կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-29 11:58
Հասարակություն

Պարզեցվել են կենսաթոշակառուներին տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը. նախարարն ամփոփեց վեցամսյա աշխատանքները

Պարզեցվել են կենսաթոշակառուներին տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը. նախարարն ամփոփեց վեցամսյա աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողներին ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքները: Նախարարը կարևոր համարեց սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2016 թվականի դեկտեմբերից ներդրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստները ստանալ առցանց եղանակով:

Ասատրյանի խոսքով՝ այս մեթոդով առաջին անգամ քաղաքացուն հնարավորություն է տրվում, որ իր սոցալական իրավունքից օգտվի առանց տանից դուրս գալու, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի առումով: «Պարզեցվել են կենսաթոշակառու լինելու, կենսաթոշակի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, և հետայսու շահառուն կարող է դիմել սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին ու վերը նշված տեղեկանքը ստանալ ընդամենը 15 րոպեում՝ նախկին մի քանի օրերի փոխարեն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի հունվարի 1-ից չեղարկվել է կենսաթոշակներին և ծննդյան նպաստներին վերաբերող դիմումները ըստ բնակության վայրի ներկայացնելու պահանջը, և շուրջ 100 000 քաղաքացի սոցիալական ապահովության վերաբերող ցանկացած հարցի դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի բնակության վայրից:

Ի թիվս այլ աշխատանքների՝ նախարարը կարևորեց նաև անապահովության մոտեցումների ու մեթոդաբանության արմատական վերանայումը, ըստ որի՝ տնտեսապես ակտիվ անձի վարքագիծն աշխատանքի շուկայում գնահատվում է նախապատվությունը առավել ակտիվ գործունեություն ծավալողներին տալու տարբերակով:

Ասատրյանը հայտնեց նաև, որ 2017 թվականի հունվարի 1-ից բնական գազի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում են շուրջ 76 հազար 205 անապահով ընտանքիներ: Իսկ 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սպառման դիմաց մեղմացված սակագնով վճարման արտոնություններից օգտվում է 124 հազար 330 ընտանիք:

Ասատրյանը վստահեցրեց, որ 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է ՀՀ սոցիալական ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում՝ զբաղվածության ապահովման նոր երեք ծրագրի ներդրում՝ ուղղված երիատասարդ մայրերի` աշխատաշուկա մուտք գործելու, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը:

Նշենք նաև, որ նախարարությունը նախատեսում է ստեղծել նաև աշխատանքային էլեկտրոնային բորսա, որը նախատեսում է, որ ձևավորվի տեղեկատվական հարթակ, որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև բարձր որակավորում ունեցող և աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն: 2017 թվականին բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում լայնածավալ աշխատանքներ են սկսվել հաշմանդամության սահմաններում նոր մոդելի փորձնական կիրառման ուղղությամբ: Նոր մոդելի կիրառման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձանց վերականգնողական միջոցառումները կիրականացվեն վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա՝ անձի բազմակողմանի գնահատված կարիքներին համապատասխան: