կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 13:53
Քաղաքական

Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ․ Արտակ Բեգլարյան

Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին՝ մեր համազգային կամքի ու ջանքի շնորհիվ: Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն:

Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ: Մասնավորապես՝

1. Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք: Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու:

2. Արցախի կարգավիճակի մասին նրա պնդումները պարզապես ինքնախաբեության ու ստախոսության դրսևորումներ են, քանի որ անկախ առկա կորուստներից ու դժվարություններից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը գործում է լիարժեքորեն, ինչպես գործում էր նախապատերազմյան ժամանակահատվածում: Մենք ունենք կայացած պետական ինստիտուտներ ու ատրիբուտներ և դրանք զարգացնելու ու ամրապնդելու անկոտրում կամք: Իսկ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ դե ֆակտո կամ դե յուրե կարգավիճակ, և հետևողական պայքարով հասնելու ենք մեր անկախության միջազգային ճանաչմանը:

3. Ստախոսության հերթական դրսևորում էր նաև այն պնդումը, որ Արցախում այժմ 25,000 բնակիչ կա,դա այն դեպքում, երբ շուրջ 115,000-120,000 մարդ է բնակվում Արցախում: Այստեղ հետաքրքրական է նրա պնդման համատեքստը, քանի որ դրա միջոցով նա խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից, և փորձում է պարզունակ հնարքով կեղծել իրականությունը:

4. Նա կրկին կեղծում է պատմությունը՝ արդարացիորեն նշելով, որ ԼՂԻՄ-ը արհեստական միավորում էր, բայց դա ներկայացնում է որպես Ադրբեջանի դեմ քայլ՝ անտեսելով այն փաստը, որ իրականում հենց հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել Արցախը Ադրբեջանին բռնակցելիս: Ճշմարտությունն այն է, որ հակամարտությունը մեկնարկել է նախախորհրդային ժամանակաշրջանում ու անարդար որոշումները կայացվել են խորհրդային առաջին տարիներին՝ ամբողջությամբ հայաբնակ Արցախի բնակչության կամքին հակառակ: Հետևաբար, տեղին չէ հակամարտությունը դիտարկել 1988 թվականից ի վեր, և պետք է ընդունել իրավական ու պատմական փաստերը, որ Արցախը 1921թ. ոչ միայն բռնակցվել է Ադրբեջանին, այլ նաև այդ ժամանակ ու մինչև ԽՍՀՄ փլուզումը արհեստականորեն ու մեծապես կրճատվել են Լեռնային Ղարաբաղի սահմանները (այդ թվում՝ 1928թ. ԼՂԻՄ-ը կտրվել է ՀԽՍՀ հետ սահմանից), արհեստականորեն փոխվել է ժողովրդագրական պատկերը, տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն: Փաստորեն, ԼՂԻՄ-ի ձևավորմանն անդրադառնալով՝ ստացվում է, որ Ալիևն ընդունում է հակամարտության կարգավորման գործում դրա հիմքերը (ներառյալ՝ սահմանային ու ժողովրդագրական պատկերը) հաշվի առնելու անհրաժեշտությունը:

5. Եթե հայերը Արցախում եկվորներ են 19-րդ դարի սկզբից, ապա ու՞մ հետ էին պատերազմում զավթիչ Փանահ ու Իբրահիմ խաները 18-րդ դարի կեսերին, ովքե՞ր են ջարդել օսմանյան զորքերին Արցախում 18-րդ դարի սկզբին, ի՞նչ լեզվով են գրված Գանձասարի ու Դադիվանքի միջնադարյան արձանագրությունները, արդյո՞ք կաշառված էին անտիկ ու միջնադարյան օտարերկրացի պատմիչները հայկական Արցախի մասին վկայելիս, և այլն, և այլն:

Հ.Գ. Լուսանկարը՝ հունիսմեկյան մի միջոցառումից՝ առաջնագծին մերձակա բնակավայրերի մի խումբ մանուկներ՝ Արցախի հավերժության առհավատչյան»։