կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-21 16:11
Հասարակություն

Որպես ՀՀ քաղաքացի նա ապրեց 24 ժամ

Որպես ՀՀ քաղաքացի նա ապրեց 24 ժամ

Ասում են, որ երազելու կարողությունը  հատուկ է մանուկներին ու երիտասարդներին, ավելի հասուն տարիքում երազանքներին փոխարինելու  են գալիս նպատակները։ Բայց մեր հերոսի պատմությունը  կարծեք ժխտում է այս տեսությունը։   Լիբանանահայ  Հարություն Մխչյանը, օրինակ, երազել  ու երազանքին հասել է  91 տարեկանում։ Իսկ երազանքն էր՝ ապրել Հայաստանում  որպես ՀՀ քաղաքացի։  Ու ապրեց որպես ՀՀ քաղաքացի 24 ժամ. հայտնում է Հանրային Ռադիոն։

Լիբանանահայ  Հարություն  Մխչյանը  հայրենիքում  ապրելու  երազանքով տասնամյակներ ապրեց։ Նրա  91-ամյա ճանապարհորդության մասին դստեր՝ Ծովինար Մխչյանից ենք տեղեկանում։ Արտակարգ  դրության պայմաններում ստիպված ենք հեռախոսով զրուցել։

«Հորս հայրական կողմը Վանից էր, մայրական կողմը՝ Կիլիկիայից։ Մայրս Կիլիկիայի Ալեքսանդրետ շրջանից էր։ Ցեղասպանության պատճառով հայտնվել են նախ Սիրիայում, հետո անցել են Լիբանան, որտեղ էլ հանդիպել են, ամուսնացել ու երեք զավակ ունեցել»։

Հարություն Մխչյանի երեք զավակն էլ ծնվել,  մեծացել են Լիբանանում, բայց բոլորի մեջ ապրել է Հայաստանը։ «Որովհետև հայրս ինքն էր ապրում Հայաստանով»,-ասում  է տիկին Ծովիկը։ Հորից զավակներին փոխանցված նպատակն էր՝  իրենց կրթությամբ, գործունեությամբ ինչ-որ կերպ ծառայել հայ մնալու, հայությունը պահպանելու գաղափարին։

«Ինքը գրեթե ուսում չուներ, միջնակարգ դպրոց էր գնացել։ Ավելի շատ պատկանում էր բանվոր դասակարգին, բայց ինքնաշխատությամբ ուսումնասիրում էր ամբողջ հայկական մամուլն  ու գրականությունը։ Մեզ էլ նույն շնչով է դաստիարակել։

Հորս համար քրիստոնեությունն ու մարդկային որակները ամեն ինչից վեր էին։ Եվ իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի  մեր ծննդավայր Լիբանանում հայապահպանության գործում ունենանք մեր չնչին ներդրումը»։

Տասնամյակներ շարունակ Հարություն Մխչյանն իր զավակներին վարակել էր նաև Հայաստան գալու, կորցրած հայրենիքի փոխարեն նոր հայրենիքում արմատներ գցելու  երազանքով։ 91-ամյա Հարություն պապը չէր դադարում երազել  ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու մասին։

«Նրա երազանքն էր գնալ և տեսնել իր պապենական հողերը։ Դա չիրականացավ, այսօրվա Արևելյան Հայաստանով բավարարվեց ։ Ճակատագիրը նրան  տվեց այդ բախտը։ Անցյալ տարի, երբ արդեն որոշել էինք գալ Հայաստան և հաստատվել այստեղ, հայրս գրեթե անկարող էր շարժվել։ Եվ մենք դիմեցինք Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Նրան փոխանցեցի, որ անկարողության պատճառով հայրիկիս չենք կարող տանել դեսպանատուն անհրաժեշտ կարգավորումներն անելու համար։ Նա մեծ հասկացողություն ցուցաբերեց և օգտակար եղավ»։

Լիբանանյան պատերազմի ժամանակ պայթյունից լսողությունը կորցրած, անդամալուծության հետևանքով  գրեթե անշարժության դատապարտված Հարություն պապին դեսպանատանն ազատեցին թղթաբանական խնդիրները  կարգավորելու համար անձամբ ներկայանալու հոգսից։ Խնդիրը կարգավորվեց շատ արագ, 2019-ի ամռանը Մխչյանների ընտանիքն արդեն Հայաստանում էր։

«Մի քիչ ուշ, բայց լավ է ուշ, քան երբեք,  անցյալ ամառ արդեն հայտնվեցինք Հայաստանում։  Հայրս գրեթե ամբողջությամբ անկարող ու անդամալույծ վիճակում էր։ Երբ երեք ամիս անց եկանք Հայաստան, հայրիկիս քաղաքացիության թիվն արդեն հասել էր այստեղ, համապատասխան մարմիններին»։

Հայաստան տեղափոխվելուց քառասուն օր անց Հարություն պապի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Ընդամենը վեց  օր հիվանդանոցում ապրելուց հետո մահացավ։ Մահվան փաստաթղթերը կարգավորելիս հարազատները պարզեցին, որ նա ՀՀ քաղաքացի էր դարձել մահվանից մեկ օր առաջ։ Որպես ՀՀ քաղաքացի 91-ամյա Հարություն պապն  ապրել էր 24 ժամ։  Գուցե շատ չէ, բայց հարազատները գոհ են, այդուամենայնիվ, հասցրեցին կատարել Հայաստանում ապրելու նրա երազանքը, այն էլ որպես  ՀՀ քաղաքացի, թեկուզև 24 ժամ։

«Երազանքը կատարել ենք, բերել  ենք այստեղ, սայլակի վրա տարել ենք, և նա Երևանի մեջ տեսել է այն, ինչ շատ էր ուզում տեսնել՝ մայրաքաղաքի մեր գեղեցիկ հրապարակը, այգիները, Երևանի 2800-ամյակին նվիրված շատրվանները։ Ինչ որ ցանկացել է տեսնել, այդ բոլոր տեղերում եղել է»։

Հարություն պապն իր աչքերով տեսավ նաև Արարատը, ինչպես տիկին Ծովիկն է բնորոշում, ամեն սփյուռքահայի հոգու խորքում փայփայվող երազանքի տեսարանը։ Եվ, թերևս, ամենակարևորը՝ կատարվեց կյանքը զավակների միջոցով  Հայաստանում շարունակելու, նոր հայրենիքում  շիվեր գցելու՝ Հարություն Մխչյանի երազանքը։

Իսկ ահա Հայաստանում հաստատված Նուրհան Յոսուփովիչը հայրենիքի տեսարժան վայրերին կծանոթանա օրերը տաքանալուց հետո։ Ընդամենը օրեր առաջ, մարտի սկզբին  ՀՀ քաղաքացու անձնագիր ստացավ։ 105 տարեկանում Իտալիայի քաղաքացիության փոխարեն նա նախընտրեց Հայաստանի քաղաքացիությունն ու մշտական բնակությունը հայրենիքում։  105 տարեկան հասակում առաջին անգամ է Հայաստանը տեսնում, ասում է` Հայաստանի մասին լուրերին միշտ է հետևել, սակայն զբաղվածության պատճառով չի հաջողվել գալ. «Մեծ փափագս էր Հայաստան գալը, բայց չէր ըլլար։ Չըլլար, չըլլար, չըլլար, վերջը օգնեցին եկա»։

Նա Հայաստանում ապրում է քրոջ ընտանիքում։ 105-ամյա ճանապարհորդություն դեպի Հայաստան ու նոր կյանք արդեն ՀՀ քաղաքացու անձնագրով։ Առողջություն ու երկար տարիների կյանք մաղթենք Նուրհան պապին, որպեսզի հնարավորինս երկար վայելի իր՝ դարից երկար ձգված երազանքի պտուղը։