Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Հայրենադարձությունը՝ նպատակ։ «Ապառաժ»-ի խմբագիր Հ․Շինդյանի զրույցը սիրիահայ ազգային գործիչ, մտավորական, լրագրող Նայիրի Մկրտիչյանի հետ է։
Նայիրին Սիրիայի Քամիշլի քաղաքից է, Քամիշլիում վարել է տարբեր ազգային պաշտոններ՝ ՀՅԴ պատանեկան միության վարիչ եւ դաստիարակ. Համազգային հայ կրթական եւ մշակութային միության վարչության, ապա շրջանային վարչության անդամ, Սիրիայի Հայ դատի կենտրոնական հանձնախմբի անդամ:
2001թ-ին ավարտել է Բեյրութի «Համազգայինի հայագիտական հիմնարկի» «Լեզու եւ գրականություն» բաժինը։ Ավարտելուց հետո՝ տեղափոխվել է Հայաստան, մագիստրատուրայում ուսանելու համար.
— Գլխավոր նպատակս Հայաստանի մեջ հաստատվելն էր եւ այդ պատկանելիության զգացումի հաճույքը վայելելն էր հայրենիքում։ Այցելությանս ընթացքում զգացի այդ պատկանելությունը եւ հասկացա, որ իմ ճիշտ տեղս Հայաստանում է։
Դրա համար, թեեւ ուսման ծարավ միշտ ունեմ, սակայն այն ավելի շատ պատրվակ էր, միջոց, որպեսզի ես գամ եւ ապրեմ Հայաստանում։ Հայաստանում հաստատվելով, մասնագիտությունս այնպիսինն էր՝ կրթության կառավարում, արեւմտահայերեն, մանկավարժություն, հետագայում նաեւ գրաֆիկ դիզայն, որոնք իրար միացնելով՝ նպատակս էր Հայրենիքից ծառայել Սփյուռքին, հատկապես շեշտը դնելով արեւմտահայերենի պահպանման վրա։
Այդ նպատակով ստեղծեցինք «Եռագույն» արեւմտահայերեն առաջին կայքը, դրանից առաջ կային արեւմտահայերեն կայքեր, որոնք իրենց մեջ կտեղադրեին միայն տվյալ տպված թերթի տեղեկությունները, բայց «Եռագույն»-ը, որ 2012-ին հիմնեցինք՝ առաջին լրատվական կայքն էր արեւմտահայերենով եւ չուներ տպագիր տարբերակ։ Վստահությամբ կարող եմ ասել, որ առաջին յոթ տարիներին այն լրատվական աղբյուրների կամուրջ հանդիսացավ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Սփյուռքի լուրերը հայկական լրատվամիջոցները մեր կայքից էին վերցնում եւ երբ Հայաստանյան լուրերը արեւմտահայերենով «Եռագույն»-ում էինք հրապարակում՝ Սփյուռքի թերթերը արտատպում էին դրանք։
Հետո ստեղծեցի «Հայկաշխարհ» կայքը, որը մանկապատանեկան, նաեւ բարձր տարիքի երեխաների կրթական ուսուցողական, համապարփակ արեւմտահայերեն կայք է։ Հիմնական շեշտս դրեցի Սփյուռքի դպրոցներին օգտակար լինելուն, տեղադրեցինք դպրոցական տարիքի երեխաներին հետաքրքրող նյութեր, ավելի ուշ ստեղծեցինք նաեւ յութուբյան ալիք, որտեղ տեղադրեցինք տեսանյութեր «Հայկաշխարհ»-ի կողմից պատրաստված, տեղադրվել են դասագրքերից արված տեսանյութեր, կրոնական եւ ազգային տոների մասին նյութեր, ընդհանուր հայկակական մշակութային կյանքի շուրջ գիտելիքներ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը ՀՕՄ-ի Արեւելյան ԱՄՆ-ի շրջանային վարչության եւ Կանադայի Ազգային առաջնորդարանի եւ երկրորդ տարին է արդեն, Արեւելյան Ամերիկայի Համազգայինի շրջանային վարչության հետ է։
-Նայիրի Մկրտիչյանը հայրենիքի հանդեպ իր նվիրվածությունն ու սերը ստացել է իր հորից, ով տարիներ շարունակ Քամիշլիում եղել է ազգային կրթությանը նվիրված գործիչ։ Արցախյան պատերազմների ժամանակ Նայիրին իր նվիրվածությամբ եւ աշխատանքով տեղահանված արցախցիների կողքին էր, տարբեր նախաձեռնություններով բազմաթիվ օժանդակություններ է տրամադրել արցախցիներին։
-Որեւէ նորմալ հայ Արցախն ու արցախցիների խնդիրը իրենը պետք է համարի։ «Եռագույն»-ի միջոցով Քամիշլիի հայ համայնքի համար, նաեւ սիրիահայ մեր հայրենակիցների եւ արցախցիների համար դրամահավաքներ ենք կազմակերպել։ Արցախի պատերազմի ժամանակ եւ տեղահանությունից հետո՝ «Եռագույն»-ը կրկին ծառայեց այդ նպատակին։
Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեզ վստահեցին մեծ թվով անհատներ եւ կազմակերպություններ՝ արցախահայությանն աջակցելու համար։ Նախ, սկսեցինք առաջին անհրաժեշտության իրեր տրամադրել, վերմակներ տրամադրելու ծրագիրը մեկնարկեցինք, որը բավական արձագանք ստացավ, տարբեր կազմակերությունների եւ անհատների աջակցությամբ հազարից ավելի վերմակներ ենք տրամադրել տեղահանված արցախցիներին։ Նաեւ ավելի կենտրոնացել ենք այն ծրագրերի վրա, որոնք հիմնական եկամուտ կարող էին ապահովել տեղահանվածների համար։ Կային արցախցիներ, որ իրենց աշխատանքն ունեին, արհեստը ունեին, որոնք իրենց գործը սկսելու համար փոքր գումարի կարիք ունեին, որպեսզի իրենց այդ աշխատանքը, գիտելիքն ի գործ դնեն, որպեսզի կարողանան այն վերածել հասութաբեր ծրագրի եւ կարողանան գոյատեւել, այսպես կարողացանք նաեւ այդ աջակցությունների շնորհիվ բավական մեծ թվով պարագաներ տրամադրել, որոնք օգնեցին մարդկանց ունենալ աշխատանք եւ եկամուտ ապահովել։
Նայիրի Մկրտիչյանը նախաձեռնել է նաեւ Արցախի մասին գրքերի հրատարակչություն, որպեսզի տարբեր երկներում ապրող հայ սերունդները շարունակեն ճանաչել Արցախը եւ իրենցը համարեն այն։
-Արեւելյան ԱՄՆ-ի ՀՕՄ-ի Շրջանային վարչությունից առաջարկ ստացա, անմիջապես միտքս եկավ «Արցախը Մերն է…» վերնագիրը, շեշտը դնելով ՄԵՐ-ի վրա եւ պետք էր բովանդակության մեջ ընդգրկվեր այնպիսի գիտելիքներ, որ Արցախի մասին ամբողջական պատկերացում կազմեն փոքրիկ ընթերցողները։ Իսկ ինչպես այն պետք է մատուցել, մանավանդ Ամերիկայի մեջ ապրող փոքրիկներին, որպեսզի այն ավելի մատչելի լինի։ Արցախի քարտեզը, որպես կերպար վերցրեցի, եւ ներկայացրեցի երկխոսությամբ, որը երեխաների եւ «Արցախ»-ի միջեւ է ընթանում. երեխաներն «Արցախ»-ին են ուղղում իրենց հետաքրքրող հարցերը, վերջինս էլ պատմում է իր՝ պատմության, բնության, եկեղեցիների, զինանշանի, շրջանների եւ կարեւոր վայրերի մասին։
Գրքի կազմի առաջին էջի վրա ներկայացված է Արցախի «Մենք ենք մեր Սարերը» հուշարձանի թեք նկարը, որ երեխաները փորձում են ուղղել, քանի որ Արցախը շրջափակման մեջ էր եւ պետք է խախտված լինի եւ փոքրիկները փորձում են ուղղել, իսկ ինչպես կարող են այն ուղղել, իհարկե, Արցախի պատմությունն իմանալով, որը սովորելուց հետո՝ վերջին էջով արդեն, երեխաները Արցախը կցում են Հայաստանի Հանրապետությանը։
Հույսով ենք, որ նորաոճ, նկարազարդ եւ տեղեկություններով հարուստ այս գիրքը գրավում է մեր երեխաներին, նպաստում ինքնության պահպանմանը։
Ի պատիվ Արեւելյանի ՀՕՄ-ի՝ գիրքը տպագրվեց շատ լավ որակի եւ վերջերս Բոստոնի մեջ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, դարձյալ Արեւելյան ՀՕՄ-ի շրջանային վարչության նախաձեռնությամբ եւ ուրախ եմ, որ արձագանքը լավ էր ու կարծիքները՝ դրական։
Այժմ, իմ նախաձեռնությամբ, այդ գրքի տեղեկություններով սեղանի խաղ ենք պատրաստել, որը ընդգրկում է 36 հարց, փոքրիկներն այդ հարցերն իրար ուղղելով խաղի միջոցով ավելի կամրապնդեն նախ գիտելիքը եւ չնայած, այո՛ հիմա, տեխնոլոգիաների դար է, սակայն գիրքը մնայուն արժեք է եւ իր տեղն ունի մեր կյանքում եւ փոքրիկներն այդ խաղերի միջոցով նաեւ դա ենք փորձում մատուցել։
—Նայիրի Մկրտիչյանը Սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանն ուղղված բավական աշխատանք ունի տարած, եղել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» կայքի խմբագիրը։ Որքանո՞վ է Հայաստանը օգտվում Սփյուռքի ներուժից, որքանո՞վ է Սփյուռքն ընդգրկված Հայաստանի պետականության զարգացման գործընթացում։
-ՀՀ Սփյուռքի նախարարություն մտա հիմնադրության օրվանից՝ Կանադայի «Հորիզոն» պաշտոնաթերթի շնորհիվ, որի թղթակիցն եմ Հայաստանում երկար տարիներ, եւ առաջին հարցազրույցը՝ Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը «Հորիզոն»-ի թղթակցիս տվավ։ Այդ ընթացքում ՄԱԿ-ի ծրագիրը կար, որ Սփյուռքից որոշ անհատներ կարող են դիմել օգնելու նախարարության կայացման գործին, ինձ առաջարկեցին դիմել, դիմեցի եւ Սփյուռքի նախարարության կայացման օրվանից այնտեղ էի։ Նախ, մոտավոր երկու տարի աշխատեցի որպես նախարարի օգնական, փորձագետ՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության մեջ։ Հետո «Հայերն այսօր»-ի խմբագիր, իսկ ավելի ուշ համահայկական եւ միջազգային եկեղեցական կառույցների վարչության պետ։
Պետք է ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը, հիմնադրության օրվանից մինչեւ փակվելը, հսկայական դեր խաղաց Սփյուռքի միացման գործում, բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները մեկ սեղանի շուրջ էին, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ դա հաջողվեց Սփյուռքի նախարարության եւ նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհիվ։ Հատկանշական է համահայկական ժողովները, որ կազմակերպվում էին, որին ավելի քան 1000 հոգի էին մասնակցում, եւ միայն այդ հանդիպումը, շփումը, այդ միասնությունը, որ ստեղծվում էր՝ շատ ողջունելի էր։
Սփյուռքի ներուժը օգտագործվում էր նաեւ մասնագիտական առումով, տարբեր մասնագիտական կառույցներ էին ստեղծվել, հսկայական աշխատանք էր տարվում, բայց շատ քիչ էր խոսվում։ Հիմա կատարվում է ճիշտ հակառակը՝ ՀՀ Սփյուռքի ներկա գրասենյակի միջոցով ամեն ջանք թափում են պառակտելու Սփյուռքը, շատ լուրջ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։
Այսօր, Սինանյանն ամեն տեղ մերժված է, իսկ մինչ օրս Սփյուռքի առաջին եւ վերջին նախարարը՝ տիկին Հակոբյանը, երբ որ համայնքներ է այցելում՝ մեծ հարգանքի եւ ընդունելիության է արժանանում։ Սա, արդեն խոսում է այն մասին, թե մենք ուր էինք, եւ ուր հասանք։
-Սփյուռքում հայապահպանության հարցում մեծ դեր ունի հայ եկեղեցին․ այսօր հայ եկեղեցու դեմ ընդվզումը, որպես Սփյուռքահայ մտավորական ինչպե՞ս կմեկնաբանեք․
— Այս իշխանությունները բոլոր միջոցներին դիմում են կազմաքանդելու, պառակտելու, ոչնչացնելու Հայաստանը եւ շատ լավ գիտենք, որ նրա հիմնասյուներից մեկը Սփյուռքն է, իսկ Սփյուռքի մեր համայնքները, երբ որ կազմավորվել են նախ եւ առաջ ստեղծել են եկեղեցին, եւ նրա կողքին դպրոցը։ Այս իշխանությունը շատ լավ գիտի դա եւ Սփյուռքը պառակտելու, կազմաքանդելու ձեւերից մեկն էլ եկեղեցուն հարվածելն է։ Այժմ սկսել է Հայաստանից, որպեսզի այդ ալիքը տարածվի Սփյուռքի մեջ, եթե այս բոլորը զորավոր հակադարձություն չստանա՝ շարունակվելու է։
Բարեբախտաբար, մենք տեսնում ենք մեր համայնքներից, եկեղեցիներից արձագանքներ։ Իրենց բոլոր ծրագրերից մեկն է, ինչպես Արցախը հայաթափեցին, որպեսզի Հայաստանը տկարանա, փոքրանա, բանակը թուլանա, ամեն ձեւ փորձում են հարվածել՝ երկիրն ու ազգը ոչնչացնելու, գիտակցելով, որ եկեղեցին այս ազգի, երկրի Սփյուռքի գոյության հիմնասյուներից է, հիմա էլ թիրախը դարձրել են եկեղեցին։ Բնականաբար, մենք որպես հայ ժողովուրդ պետք է կարողանանք, իսկապես, միասնական լինենք եւ դիմադրենք այս չարիքին։
—Հայաստանն այսօր լուրջ ժողովրդագրական խնդիր ունի եւ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մեր հայրենակիցները Հայրենիքում մնան։ Սիրիական պատերազմի հետեւանքով բազմաթիվ հայեր եկան Հայաստան, սակայն չկարողանալով գործել Հայաստանում՝ արտագաղթեցին Եվրոպա, Ամերիկա, Արցախի տեղահանությունից հետո եւս ՀՀ իշխանությունները անհրաժեշտ քայլերը չեն ձեռնարկում, որպեսզի Արցախի ժողովուրդը մնա հայրենիքում։
-Նախ եկան իրաքահայերը, այդ ժամանակ Սփյուռքի նախարարություն չկար, պայմաններ չստեղծվեցին, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Ի պատիվ Սփյուռքի նախարարության, երբ որ սիրիահայերը եկան Հայաստան, Սփյուռքի նախարարությունը մեծ աշխատանք տարավ սիրիահայերին այստեղ պահելու, պետական բյուջեի շատ չնչին հատկացումով, ես ավելի շատ այդ թիկունքը, որ այդ պահին տրվեց՝ կվերագրեմ ոչ թե այդ պահի իշխանության, այլ Սփյուռքի նախարարության, որը համառ պայքարում էր սիրիահայերի իրավունքների պաշտպանության համար, նախարարը փոքր բյուջեով փորձեց ամեն ինչ անել, որ սիրիահայերն ունենան տան վարձ, անվճար բուժօգնություն, անվճար կրթություն ստանան, եւ տարբեր համահայկական միություններ եւ հիմնադրամներ աջակցեցին նրան այդ հարցում։
Շատ լավ հիշում եմ, որ օրվա նախագահ Սերժ Սարգսյանին մի խումբ սիրիահայերից առաջարկ եղավ՝ սիրիահայության համար թաղամաս կառուցելու, դեռեւես պատերազմը չէր սկսվել, բայց կանխատեսվում էր, դժբախտաբար, մերժվեցին նախագահի կողմից։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն կար, որ իշխանությունները չեն ուզում սիրիահայերը մնան Հայաստանում, բայց Սփյուռքի նախարարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի մնան։
Ինչ վերաբերվում է տեղահանված արցախահայությանը՝ ՀՀ իշխանությունները գրեթե ոչինչ արեցին, որպես իշխանություն, որպեսզի արցախցին կարողանա մնա Հայաստանում։
Շփվելով հազարավոր արցախցիների հետ ես կարող եմ ասել, թե նրանք որքան ցավով են հեռանում Ռուսաստան կամ այլ երկներ՝ օրվա հացը վաստակելու համար։
Եւ, առավել քան վստահ եմ՝ եթե հիմա Արցախն անվտանգ լինի, եթե իմանան, որ վերադառնան չեն սպանվելու, պարզապես, բոլորը կվերադառնան իրենց տները եւ դարձյալ կարարեն։
Ես ուղղակի հիացած եմ Արցախի ժողովրդի տեսակով, բնականաբար, բացառություններ ամեն ժողովրդի մեջ կա, բայց հավաքական իմաստով արցախցիների մասին իմ ձեւավորված կարծիքը հետեւյալն է ՝ անկոտրում, հողին կառչած, չտրտնջացող, արարող, ստեղծագործ, նտակասլաց, հետեւաբար, այս ժողովրդին հնարավոր չէ կոտրել։
Շրջափակման մեջ մնալուց հետո, Արցախից բռնի տեղահանվելով Հայաստան հասան, Պռոշյան համայնքի մեջ տեսա նրանց, ուղղակի հիացա նրանց տեսակի վրա, ես վախենում էի ինչպես պետք է նայեմ նրանց աչքերին, բայց իրենք մեզ ուժ էին տալիս։ Հանդիպեցի մարդու ում թոռան ճակատագիրն անհայտ էր եւ այնպիսի ուժով եւ բնական էր համարում դա, որ այո՛, արցախցին պետք է կռվի Արցախի համար, եւ դա բնական էր։ Արցախցիների հասցեին որեւէ բացասական կարծիք ինձ հունից հանում է, ինձ համար ցավալի է, որ ասում են արցախցին չի կռվել, դա անընդունելի է, ինը ամիս շրջափակման մեջ լինելով նրանք չկոտրվեցին։
Իշխանությունն արհեստական դժվարություններ է ստեղծում, բոլոր միջոցներով ճնշում են, որ թողնեն հեռանան Հայաստանից։
-Նայիրի Մկրտիչյանը համահայկական միասնության կոչ հղեց՝ Արցախի հավաքականությունը պահելու համար։
— Ինձ համար շատ խորթ է, երբեմն լսում եմ արտահայտություններ, որ ներկա իշխանության ժամանակ ես Հայաստան չեմ գալու, կամ տուն չեմ առնելու, սա հայրենասիրությունից հեռու գաղափար է, իշխանությանն արժեք տալու գաղափար է, եւ եթե ես պատկանելիության զգացում ունեմ, ճիշտ հիմա է ժամանակը՝ գոնե տուն ունենամ Հայաստանի մեջ, որպեսզի տարվա մեջ մեկ անգամ գոնե Հայաստան այցելեմ։
Սփյուռքը պետք է ամեն ինչ անի՝ Արցախի հավաքականությունը պահելու համար, պետական ինստիտուտները, Արցախի միությունները, կառույցները, թերթերը, բոլորս միասնականությամբ պետք է աջակցենք, որպեսզի նրանք մնան եւ հավատան, որ իրենք այդ նույն կառույցներով պիտի վերադառնան Արցախ, միայն այդ հավատքն է, հույսն է աջակցությունն է, որ մեզ ուժ է տալիս գոյատեւելու եւ մեր նպատակին հասնելու։