Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մարկետներում ամեն ինչ թանկացել ա, գները բարձրացել ա: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ շաքարավազի 1 կիլոգրամը՝ 400 դրամ, մարդ ոչ կարա չայ խմի, ոչ սուրճ խմի: Ինձ հետաքրքիր չի՝ ով կկառավարի երկիրը, ով կլինի վարչապետ կամ նախագահ, ով էլ գա, պարտավոր ա երկրի կյանքը կարգավորի: Ասում են՝ լավ կյանք կա Հայաստան, ոչ մի լավ կյանք էլ չկա, աշխատանք էլ չեն տալիս ժողովրդին: Աշխատանք չունեմ, ինչո՞վ պիտի ապրեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում թանկացումների շուրջ իր մտահոգություններն է հայտնում Վարդանը:
Տիկին Արմենուհին էլ ցավով է արձանագրում՝ Ամանորի նախաշեմին թանկացել են ձուն, կարագը, ձեթը, մսեղենը...
«Շատ ցավալի է, այս վիճակում կարող էին մոտեցումը փոխել մեր արտադրողները»,- կարծիք է հայտնում նա:
Թանկացումների մասին փաստն արձանագրում են ոչ միայն քաղաքացիներ, այլեւ տնտեսագետները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումը պայմանավորում է օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ կբարձրանա նաեւ Հայաստան ներկրվող ապրանքների, այդ թվում՝ նաեւ դեղորայքի գինը: Տնտեսագետը նույնպես թանկացումները պայմանավորում է տարադրամի փոխարժեքի փոփոխությամբ եւ դրամի կտրուկ արժեզրկմամբ: Պարսյանը նաեւ կարծում է՝ դրամի արժեզրկման տեմպը կշարունակվի նաեւ հաջորդ ամիսներին: Ասում է՝ ավելի լուրջ խնդիրներ ունենք դեղագործական ապրանքների մասով. տեղական արտադրություն չունենք, եղածներն էլ չեն բավարարում ընդհանուր պահանջարկը: Մասնավորապես՝ անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնեղ դեղամիջոցների թանկացման միտում է նկատվում, մինչդեռ դրանք օգտագործում են տարիքային բարձր շեմ ունեցող քաղաքացիները: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս պետք է պետությունը լուծի գումարային բալանսավորման խնդիրը:
«Դեղերի գնի բարձրացումը սոցիալապես խոցելի խմբերի համար սոցիալական հետեւանքներ կարող է առաջացնել, եթե հաշվի առնենք, որ նրանց եկամուտները այս տարվա ընթացքում չեն ավելացել և ավելացում էլ նախատեսված չէ: Սոցիալապես խոցելի խմբերի համար պետությունը պետք է ծրագրեր մշակի: Կարող է լինել կենսաթոշակների վերանայում կամ, ասենք, դեղերի սուբսիդավորում եւ այլն»,- ասում է Պարսյանը՝ հավելելով՝ այդպիսի ծրագրերը իրավիճակը կայունացնելու հնարավորություն կտան:
Տնտեսագետն ընդգծում է՝ դրամի արժեզրկումը անխուսափելի է՝ հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների արժույթների արժեզրկումը: «Մենք պետք է այդ արժեզրկումը դարձնեինք կառավարելի եւ մեղմեինք դրա բացասական հետեւանքները: Ցավոք, պետությունը չի նախապատրաստվել, ծրագրեր չունենք»,- ասում է նա:
Զրուցակիցս շեշտում է՝ պետական քաղաքականության, պետական մոտեցման կարիք կա: Սոցիալական եւ առողջապահական ոլորտով զբաղվող գերատեսչությունները չունեն ծրագրեր: Տնտեսագետը լուրջ խնդիրներ է արձանագրում նաեւ տնտեսական մրցակցության առումով: Ասում է՝ Հայաստանում մենաշնորհացման բարձր մակարդակով աչքի է ընկնում նաեւ դեղերի շուկան:
«Իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող դեղատներ շուկան մենաշնորհ են սարքել: Օրինակ՝ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը դարձել է դեղերի շուկայում գին թելադրող, ապրանքների գների բարձրացմամբ եւ իջեցմամբ ամբողջ շուկայում իրավիճակ է փոխում: Մրցակցության դաշտում լուրջ խնդիրներ կա, որոնք տարիներ շարունակ չեն լուծվում»,- ասում է տնտեսագետը:
Լիանա Սարգսյան