կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 21:56
Սփյուռք

ԸԵՄՄ-ը (IUSY) անդրադարձել է Արցախի ուսանողության վիճակին և դատապարտում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը

ԸԵՄՄ-ը (IUSY) անդրադարձել է Արցախի ուսանողության վիճակին և դատապարտում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը

Սույն թվականի հուլիսի 1-ին և 2-ին տեղի ունեցավ ԸԵՄՄ-ի (Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության Սևծովյան տարածաշրջանի հանձնախմբի տարեկան ժողովը։

Համաճարակի պատճառով ժողովը տեղի ունեցավ առցանց: ՀՅԴ Երիտասարդականի անունից ժողովին մասնակցում էր Սարինե Աբրահամյանը:

Ժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից և Ուկրաինայից: Քննարկման հիմնական նյութն էր՝ թագաժահրի պարտադրած պայմանները և նրա հետևանքների դեմ պայքարը։

Ժողովի առաջին օրվա օրակարգում մասնակից երկրների ներկայացուցիչների զեկույցներն էին՝ վերոհիշյալ երկրներում տիրող առողջապահական և տնտեսական վիճակների մասին։ Ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց երկրների կառավարությունների կատարած աշխատանքը՝ ուղղված համաճարակի հետևանքների վերացմանը։ Խոսվեց ոչ միայն կառավարությունների իրականացրած գործողությունների մասին, այլ նաև յուրաքանչյուր կազմակերպության աշխատանքների և կամավորական նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են հատկապես հասարակությունների խոցելի խմբերի պաշտպանությանը։

ՀՅԴ երիտասարդականի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի ՀՅԴ Երիտասարդական Միությունը նախաձեռնել է «Օգնիր հայրենակցիդ» ծրագիրը, որին ներգրավվել է ՀՅԴ երիտասարդականի ողջ համաշխարհային կառույցը։ Ծրագրի նպատակն է սննդամթերքով օգնել Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, որոնք առանձնահատուկ ծանր վիճակում են հայտնվել՝ հատկապես համավարակի պատճառով։

Երկրորդ օրվա օրակարգը նվիրված էր համավարակի դեմ պայքարում արդյունավետ միջոցների կիրառմանը՝ ինչպես առանձին պետության, այնպես էլ տարածաշրջանային առումով։

Մեկ այլ կետով քննարկումն ընթացավ տարածաշրջանում առկա հակամարտությունների շուրջ։ Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ, այն կարելի է վերբեռնել հետևյալ հղումով:

ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով հայտարարության մեջ նշվեց, որ դատապարտելի է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի։ Հայտարարության մեջ նշված է, որ հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հուլիսի 1-ի բանաձևի, համաշխարհային հրադադարի մասին, Ադրբեջանը կազմակերպում է սադրիչ զինավարժություններ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սահմանին։

Սեւծովյան տարածաշրջանի հանձնախմբի ժողովը

Վերոնշյալ ժողովից բացի ՀՅԴ Երիտասարդականը մասնակցել է նաև ԸԵՄՄ-ի Ուսանողական հանձնախմբի տարեկան խորհրդաժողովին, որը տեղի էր ունենում առցանց ժողովների շրջանակներում։ Այս ժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ երկրներից՝ Շվեդիա, Գերմանիա, Ավստրիա, Արգենտինա, Չիլի, Ֆիլիպին, Հնդկաստան, Պաղեստին, Իտալիա և Գանա: Խոհրհդաժողովի բնաբանն էր՝ «Ուսանողների իրավունքները ճգնաժամի պայմաններում»:

Այս ժողովը քննարկեց ուսանողների խնդիրներն ու մարտահրավերները թագաժահրի ճգնաժամի պայմաններում։ Խոսվեց նաև միջազգային պաշտոնական ճանաչում չունեցող երկրների, ինչպիսիք են՝ Արցախի, Պաղեստինի և Արևմտյան Սահարայի Հանրապետությունների ուսանողների վիճակի և իրավունքների մասին եւ քննարկվեցին հնարավոր լուծումներ:

ՀՅԴ Երիտասարդականը հանգամանալից ներկայացրեց Արցախի ուսանողության ձեռքբերումները եւ ներդրումը Արցախի Հանրապետության զարգացման հարցում: 2020 թվաականի հուլիսի 9-ին հրապարակվեց ԸԵՄՄ-ի Ուսանողական Հանձնախմբի հայտարարությունը, որը կարելի է վերբեռնել հետևյալ հղումով:

Այս հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ պաշտոնապես ճանաչված չլինելու պատճառով նման որոշ երկիրների ուսանողները զրկված են իրենց համար ընկերային ապահովություններ ստեղծելու հնարավորությունից։ Այս հանգամանքը, հատկապես համավարակի պայմաններում, է՛լ ավելի է խորացնում ուսանողների առանց այդ էլ ծանր պայմանները, որոնք ապրում են շրջափակման մեջ, փախստականների ճամբարներում, ունեն ճամփորդելու սահմանափակ հնարավորություն, սահմանափակ հասանելություն էլեկտրականության, համացանցի, համակարգչային սարքերի և այլնի նկատմամբ։

ԸԵՄՄ-ի Ուսանողական Հանձնախմբի խորհրդաժողովի

Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 143 կազմակերպություններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ