կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-04 13:05
Առանց Կատեգորիա

Հայաստանից ՌԴ մեկնել ցանկացողների 70 տոկոսին մերժում են

Հայաստանից ՌԴ մեկնել ցանկացողների 70 տոկոսին մերժում են

Աշխարհում, որտեղ քամի է փչում, մեզ մոտ «սկվազնյակ» է անում. ՌԴ-ում միգրացիոն օրենքի վերանայումը էականորեն ազդել է Հայաստանի միգրացիայի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

 

Ըստ նրա` հիմա գործընթացներ են իրականացվում Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների միջև, քանի որ Հայաստանից ՌԴ մեկնել ցանկացողների 70 տոկոսին մերժում են: Հենց այս պատճառով էլ միգրացիոն ժամանակավոր հոսքը նախորդ տարի նվազել էր, նույնը սպասվում է և այս տարի: «Եթե ժամանակավոր աշխատանքի մեկնողները խորհուրդս կլսեն, ապա կուզենայի ասել, որ այս տարի չմեկնեն ուղևորության, քանի որ հնարավոր է` ոչ միայն գումար չվաստակեն, այլև, պարտքեր կուտակած, հետ վերադառնան»,- ասաց Եգանյանը:

 

«Ինչո՞ւ են մարդիկ մեկնում երկրից» հարցի պատասխանը նույնպես որոշակի փոփոխություն է կրել: Եգանյանի հավաստմամբ` եթե 2007-ին միգրացիայի գլխավոր պատճառն աշխատատեղերի բացակայությունն էր, ապա 2013-ի տվյալներով` աշխատավարձի մակարդակի` ոչ բավարար լինելը, իսկ երկրորդ տեղում արդարության, օրենքի գերակայության բացակայությունն է:

 

«Երկրից ժամանակավորապես տարեկան մեկնում է 80 000 մարդ, և մենք պետք է ոչ թե փորձենք այս թիվը կրճատել, այլ մշտական արտագաղթողների թիվը: 2013-ի տվյալներով` ՀՀ-ում զբաղվածների շուրջ 15 տոկոսն արտերկրում է աշխատում, ինչը լուրջ թիվ է, բայց մենք առաջին հերթին մշտական մեկնողների համար պետք է մտահոգվենք»,- ասաց Եգանյանը: