կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 15:10
Մշակույթ

Գիրք, որը գրված է ոչ թե սրամտություններով, այլ տաղանդով. Ավագ Եփրեմյան «Երգչախումբը ցրվել է»

Գիրք, որը գրված է ոչ թե սրամտություններով, այլ տաղանդով. Ավագ Եփրեմյան «Երգչախումբը ցրվել է»

ՆԱԽԱԲԱՆ

Մարդիկ ավելի քիչ են,
Քան տարածությունը,
Բայց՝ շատ, քան ժամանակը:

Ահա թե ինչու՝ ամեն ինչ դառնում է քաղաք.
Ինչքան ավելի շատ ես ընդգրկում,
Այնքան չքանում են դիմագծերդ:

Չքացած դիմագծերով հեշտ է ճչալը.
Եւ ահա ճչում են փողոցները'
Տարբեր ուղղություններով,
Շենքերը' իրենք իրենց մեջ,
Անդեմ հավատները' ընդդեմ տաճարների,
Հույսերը' որպես չհերիքող ժամանակ:

Այդուհանդերձ, հիշել,
Որ բառն ընդամենը կանխազգացում է,
Հատկապես՝ նախախնամ աշխարհում,
Իսկ կանխազգացումը բաժանելի չէ,
Հատկապես՝ մարմնի եւ հոգու,
Հատկապես՝ պատերազմից առաջ:

Պետք է հաղթել:
Նույնիսկ` ի վնաս բանաստեղծության:

***

Լույս է տեսել Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գիրքը: Գիրքը Եփրեմյանի` թվով վեցերորդ ժողովածուն է և այն ընդրգրկում է բանաստեղծի վերջին շրջանի բանաստեղծությունները:

Արքմենիկ Նիկողոսյան. «Լավ բանաստեղծություններն այս գրքում շատ են, Ավագ Եփրեմյանի ներկայությունը մեր գրական ընթացքի մեջ կարևոր է այնքանով, որ նա մեր ժամանակակից այն սակավաթիվ պոետներից է, որ երբեք չի թողնում` բանաստեղծության, բառի հանդեպ հավատը պակասի: Մի տխուր բան կա վերնագրի մեջ, ավագյան վերնագիր` «Երգչախումբը ցրվել է». սա գուցե նաև գույժ է` ժամանակակից պոեզիայի ընդհանուր վիճակի»:

Հակոբ Մովսես. «Ավագի գիրքն այսօրվա մեր բանաստեղծության մասին խորհելու առիթ է տալիս, թե ինչ վիճակում է այսօր հայ բանաստեղծությունը, հայերենը մեր բանաստեղծության մեջ, ինչ բարեխղճությամբ ենք մոտենում այսօրվա բանաստեղծությանը, այն մեր ծառա՞ն է, թե՞ մենք ենք նրա ծառան: Հիմա Ավագի գրքի մասին գրախոսություն եմ գրում և շատ պատասխանատվությամբ եմ դա անում, ինչն այդ գրքի բանաստեղծություններն են ինձ ներշնչել: Սա սովորական ընթացիկ գիրք չի. եթե բանաստեղծի ամեն մի գիրքը 10 քայլ նախորդներից առաջ չէ, ուրեմն` այդ բանաստեղծը դոփում է տեղում և իզուր է գրում: Չեմ ուզում նախորդ գրքերի վրա ստվեր գցել, բայց պետք է ասեմ` այս գրքով Ավագն ուղղակի ոստնել է առաջ: Նշանակում է` մենք գործ ունենք բանաստեղծի հետ, ով իր բանաստեղծության նորմատիվները դեռևս մշակում է, այսինքն` ինքը չի սահմանափակվել բանաստեղծական տեխնիկային տիրապետելու` իր շատ լավ կարողությամբ և անընդհատ մրջյունի պես փորում է և փորձում առաջ գնալ, իր տարածն ընդլայնել: Սա ուրախալի երևույթ է, ընդհանրապես, տաղանդավոր բանաստեղծի համար իր տաղանդը փորձանք է` ճանճի պես կպչում է իր տաղանդին ու սկսում տզզալ` ո՛չ աշխատում է, ո՛չ փոխում իր կաշին: Ավագը հասել է լեզվական մի մինիմալիզմի, որը մեր բանաստեղծության մեջ պակասում է և որը պահանջում է իր նյութի բովանդակության ձևի հանդեպ շատ մեծ պատասխանատվություն: Սա գիրք է, որը գրված է ոչ թե սրամտություններով, ինչպես շատերն են գրում, այլ տաղանդով:

Արմեն Դավթյան. «Էն որ քար ես գցում գրի մեջ ու օղակներով ճառագայթները գնում են` դանդաղ, հերթով, Ավագն էլ լուռ ճառագայթներ ու օղակներ է արձակում, որ մեկին շուտ է հասնում, մյուսին` ուշ` նայած` ինչքանով են նրանք մոտիկ բանաստեղծությանը:  Ինձ համար Ավագ Եփրեմյանը երգչախմբի կորիֆեյն է, ում երգչախումբը ցրվել է, բայց ղեկավարը կա ու ապրում է` ոչ թե նրա համար, որ «կայֆ» է ապրելը, այլ ուղղակի գրելը, բանաստեղծություն ձևակերպելը, բառերն իրար կողք դնելը դարձել է չմեռնելու ձև։ Ինձ համար Ավագի բանաստեղծությունը չմեռնելու ձև է, և դա բառերով հասցված է նվազագույնի, ինչը նշանակում է հին հունական ողբերգության կորիֆեյ՝ առանց երգչախմբի:

Տիգրան Պասկևիչյան. «Ճիշտ կլինի ոչ թե խոսել, այլ կարդալ, որովհետեւ բանաստեղծություն կարդալը շատ ավելի կարևոր է, քան թե գրելը»։

Ավագ Եփրեմյան.«Ես շատ լավ գիտեմ, որ եթե ես բանաստեղծություն չգրեի, աշխարհից մազ անգամ չէր պակասի: Շատ աղոտ գիտեմ նաև մեկ այլ բան, եթե ես բանաստեղծություն եմ գրում, փոքրիկ մի բան ավելանում է աշխարհին` երևի թե այդ հույսով էլ գրում եմ բանաստեղծություններ: Թեպետ բանաստեղծությունների տեսակից կամ իմ բնույթից կախված` ամբողջ կյանքում սովորեցրել եմ ինձ աննկատ մնալը, և այդ առումով իսկապես զարմանալի է ինձ համար այսօր լսածս խոսքերը: Ու եթե առիթ լինի պատմելու ներկա չգտնվողներին, թե ինչ էր իրենից ենթադրում այսօրվա շնորհանդեսը, ես իրենց այսպես կասեմ` եթե իմանայիք, թե ինչպիսի բանաստեղծությունների հեղինակներ էին գովասանքով խոսում իմ մասին, կափսոսայիք, որ չեք եկել»:

Լուսանկարը` Գերման Ավագյանի