Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի տարբերություն միջազգային լավագույն փորձի, Հայաստանում չի գործադրվում մենաշնորհների կարգավորման արդյունավետ մեխանիզմ. այսօր «Մենաշնորհները Հայաստանում» ուսումնասիրությունների ներկայացման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ խոսքն առավելապես վերաբերում է նրան, որ մի շարք առաջատար երկրներ կիրառում են հակամենաշնորհային օրենսդրություն, եւ դրա էությունն ու իմաստը տարբերվում են հայկական կարգավորման առանձնահատկություններից: Այսինքն` հակամենաշնորհային օրենսդրության կիրառման դեպքում ի սկզբանե արգելվում է մենաշնորհի առաջացումը, այլ ոչ թե պայքար է մղվում մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտի կողմից իր կարգավիճակը չարաշահելու կամ դրանով պայմանավորված դրսեւորումների դեմ:
Որպես օրինակ` պատգամավորը նշեց, որ եթե հեռահաղորդակցության ոլորտում կա մեկ սուբյեկտ, որը մենաշնորհային դիրք ունի, ապա ի սկզբանե արգելվում է այդպիսի դիրքի առաջացումը հակամենաշնորհային օրենսդրության դեպքում, եւ ցանկացած գործունեություն, երբ հանգեցնում է մենաշնորհի առաջացմանը, միանգամից կտրուկ եւ կոշտ մեթոդներ են կիրառվում` տվյալ սուբյեկտին պարտադրելու` իրականացնել գործառույթների տարանջատում:
Մինչդեռ մեր երկրում, ինչպես ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, կիրառվում է տնտեսական մրցակցության պաշտպանության մոդելը, իսկ դա նշանակում է, որ պայքարն ընթանում է հետեւանքների վերացման ուղղությամբ:
Օրինակ` եթե նույն հեռահաղորդակցության ոլորտի որեւէ սուբյեկտ չարաշահի իր մենաշնորհային դիրքն ու առաջարկի անհամաչափ գին իր կողմից մատուցված ծառայության դիմաց, ՏՄՊՊՀ-ն ընդամենը կիրառում է տուգանք, որը գանձվում է պետական բյուջե: Սակայն սպառողներին պատճառված վնասների փոխհատուցում տեղի չի ունենում, եւ շուկան աղավաղվում ու այլանդակվում այդ գործունեության հետեւանքով, եւ վերականգնելը դառնում է կա’մ անհնարին, կա’մ խիստ դժվար:
Սա, ըստ պատգամավորի, սկզբունքային տարբերություն է, եւ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի կատարած ուսումնասիրության հիման վրա ներկայացվում է արմատական փոփոխություն մենաշնորհների մասին եւ դրանց հետեւանքների բացասական դրսեւորումների վերացման ուղղությամբ: