կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-08 13:15
Հասարակություն

Ուսանողության 70 տոկոսին դասախոսությունները լրիվ բավարարում են. ԿԳՆ-ն հետազոտություն է իրականացրել

Ուսանողության 70 տոկոսին դասախոսությունները լրիվ բավարարում են. ԿԳՆ-ն հետազոտություն է իրականացրել

ՀՀ ԿԳՆ-ն կատարել է ուսումնասիրություն` «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտություն» խորագրով, որի առաջին` «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» մասն արդեն պատրաստ է:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հետազոտության միջոցով այսօրվա ուսանողի բնութագիրն են փորձել պարզել, ընդ որում` Հայաստանում առաջին անգամ է ազգային հետազոտություն անցկացվել` ուսանողի կերպարը բացահայտելու համար:

Հարցումն իրականացվել է Երևանի` բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող 1221 ուսանողի շրջանում: Հետազոտման առաջին հարցերից մեկն է, թե որքանո՞վ է ուսանողը տեղեկացված Բոլոնյան գործընթացի վերաբերյալ: Արդյունքում` ուսանողների 41 տոկոսը /2013-ին արձանագրված 32 տոկոսի փոխարեն/ պատասխանել է, որ լավատեղյակ կամ բավարար չափով տեղյակ է, իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային համակարգը, տեղյակ է ուսանողների 73 տոկոսը: Աշոտյանի հավաստմամբ` հայ ուսանողի` Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ իմացությունը միջին եվրոպականից ավելի բարձր է:

Ուշագրավ է, որ ուսանողների կեսը մասնագիտական առարկաների վերաբերյալ գիտելիքները եզրափակում է դասախոսություններով` մասնագիտական գրքեր այդպես էլ չընթերցելով: Ավելին,` ուսանողների 70 տոկոսն ասել է, որ դասախոսությունները լիովին բավարարում են` տվյալ առարկայի քննությունը ստանալու համար:

«Կրթության որակի հետ կապված` այս ցուցանիշները մեզ համար աշխատելու նոր ճակատ են բացում, քանի որ ուսանողների համար լրացուցիչ ինֆորմացիա ստանալու մոտիվացիան ձևավորված չէ: Սովետական մտածելակերպ է, եթե կարծում են, որ նախարարը, նախարարությունը կամ ռեկտորը պետք է հրահանգի, որ ուսանողը սովորի: Մենք պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք, իսկ ուսանողն էլ, իր հերթին, պետք է ձգտում ունենա»,- ասաց նախարարը:

Եվս մեկ ուշադրության արժանի տվյալ` ուսանողների ընդամենը 5 տոկոսն ունի օտար լեզուների իմացության միջազգային որևէ սերտիֆիկատ: Ուսանողների 65 տոկոսը միայն տիրապետում է ռուսերենին` գերազանց կամ բավարար մակարդակով, իսկ անգլերենին` 42 տոկոսը:

Ի դեպ, զգալիորեն աճել է ուսանողների` նախարարության հետ շփումը, ինչը, ըստ Աշոտյանի, մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: «Սա նշանակում է, որ նախարարությունն ուսանողի համար ավելի վստահելի օղակ է, ինչը դրական է մեզ համար, սակայն, մյուս կողմից, մենք չենք ուզում վերմակը միայն մեզ վրա քաշել, քանի որ սա փաստում է այն մասին, որ խնդիրների մեծ մասը բուհում չեն լուծվում, և ուսանողը դիմում է մեզ: Ուստի, մենք արդեն հրահանգել ենք բուհի ռեկտորներին քայլեր ձեռնարկել այս առումով, քանի որ ուսանողները մեզ դիմում են խնդիրներով, որոնք պետք է լուծվեն բուհի մակարդակով»,- նշեց նախարարը: