կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-18 15:02
Իրավական

Քննիչը կեղծ գրառումներ է ներառել ցուցմունքի մեջ

Քննիչը կեղծ գրառումներ է ներառել ցուցմունքի մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Վարդապետյանը, քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին չկատարելու և առանց մանկավարժի մասնակցության անչափահաս տուժողին հարցաքննելու համար քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու ու կարգապահական պատասխանատվության չենթարկվելու անձնական այլ դրդումներից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ Էդգար Վարդապետյանը` Շ. Խ.-ի կողմից 16 տարին չլրացած Ա. Ղ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված և իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում առանց մանկավարժի մասնակցության` որպես անչափահաս տուժող, հարցաքննել է Ա. Ղ.-ին՝ վերջինիս հարցաքննության արձանագրության մեջ ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելով հարցաքննության կատարման ժամերի վերաբերյալ:

Բացի այդ,  անգլերեն լեզվի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում ունեցող Սեդա Խ.-ի միջոցով  Է. Վարդապետյանը վերը նշված արձանագրության մեջ ակնհայտ կեղծ գրառում է մտցրել, թե, իբր, վերջինս որպես մանկավարժ մասնակցել է Ա. Ղ.-ի հարցաքննությանը: Այնուհետև ավագ քննիչը, կեղծ արձանագրությունը կցելով քրեական գործին, այն դրել է շրջանառության մեջ:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Էդգար Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառում մտցնելուն, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ կազմելուն կամ հանձնելուն օժանդակելու համար Սեդա Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: