Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
100 ամյակի շեմն անցած Սերոժ Սաֆարյանը 85 տարեկան էր, երբ տեղափոխվեց Հայաստան՝ մշտական բնակության: Ասում է` «ինչ ունեինք-չունեինք` ջուրին տվինք, եկանք»: Միշտ մտածել, ապրել է Հայաստանով, բայց տեղափոխվել չեր կարող, ասում է «ո՞վ կթողներ, դաշնակցական էի»: Հարցին` արդյո՞ք չի զղջում, որ տեղափոխվել է Հայաստան, պատասխանում է. «Փոշմանել եմ, որովհետև շատ գրքեր ունեի, թողեցի այնտեղ: Շատ գրքեր Անգլիայից էի բերել»:
Սերոժ Սաֆարյանը 1936-37 թվականներին Թեհրանի բարձրագույն զինվորական ուսումնարանում սովորելիս մյուսներից տարբերվել է իր ճարպկությամբ, ուժով և սպորտի նկատմամբ ունեցած հոտաքրքրություններով: Հիշում է` ինչպես մի անգամ կրթարանի գերմանացի հրահանգիչը ընդհանուր շարքից դուրս է հանել հայերին, հրեաներին և հրամայել այլևս ուսումնարան չներկայանալ: Բախտը բերել է` Պարսկաստանի թագավոր Մուհամեդ Ռեզաշահ Փահլավիի տղայի հետ ընկերությունը օգնել է, թագավորի միջնորդության արդյունքում շարունակել է ուսումը և ստացել սպայի կոչում: Իսկ սպորտում ավելի հմտացել է Սպահանի անգլիական դպրոցի աշակերտների հետ մարզվելուց, երբ արձակուրդներին վերադառնում էր Սպահան: Բռնցքամարտի մարզիչը ազգությամբ գերմանացի էր, իսկ հետո ինքը դարձավ մարզիչ և Թեհրանի «Արարատ» մարզավանում հայ երիտասարդներին ծանոթացրեց մարտարվեստի գաղտնիքներին: Իր ղեկավարությամբ «Արարատ»-ի թիմը երկու անգամ դարձավ Իրանի գավաթակիր: Ինքը երկար տարիներ եղել է «Արարատի»-ի մարզական վարչականներից և տարբեր մարզաձևերի մեջ ունեցել է իր մարզչական և վարչական ներդրումը: Հիշում է, թե ինչպես մի անգամ լսեց, որ հայրենիքից մարզիկներ են եկել Թեհրան: Այդ մարզիկների մեջ էր նաև լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Երկու բռնցքամարտիկների հանդիպումը հիմք դրեց նոր ընկերության:
Պարոն Սերոժը` չնայած պատկառելի տարիքին, առանձնակի համուհոտով է հիշում և պատմում կյանքի անցած տարիների մասին: Պատմում է, բայց նաև դժգոհ է՝ հիշողությունը նահանջել է՝ հազարից երկուսն է հիշում:
Աղջիկը՝ Անիտան, հայրիկի լավ հիշողություն ունենալը կապում է ընթերցանության հետ: Նրա խոսքով` հայրը օրվա մեջ 5 ժամ ընթերցում է:
Հիմա էլ բաց չի թողնում ոչ մի մրցում, հատկապես եթե մրցասզպարեզում հայեր են լինում: Տիկին Անաիտան նշում է. «հիմա էլ որ բոքսի մրցում է լինում, բոլորս դա պետք է նայենք»:
Պարոն Սերոժն էլ հպարտանում է. «Քուշտից (ըմբշամարտ) հայերը միշտ առաջինն են, պետք է հաստատ նայեմ»:
Մեկ դարը բոլորած նախկին մարզիկը հիմա էլ ակտիվ է, առանց մարզանքի անկողնուց վեր չի կենում, երկարակեցության իր գաղտնիքն էլ, ասում է, շատ պարզունակ է՝ չծխել, չխմել, ղումար չխաղալ…
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ