Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց-առաջարկներով հանդես եկավ: Նա նախ կարևորեց լսումները և սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետևողական պատսխանները, քանի որ դա կօգնի շատերին, ովքեր լիարժեք չեն պատկերացրել, թե ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ, և կփարատի նրանց մտահոգություններն ու կասկածները:
Պատգամավորը նշեց, որ իր առաջարկներն ուղղված են հասարակական սեկտորի ակտիվ ներկայացուցիչներին: Ըստ նրա` բազմիցս ասվել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկը մենաշնորհների առկայությունն է: «Գործող Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն վարելու: Պետք է առաջարկել մի դրույթ, և մենք հիմա աշխատում ենք դրա շուրջ, որպեսզի հակամենաշնորհային քաղաքականությունը դառնա սահմանադրական նորմ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի մյուս առաջարկը վերաբերում էր ԿԲ-ի մասին գլխին, և խնդիրները, որոնք թվարկված են գների ու ֆինանսական կայունության վերաբերյալ, պարզապես հանվեն ու տեղափոխվեն օրենքի կարգավորման դաշտ:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ եթե հակամենաշնորհային նորմ առաջարկվի` Սահմանադրության մեջ ամրագրելու համար, ապա սիրով պատրաստ են դա քննարկել, ամրագրել:
«Բազմաթիվ դրույթներ, որոնք ամրագրվել են նոր Սահմանադրության նախագծում, եղել են շնորհիվ Դաշնակցության առաջարկների ու ջանքերի: Եթե լինի առաջարկ` հակամենաշնորհային նորմը ներառել Սահմանադրության մեջ, ապա մենք պատրաստ ենք համատեղ աշխատել ու գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մյուս առաջարկին, Վարդան Պողոսյանը նշեց, որ լիազորված չէ պատասխանել այն հարցին, թե անհրաժե՞շտ է, արդյոք, այդ ձևակերպումները հանել գործող Սահմանադրությունից:
«Կարծում եմ` սա կարևորագույն խնդիրներից մեկն է, որը սահմանադրական փոփոխությունների շրջանակներում լրջագույն քննարկման պետք է արժանանա: Կարող եմ միայն հավաստիացնել, որ սահմանադրական հանձնաժողովը ամենայն լրջությամբ կմոտենա այս հարցին»,- ասաց նա: