Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Մահիր Օզքան
Սերգեյ Վարդանյանը, 1970-ական թթ․ ի վեր, համշենցիներին հայտնի է որպես հայաստանցի գիտնական և լրագրող։ 1990-ական թվականներից հետո նա նաև հնարավորություն ունեցավ համշենցիներին ուսումնասիրել Թուրքիայում։
Կորցրեցինք մի առաջամարտիկ և աշխատասեր գիտնականի, ով հայտնի էր իր կատակային «Համշենի իշխան» մականունով։ Համշենի լեզուն, մշակույթը և պատմությունը ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու համար անհնար է չհանդիպել Սերգեյ Վարդանյանին։ Մեզ համար, բացի մեր մուսուլման համշենցի ազգականներից, ովքեր Խորհրդային Միության հաստատումից հետո մնացել էին ներսում՝ Համշենում (ինչ-ինչ պատճառներով սահմանի մյուս կողմը համշենցիների շրջանում «դրսում» բառի փոխարեն գործածվում է «ներսում» բառը), խորհրդային տարածքի համշենցիները, այսինքն՝ քրիստոնյա համշենցիները, այդքան էլ հայտնի չէին։ Հայաստանում թե՛ Բաթումից Ղրղզստան և Ղազախստան աքսորված մուսուլման համշենցիները, թե՛ Աբխազիայի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող քրիստոնյա համշենցիները անհայտ էին նեղ ակադեմիական շրջանակից դուրս։ 1970-ական թ․ ի վեր Սերգեյ Վարդանյանը, որպես գիտնական և լրագրող, համշենցիներին հայտնի դարձրեց Հայաստանում։ 1990-ական թվականներից հետո նա հնարավորություն ունեցավ համշենցիներին ուսումնասիրել նաև Թուրքիայում։
«Ձայն Համշենական»
«Ձայն Համշենականը» կարող է համարվել աշխարհի ամենահետաքրքիր թերթերից մեկը։ Պատկերացրեք մի թերթ, որը հրատարակվում է մեկ անձի հսկայական ջանքերի շնորհիվ, որտեղ կարող եք հանդիպել չորս լեզվի։ 70-ականներին, երբ Վարդանյանը հանդիպեց Աբխազիայում ապրող քրիստոնյա համշենցիներին, շրջեց Աբխազիայում գյուղից գյուղ և կազմեց ժողովածուներ ու հարցազրույցներ բազմաթիվ թեմաներով, ինչպիսիք են ժողովրդական երգերը, աֆորիզմները, ասացվածքները, ավանդույթները և սովորույթների մասին պատմությունները, հեքիաթները, օրորոցայինները։ Նյութեր կուտակելուն զուգընթաց նա որոշեց հրատարակել պարբերական՝ մտածելով, որ մարդիկ լավ ծանոթ չեն համշենցիներին։ Այսպիսով, ի հայտ եկավ «Ձայն Համշենականը» (Իրականում թերթը հիմնել է «Համշեն» հայրենակցական միությունը, որ գործում է Երևանում, իսկ հրատարակությունը ֆինանսավորել է ՀՅԴ կուսակցությունը-Ակունքի խմբագրություն)։ Թերթում հնարավոր էր գտնել հոդվածներ ռուսերեն, հայերեն, համշենական ժողովածուներ, իսկ երբեմն՝ համշենական ժողովրդական երգեր թուրքերեն-համշեներեն լեզուներով։ Որոշ ժամանակ անց թերթում սկսեցին ներառվել ոչ միայն Աբխազիայի համշենցիներից, այլև աքսորված համշենցիներից և Թուրքիայի համշենցիներից հավաքված նյութեր։ Ամսաթերթը շարունակեց հրատարակվել մինչև վերջին տարիները, 2 ամիսը մեկ պարբերականությամբ։ Այն չէր անտեսում թերթի հին համարները կազմելու և գրքի տեսքով հրատարակելու հնարավորությունը։
Համշենի թանգարան
Վարդանյանը միայն բառեր չէ, որ հավաքում էր իր այցելած վայրերում։ Նա նաև ժողովում էր առարկաներ։ Նա հավաքում էր համշենցիներին վերաբերող կենցաղային իրեր, գյուղատնտեսական սարքավորումներ, հագուստ, պատմական փաստաթղթեր և ձեռագրեր։ Նա ցանկանում էր բացել համշենական թանգարան՝ այս նյութերը ցուցադրելու համար։ Որոշ փորձեր արեց դրա համար։ Մեծ ջանքերի արդյունքում նրան հաջողվեց տեղ գտնել թանգարանի համար։ Սակայն, ցավոք, այս հատկացումը երկար չտևեց։ Վարդանյանը բոլոր նյութերը տեղափոխեց իր տուն և, չնայած կնոջ դիմադրությանը, իր տան մի սենյակը վերածեց Համշենի թանգարանի։ Հուսով եմ, որ նրա մահից հետո գոնե այս մասը կարող է օգտագործվել որպես թանգարան։
Սուր հումոր ունեցող բանահավաքը
Վարդանյանը 1978-1982 թթ․ անգլերեն լեզվով հրատարակել է ժողովրդական հեքիաթներ, որոնք հավաքել էր Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի, Նախիջևանի, Աբխազիայի, Վրաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներից՝ «Փրկված հեքիաթներ» վերնագրով։ ժողովածուներում ներառված ժողովրդական հեքիաթներից բացի, նա նաև գրել է բազմաթիվ հեքիաթներ։ Նրա որոշ հեքիաթներ օգտագործվել են որպես ուսումնական նյութ դպրոցական դասագրքերում։ Վարդանյանի բանահավաք անհատականությունը արտացոլվում էր նաև նրա առօրյա կյանքում և հարաբերություններում։ Նույնիսկ եթե նրա հետ մեկ ժամ անցկացնեիք, կարող էիք նկատել նրա՝ հետաքրքիր պատմելու ձիրքը և իրադարձություններն ընկալելու սուր միտքն ու հումորը։ Նա ուներ այնպիսի խառնվածք, որ առօրյա իրադարձությունները վերածում էր զվարճալի պատմությունների։
Տեղեկատվական գրքեր
Սերգեյ Վարդանյանը թողել է գրքեր, որոնք Համշենի հետազոտության տեղեկատու աղբյուրներ են։ Իր «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը եվ երգարվեստը» գրքում նա համեմատել է Համշեն հայերենը արևելահայերենի հետ, ձայնագրել համշենյան երգերն իրենց նոտաներով և համշենյան բառարան ներառել։ Իր «Բանահյուսական պատումի միջավայրը» գրքում նա կենտրոնացել է պատմության և ինքնության խնդիրների վրա և ընդգրկել բազմաթիվ շարադրված պատմություններ։ Բացի այդ, նա ուներ մեկ այլ գիրք ևս՝ «Տրապիզոնի գավառը և Համշենը»։ Մինչ իր մահը նա հրատարակեց մատենագիտական գիրք, որը պարունակում էր իր սեփական հրատարակությունները։ Բացի իր Համշենի ստեղծագործություններից, նա ունի ևս երկու գիրք՝ «Հայաստանի մայրաքաղաքները» և «Հայոց մայրաքաղաքները» վերնագրերով։
Տեսակի մեջ միակն ու անկրկնելին
Վարդանյանը այն մարդկանցից էր, որոնց անվանում են անկրկնելի։ Նա ուներ մտածելակերպի յուրահատուկ ձև։ Մի կողմից շատ զայրացկոտ և արագ բռնկվող լինելով հանդերձ, նա նաև համբերատար բանավիճող էր։ Այնուամենայնիվ, նա կարող էր արագ անցնել հումորի նույնիսկ խոշոր վեճերից հետո։ Մի կողմից նա ճկուն էր բազմաթիվ հարցերում, բայց չափազանց մանրակրկիտ էր լեզվական հարցերի մեջ և շատ զգույշ էր համոզվելու հարցում։ Նա կարող էր տասը հարց տալ մեկ բառի վերաբերյալ։ «Ինչպե՞ս է ասվում այս բառը»։ «Բոլորն այսպե՞ս են ասում»։ «Կա՞ արդյոք այլ տարբերակ»։ «Կարո՞ղ եմ այսպես ասել»։ Յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր զրույց ինչ-որ կերպ կապված կլիներ այս հարցերի հետ, և մենք կկորչեինք բառերի մեջ։ Նա ամեն ինչ անում էր իր ուժերի սահմաններում, որպեսզի ոչ մի հնչյուն սխալ չգրանցվի։
Հավերժացնելու համար
Սերգեյ Վարդանյանը ցանկանում էր, որ իր աշխատանքները հրատարակվեն Թուրքիայում և հասնեն Թուրքիայի համշենցիներին։ Նրա աշխատանքները իսկապես արժեքավոր ուսումնասիրություններ են այս ոլորտում։ Հուսով եմ՝ կկարողանանք իր հիշատակը հավերժացնելու համար ներկայացնել այն թուրքերեն գրքերը, որոնք նա ուզում էր տեսնել կենդանության օրոք։
https://www.agos.com.tr/tr/yazi/33806/hemsinin-son-prensi-sergey-vardanyan
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
www.akunq.net