|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ գիտության, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ԲՀԿ և ՕԵԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Վահան Բաբայանի, Միքայել Մելքումյանի, Հեղինե Բիշարյանի եւ Էլինար Վարդանյանի մշակած օրենսդրական նախաձեռնությունը, որն առաջարկում է Հայաստանի Հանրապետության «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարել, և նոյեմբերի 17-ը նշել որպես ուսանողի օր:
Վահե Էնֆիաջյանը, հիմնավորելով այդ առաջարկությունը, նշեց, որ նոյեմբերի 17-ը միջազգային հանրությունը նշում է որպես Ուսանողների միջազգային օր: Ուսանողները երիտասարդության ամենադինամիկ մասն են: Գիտելիքի, պետության կրթական համակարգի ապագա հենասյուները հենց ուսանողներն են, որոնք իրենց նպաստն են ունենում պետականության եւ հասարակության կայացման գործում: Ըստ պատգամավորի` սույս օրենսդրական նախագծի ընդունման դեպքում ուսանողների դերն ու կշիռը պետական եւ հասարակական կյանքում կկարեւորվի:
«Միջազգային փորձն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ շատ երկրներ արդեն իսկ օրենսդրական մակարդակով կանոնակարգել են այս հարցը: Վստահորեն կարելի է ասել, որ մեր երկրի տոնացույցում ուսանողների օր ունենալը ոգեւորություն կհաղորդի ուսանողներին եւ, առհասարակ, հասարակությանը: Հաշվի առնելով վերոնշյալ կարեւոր փաստերը` վստահ ենք, որ, օրինագծի ընդունմամբ, ուսանողը եւս մեկ անգամ կզգա, որ միայնակ չէ, եւ որ պետությունն իր կողքին է, իսկ տոնացույցում ուսանողների օր ունենալու հանգամանքը եւս մեկ անգամ կդառնա դրա ապացույցը»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ հարցումներ են անցկացվել ուսանողների շրջանում, ինքը՝ պատգամավորը, հանդիպել է Վեհափառի հետ: Վահե Էնֆիաջյանը նշեց, որ մեկ տարով այդ օրենքի նախագիծը հետաձգվել է, որի ընթացքում ինքը ոչ մի առաջարկ չի ստացել:
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը կարծիք հայտնեց, որ այնքան էլ ճիշտ չէ առանձին ունենալ երիտասարդության օր և ուսանողների օր: Պատգամավորը կողմնակից է, որ ուսանողության օր հռչակվի մայր բուհի՝ ԵՊՀ-ի հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը: Նշենք, որ այդ առաջարկը ներկայացրել է կրթության և գիտության նախարարությունը:
ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը դեմ էր, որ ուսանողության և երիտասարդության օրը համընկնի միջազգային օրվա հետ, ոչ էլ համաձայն էր, որ ԵՊՀ-ի հիմադրման օրը հռչակվի ուսանողության օր, որովհետև երիտասարդության մի ստվար զանգված չի սովորում համալսարանում, ուստի այն չպետք է կապել բուհի հիմնադրման օրվա հետ:
Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ եթե մայր բուհի հետ պետք է կապվի այդ օրը, ուրեմն մայր բուհից առաջ հայ ժողովուրդն ավելի հզոր պատմական ուսումնական հաստատություններ, համալսարաններ է ունեցել: Վահե Էնֆիաջյանը տարակուսեց. «Ինչո՞ւ միջազգային օրը դնենք մի կողմ, վերցնենք մայր բուհի հիմնադրման օրը: Մանավանդ, որ ցավով եմ նշում` մեր մայր բուհն աշխարհի առաջատար հինգ հարյուր բուհերի ցանկը չի էլ մտնում»:
Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Կոռուպցիայի առումով, ինչո՞ւ չէ, մայր բուհը լավ էլ առաջատար դիրքերում է»:
Հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը գովեց մայր բուհի դերը հայ ժողովրդի կյանքում, և կողմնակից էր ուսանողության օրը մայիսի 16-ին՝ մայր բուհի հիմնադրման օրը նշելուն:
Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ գերադասում է այն տոնացույցը, որը կապված է ազգային ակունքների ու հայոց պատմության հետ, այսինքն` ցանկանում է, որ ուսանողության օրը նշվի մայր բուհի՝ ԵՊՀ-ի հիմնադրման օրը: «Դա նաև հոգեբանական պահ է, քանի որ ազդակ ենք ուղարկում մեր հանրությանը, որ որքան էլ մեր կրթությունը եվրոպականացվում է, այնուամենայնիվ, այն կրում է ազգային պատմության ակունքները: Համալսարանն այդ տեսակետից իր առաքելությամբ կարևոր տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի կյանքում, առաջին մայր բուհն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հանդիպել է ուսանողների հետ, նրանք համակարծիք են, որ դա լինի մայր բուհի հիմնադրման օրը: «Առաջարկում ենք ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին՝ միանալ մեր առաջարկած օրվան»,- ասաց նախարարը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, որ ոչ թե ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը միանան նախարարության առաջարկությանը, այլ դա լինի երեքի՝ ԲՀԿ, ՕԵԿ, կառավարություն նախաձեռնությունը: