կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 11:08
Մշակույթ

Մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախության նվիրյալը. ՀՅԴ ՀԳՄ ցավակցագիրը Ռ. Դավոյանի մահվան կապակցությամբ

Մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախության նվիրյալը. ՀՅԴ ՀԳՄ ցավակցագիրը Ռ. Դավոյանի մահվան կապակցությամբ

82 տարեկանում կյանքից հեռացավ մեր ժամանակների մեծանուն բանաստեղծը՝ Ռազմիկ Դավոյանը։

60-ականներին՝ իր առաջին իսկ հրապարակումներով, Ռազմիկ Դավոյանը փաստեց, որ  գրական ասպարեզ է մտել արեգակնային շռայլության մի բանաստեղծ։ Նա  չէր տեղավորվում Հայրենիք կամ սեր երգող մեզ ծանոթ կարծրատիպերի մեջ, և, այդուհանդերձ, նրա գրիչը բխում էր հայ գրականության ամենազուլալ ու լուսեղեն ակունքներից,  նրա պոեզիան Հայաստան-հայրենիքի հետ նույնացման մանիֆեստ էր ու իր ազնվական արմատին  անմնացորդ երկրպագություն։  

Դեռ Խորհրդային շրջանում Ռազմիկ Դավոյանն ամենաշատ տպագրվող, թարգմանվող, նաև Սփյուռքում հրատարակվող հայ պոետներից էր, սակավ ընտրյալներից  մեկը։ Իր գրական գործունեության  վաթսունամյա ճանապարհին Ռ. Դավոյանը ստեղծագործել է գրա­կան տարբեր ժանրերում, ունեցել քառասունն անցնող հրատարակություններ և ամենուր մնացել «մեր ամեն ցավերն իր ուսին առած»  փիլիսոփա-պոետ։ 

Ռազմիկ Դավոյան մեծ բանաստեղծին զուգահեռ, մեր կողքին ապրեց Հայրենիքի անկախության նվիրյալը, քաղաքացին, մտավորականը, դաշնակցականը, որը երբեք չդավաճանեց իր հավատամքին, սկզբունքներին, սեփական ճշմարտությանը։ 

Երբեք չճկվեց ու չնահանջեց մեր ցավը ճանաչող և այդ ցավով ապրող պոետը. այդ ցավից ու տագնապներից ծնվեց նրա հրապարակախոսությունը։ Նա հավատարիմ մնաց  գրող-քաղաքացու՝ Ճանապարհ  ցույց տվողի իր առաքելությանը։

Ռ. Դավոյանը նախ և առաջ ԲԱՆԱՍՏԵՂԾ է, մեր մեծ ժամանակակիցը, և նրա գրականությունը նրան արդեն դարձրել է  հավերժի ճամփորդ: 

Ցավակցում ենք Ռ. Դավոյանի ընտանիքին, հարազատներին, ընթերցողներին։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

12.01.2022 թ.