կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 17:10
Մշակույթ

Օպերային թատրոնը չի հասցնում շունչ քաշել սկանդալներից

Օպերային թատրոնը չի հասցնում շունչ քաշել սկանդալներից

Նախորդ ամիս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Բելինիի «Նորմա» օպերայի վերականգնված պրեմիերան: Ներկայացման ռեժիսորը Բորիս Հայրապետյանն էր:

«Նորմա»-ի առաջին բեմադրությունը թատրոնում եղել է դեռևս 1975-ին, և տասնամյակներ շարունակ Նորմայի դերում հանդես է եկել Գոհար Գասպարյանը: 2001-ին, երբ Բորիս Նավասարդյանը կրկին բեմադրել էր «Նորմա»-ն, իսկ հետո արդեն համանուն ֆիլմ նկարել, այն բազմաթիվ խոսակցությունների տեղիք էր տվել: Խնդիրն այն է, որ ֆիլմում նկարահանվել էին ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն ու աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե Հայրապետյանը, որպես գլխավոր դերակատար, հրավիրել էր ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Անահիտ Մխիթարյանին: Սակայն սա դեռ ամենը չէ. Հայրապետյանը ֆիլմում Անահիտ Մխիթարյանի ձայնի ներքո ներկայացնում էր Հասմիկ Պապյանին` առանց այդ մասին տեղեկացնելու Պապյանին կամ Մխիթարյանին: Պապյանը դատի էր տվել Հայրապետյանին, շահել դատը, և արդյունքում` ֆիլմը դրվել էր կալանքի տակ:

Օպերային թատրոնում այս տարվա մայիսի 4-ին դարձյալ պետք է ներկայացվեր Հայրապետյանի «Նորմա»-ն: Yerkir.am-ի տեղեկություններով` նրան Հայաստան էր հրավիրել վաղամեռիկ Գեղամ Գրիգորյանը: Նա հույս ուներ, որ ինքը կբեմադրի օպերան, բայց Հայրապետյանի անունը կգրվի, այսինքն` սցենոգրաֆիան Հայրապետյանը կանի, իսկ մնացածը ինքը` Գրիգորյանը կլուծի: Գրիգորյանը ցանկանում էր նաև, որ «Նորմա»-ի դերում հանդես գար Անահիտ Մխիթարյանը, բայց Մխիթարյանը կտրականապես մերժել էր, ավելին` անվանի սոպրանոն պատրաստվում է կրկին դատի տալ Հայրապետյանին, քանի որ ֆիլմի տեսաերիզը, այնուամենայնիվ, վաճառվում է:

Գեղամ Գրիգորյանը, ըստ լուրերի, ցանկանում էր նաև հաշտեցնել Հայրապետյանին և Մխիթարյանին: Բանը, սակայն, չհասավ դրան, քանի որ մարտի 23-ին Գրիգորյանը կյանքից հեռացավ:

Մայիսի 4-ին «Նորմա»-ն ներկայացվեց և նվիրվեց Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ուշագրավ է, որ հիմա էլ Բորիս Հայրապետյանն է հորդորում է մշակույթի նախարարին` հանել խաղացանկից «Նորմա»-ն. նա նամակով դիմել էր նախարարին: Խնդիրն այն է, որ, ըստ Հայրապետյանի, օպերային թատրոնը տեխնիկապես պատրաստ չէր «Նորմա»-ին, և իրեն խաբել են` ասելով, որ կլուծեն տեխնիկական խնդիրները, բայց արդյունքում չեն արել ոչինչ:

Ստացվում է` ինչ-որ գործ բեմադրելն ու խաղացանկից հանելը խաղ ու պար է դառնում` ծախսած գումարի մասին էլ փորձում են լռել. փող է, էլի, մի քանի հարյուր հազար` այս կողմ, մի քանի հարյուր հազար` այն կողմ, ո՞վ է հիշելու այդ մասին:

Սակայն մնում է գլխավոր հարցը` ներկայացումը կհանե՞ն խաղացանկից, թե՞ կշարունակի ցուցադրվել:

ՀՀ մշակույթի նախարարությունից yerkir.am-ին տեղեկացրին, որ Հայրապետյանն, այո, նամակով դիմել էր նախարարին, սակայն քանի որ հարցը թատրոնի գեղարվեստական ոլորտին է առնչվում, իսկ նախարարությունը իրավասություն չունի միջամտելու, հարցն ուղղվել է օպերային թատրոնի գեղխորհրդին:

Թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայացումը կմնա խաղացանկում, և եթե թերություն կա, ռեժիսորի մեջ է, մնացած հարցերը ընթացքում կլուծվեն: «Ամեն անգամ մի փոքր շտկումներից հետո ներկայացումը կշարունակի իր երթը: Ավելին` հունիսի 9-ին և 30-ին այն արդեն դրված է մեր խաղացանկում»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շահինյանն էլ զարմանքով նշեց, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ռեժիսորը 4 ամիս հետո միայն հասկացավ, որ ներկայացումը չի ստացվել:

«Վերականգնված ներկայացում է, իսկ այդ դեպքում չնչին գումար է ծախսվում, չնայած մեր` ներկայացումը խաղացանկում մնալու որոշումը կապ չունի ծախսված գումարի հետ: Ես շատ երջանիկ կլինեի, որ մեր երկրի գործերն այնքան լավ լինեիր, որ մենք 3 ամիս շարունակ խոսեինք «Նորմա»-ից: Բորիս Հայրապետյանն ուզում էր, որ իրեն ճանաչեին, բայց հակառակ էֆեկտն եղավ: Հայրապետյանը` որպես ռեժիսոր, գրեթե չի մասնակցել բեմադրմանը, նա եկել էր, քանի որ Գրիգորյանն էր հրավիրել, և որպեսզի շատ գումար չծախսենք ու նոր պրեմիերա չանենք, «Ներմա»-ն ներկայացրինք»,- ասաց Շահինյանը:

Ըստ նրա` Հայրապետյանը օգտվել է առիթից, որ թատրոնն այժմ գեղարվեստական ղեկավար չունի, և ուզում էր գեղարվեստական ղեկավար դառնալ`  մեծ աղմուկ բարձրացնելով, բայց նրան հաջողվեց միայն իր անվան հետ խաղալ:

«Հայրապետյանն ասում է, թե երիտասարդ երգիչներն են երգել «Նորմա»-ում, բայց դա այդպես չէ, երգել են մեր վաստակավոր երգիչները: Նա ո՞ւմ է վիրավորում` պետությա՞նը, որը վաստակավորի կոչում է տվել նրանց: Ի դեպ, ասեմ նաև, որ ինչքան «Նորմա»-ն բեմականացվի, Հայրապետյանը յուրաքանչյուր օրվա համար գումար է ստանալու` հեղինակային իրավունքի մասին օրենքով: Եթե դատի տամ նրան, ներկայացումը կմնա մեր խաղացանկում, բայց նրա անունը չի մնա: Թող հանգիստ ապրի, ի՞նչ է ուզում մեզնից: Մենք մեր ներկայացումը հանդիսատեսի հետ շատ հավանում ենք, այո, կարող էր ավելի լավը լիներ, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Եթե իմանանք, որ բոլոր մեր օպերաները շատ լավն են, տխուր իրավիճակ կլինի, մենք չենք հասկանա` ինչու ենք աշխատում: Թատրոնը նրա համար է, որ ամեն օր աշխատենք, ավելի լավ երգիչ, ավելի լավ ռեժիսոր գտնենք»,- ասաց Շահինյանը:

Ըստ նրա` մինչև ներկայացումը վերջնական տեսքով հանդիսատեսի դատին հանձնելը, 2 շաբաթ խաղացել են հենց ռեժիսորի համար, որ նա հասկանա` ինչ է ստացվել արդյունքում: «Եթե լավը չէր, ասեիր` չեմ կարող աշխատել ձեզ հետ, դադարեցնում եմ… Ինչո՞ւ աշխատեցիր 600 հոգու հետ, հետո նոր միայն աղմուկ բարձրացրիր, թե այն քո սրտով չէ»,- ասաց Շահինյանը:

Ի դեպ, հունիսի 30-ին «Նորմա»-ում երգելու համար Հայաստան են ժամանալու Մարիինյան թատրոնի երգիչներից: Իսկ համանուն ֆիլմը, ինչպես նշեցինք, ասում են`  իբրև թե արգելանքի տակ էր դրվել, սակայն մինչ այդ հասցրել էին 70 օրինակ վաճառել: Հայ հանդիսատեսի համար 2005-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ցուցադրվել էր ֆիլմը:

Ինչ վերաբերում է օպերայի բեմադրման օրինական կամ անօրինական լինելուն /քանի որ ռեժիսորը չի ցանկանում, որ այն բեմադրվի/, ապա մշակութային ոլորտում չկա որևէ օրենք, որ նման իրավիճակում ելք որոշի: Օրինակն աննախադեպ է, իսկ օրենքի բացակայությունը` հօգուտ ներկայացման:

 

Կարինե Հարությունյան