն: Մեզ համար սա հետաքրքիր է այնքանով, որ նշված երկրների ցանկում միայն Ուկրաինան, ՌԴ-ն և Հայաստանն են, որ տիրապետում են միջուկային տեխնոլոգիաներին, նաև` մասնագետների պատրաստման ուղղությամբ, և մեզ վրա դրվել են լրացուցիչ առաքելություններ` մենք կստանանք ինչպես ուսումնամեթոդական օժանդակություն, այնպես էլ կարող ենք տրամադրել նաև մեր փորձը: Պետք է տեղեկացնեմ, որ ես պաշտոնս ստանձնելուց 3-4 օր հետո նախաձեռնեցի մի նամակ` ուղղված 25 կազմակերպությունների, որոնց առաջարկեցի օգտվել մեր լաբորատորիաներից: Առաջին արձագանքները շատ հետաքրքիր էին` Ռուս-հայկական համալսարանի պատվիրակությունը, Ամերիկյան համալսարանի պատվիրակությունը այցելեցին և ասացին, որ տեսնում են համագործակցության եզրեր: ՌԴ երկու բուհերից նույնպես առաջարկ ստացանք`փոքր թվաքանակով իրենց դասախոսական կազմի և ասպիրանտների` մեզ մոտ ծրագրերի իրականացում սկսել` դասընթացների ձևով, նաև վճարովի ուսուցման համակարգի կիրառմամբ:

 

-Ի՞նչ իրավիճակ է տիրում բուհում հիմա, որովհետև մինչ այս նաև Աշոտյանն էր փաստել, որ բուհում եղած իրավիճակը հեռու է կրթական կոչվելուց:

-Ես չէի ուզենա ինքնագովությամբ զբաղվել, բայց կարող եմ ասել, որ այս պահին առկա է բավական հաջող աշխատանքային մթնոլորտ, մթնոլորտ, որը հարիր է կրթական հաստատությանը: Որպեսզի պատկերացնեք, որ իսկապես աշխատանքային մթնոլորտ է, ասեմ միայն, որ օգոստոսի 24-ից մինչ օրս արդեն հասցրել ենք գիտխորհրդի 3 նիստ անցկացնել: Իհարկե, ունեմ որոշակի խայթոցներ տարբեր ԶԼՄ-ների կողմից: Հասկանում եմ` որտեղից են գալիս այդ խայթոցները, և կուզեի դիմել նրանց` թողեք կրթական հաստատությունն իր հունով գնա, մի՛ խանգարեք մեզ: Մյուս կողմից` չէի ասի` 100 տոկոսանոց միակարծություն է բուհում, ես չէի էլ ուզենա` այդպես լիներ, հակառակ դեպքում` ես պետք է հրաժարվեմ իմ նախընտրական այն թեզից, որ ասում էի` կարևորում եմ բազմակարծությունը:

 

-Ի՞նչ եղավ բուհի աշխատակազմի ղեկավարի` Սամսոն Զատիկյանի հարցը, քանի որ պաշտոնը ստանձնել էր մեկը, ով կրթության ոլորտի հետ ամենևին կապ չուներ և տևական ժամանակ ուղղակի աշխատել էր ոստիկանությունում:

-Մենք այլևս չունենք աշխատակազմի ղեկավար կամ ղեկավարի տեղակալ պաշտոնը, մենք դրանք լուծարել ենք: Կադրային ռեսուրսների իմաստով` լուրջ դժվարություն ունեինք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչությունում, քանի որ թարմացման կարիք ունեինք: Բուհում կադրային փոփոխություններ եմ կատարել, քանի որ խոստացել էի, որ երիտասարդ ուժեր պետք է ներգրավենք մեր անձնակազմում: Իրավիճակային իմաստով` մենք այսօր գտնվում ենք կառուցվածքային փոփոխությունների արագընթաց տեմպում: Ունեցանք նաև վարչատնտեսական կառուցվածքի փոփոխություններ, հաստիքատեղերի լուծարումներ: Հոգաբարձուների խորհուրդն այսօրվա դրությամբ հաստատել է մեր կողմից առաջարկված կառուցվածքային փոփոխությունների մի հսկայական փաթեթ:

 

-Բուհի հետ կապված երկու դատական գործ կար վարույթում: Ի՞նչ ընթացքի մեջ են դրանք, քանի որ, որքանով տեղյակ եմ, Թոքմաջյանի հեռանալուց հետո նա այլևս իրավասու չէր զբաղվել դատական գործընթացով:

-Այո, հիմա մենք ենք հետևում ու մասնակցում դատական գործընթացներին, մեր գլխավոր իրավաբանը մասնակցում է  բոլոր նիստերին: Գործերից մեկով` Վլադիմիր Խոեցյանի և Վահե Կիրակոսյանի հետ կապված, նրանց հայցերի մերժման և Վերաքննիչ դիմելու փաստաթղթային փաթեթներն եմ ստացել: Ինչ վերաբերում է Աշոտ Խաչատրյանի` աշխատանքից անհիմն հեռացվելու հայցին, ընթացքի մեջ է, և կարծում եմ, որ մոտ ժամանակներս ինչ-որ հանգուցալուծում կստանա:

 

Կարինե Հարությունյան