Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը լրագրողներին ներկայացրեցին Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ ՄԱԿ-ի` 2015թ. նոր զեկույցը:
Գարիկ Հայրապետյանի խոսքով` ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների` Հայաստանի բնակչությունը մինչև 2100 թվականը կազմելու է 1,8 միլիոն մարդ: Նա անդրադարձավ շատ լուրջ, բացասական ու մտահոգիչ մի գործոնի` աջակցության կանխատեսվող գործակցին: Դա աշխատող բնակչության և կենսաթոշակառուների թվի հարաբերակցությունն է:
«Եթե այսօր մեկ կենսաթոշակառուին բաժին է ընկնում 5,4 աշխատող, ապա 2100-ին, դրական կանխատեսմամբ, մեկ կենսաթոշակառուին բաժին կհասնի 2,4 աշխատող, իսկ բացասական կանխատեսմամբ` 1-ը 1-ի հարաբերակցությամբ: Սա բավական լուրջ ու մտահոգիչ խնդիր է, որովհետև կհանգեցնի շատ մեծ սոցիալական բեռի աշխատող բնակչության վրա, որը չի կարողանալու ապահովել արժանապատիվ կենսաթոշակային տարիք»,- ասաց Գարիկ Հայրապետյանը` հավելելով, որ Հայաստանում պետք է քննարկման առարկա դառնա այն հարցը, թե ինչպես պետք է իրականացնել կենսաթոշակային բարեփոխումները, որովհետև ներկայիս մեխանիզմը էլ չի աշխատելու:
Ինչ վերաբերում է բնակչության թվի նվազման մյուս կարևոր գործոնին` միգրացիային, ապա միջին հաշվարկով այն կազմում է տարեկան 25 հազար մարդ` մեկնողների և եկողների բացասական սալդոն, և 2100-ին այդ թիվը կկազմի 12 հազար մարդ` տարեկան:
Խոսելով Հայաստանի ժողովրդագրական պատկերի մասին` նշվեց, որ ծնելիությունը բավականաչափ անկում է ապրել, սեռերի հարաբերակցությունը այսօր կազմում է 68 տղամարդ-100 կին, սակայն երեխայի սեռի ընտրությամբ ծնելիության պարագայում ապագայում տղաների թիվն ավելի է մեծանալու:
Ռուբեն Եգանյանը նշեց, որ իր կանխատեսումներով` Հայաստանի բնակչության թիվը 2050-ին կազմելու է մոտ 1,3 միլիոն մարդ: Նա նշեց, որ բացասական կանխատեսումները փոխելու ուղղությամբ Հայաստանում քայլեր չեն ձեռնարկվում, դրա փոխարեն փորձ է արվում հնարավորինս ուռճացնել ու ստանալ ցանկալի ժողովրդագրական պատկեր:
«Տարեկան ունենք նվազագույնը ոչ թե միջինացված 25 հազար, այլ 30 հազար մարդու արտահոսք»,- ասաց նա` հավելելով, որ հենց արտահոսքն է կանխորոշելու բնակչության թվի նվազումը:
Գարիկ Հայրապետյանի խոսքով` Հայաստանում միգրացիան շարունակելու է գործոն լինել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում ապագա չտեսնող ազգաբնակչությունը կկարողանա աշխատանք ու ապագա տեսնել աշխարհի այլ վայրերում: