կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 16:06
Առանց Կատեգորիա

Երաժշտությունը ստիպում է քեզ զգալ, որ մեռած չես. Տաթև Ամիրյան

Երաժշտությունը ստիպում է քեզ զգալ, որ մեռած չես. Տաթև Ամիրյան

Հուլիս ամսին ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանն այցելել էր Հայաստան: «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում երաժշտի հետ, ով ունկնդրին ներկայացրեց վերջին տարիներին գրված իր դաշնամուրային գործերը: Հեղինակի կատարմամբ հնչեցին նրա Waiting For The Dawn /«Լուսաբացի սպասում»/, Echoes From Childhood /«Արձագանքներ մանկությունից»)/ և Ortus ստեղծագործությունները: 

Տաթևն այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, Հայաստան գալու մասին դեռ չի մտածում, ուզում է այնքան կայանալ, որ գոնե Հայաստանում սովորող թեկուզ մեկ ուսանողի համար կրթաթոշակ սահմանի: Տաթևը ոչ միայն կարողանում է հայկական երաժշտությունը ներկայացնել ժամանակակից հնչողությամբ` այնպես, որ այն հետաքրքրի օտարերկրացիներին, այլ նաև այնպես, որ ստեղծագործության առաջին իսկ նոտաներից պարզ է դառնում` հեղինակը կամ նվագողը Տաթև Ամիրյանն է: Տաթևը հպարտ է, որ ԱՄՆ-ում ապրել-ստեղծագործելուց էլ կարողացել է այնպես անել, որ մնա հայ կոմպոզիտոր ու դաշնակահար: Yerkir.am-ի զրուցակիցը Տաթև Ամիրյանն է:

 

Պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու ճանապարհը

Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 7 տարեկանից: Դաշնամուրից եմ սկսել ու մինչև հիմա որպես կատարող եմ հանդես գալիս, բայց նաև ստեղծագործում եմ` կոմպոզիտոր եմ: Ավարտել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի դասարանները, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Աշոտ Զոհրաբյանի և Արամ Սաթյանի դասարաններ) և երաժշտագիտության (Զարուհի Տեր-Ղազարյանի դասարան) ֆակուլտետները: Հետո մեկնեցի ԱՄՆ ու սովորեցի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի երաժշտության և պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում: Հիմա երաժշտական արվեստների դոկտորի թեկնածու եմ, դասավանդում եմ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ex\'pression արվեստների քոլեջում:

 

\"\"Դաշնամուր չունեի, հատակի վրա գծեր էի քաշում ու «նվագում»

Երկար ժամանակ դաշնամուր չունեի: Ես գետնի վրա` հատակին, գծեր էի քաշում և «նվագում» կամ էլ հարևանի տուն էի գնում: Երաժշտությամբ զբաղվելը մի բան էր, որից ես չէի կարող խուսափել: Տարօրինակ է, բայց ես երբեք չեմ մտածել` ինչ պետք է դառնամ, դա, կարծես, իմ խաչը լիներ, խաչ, որը հաճույքով եմ կրում:

 

Ուզում էի տեսնել` ինչ է կատարվում դրսում

Երբ ավարտեցի կոնսերվատորիան, շատ մեծ հիասթափություն ապրեցի, որովհետև աշխատանք չէի գտնում: Հետո զգացի, որ ինձ չի բավարարում կոնսերվատորիայի կրթությունը, և ես դեռ պետք է պրոֆեսիոնալ դառնամ: Շատ էի ուզում տեսնել` ինչ է կատարվում դրսում, նոր աշխարհ բացահայտել: Հասկանո՞ւմ եք` ոգեշնչում չկար… Իսկ դրսում կայանալը տասնապատիկ անգամ ավելի դժվար է, քան Հայաստանում: Նախ` դրսում կրթությունը բավական թանկ է, իսկ կրթաթոշակ ստանալն այնքան էլ հեշտ չէ: Այնտեղ կայանալը շատ դժվար է, քանի որ մեծ է մրցակցությունը, և բոլորն աշխատում են իրենց վրա: Մենք Հայաստանում ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, հազար անգամ ավելի տաղանդավոր, քան դրսում, բայց նրանք չեն աշխատում իրենց վրա` մտածելով, որ բավական է այն փաստը, որ իրենք տաղանդավոր են: Մեր ժամանակներում հերիք չէ բնատուր տաղանդը, մանավանդ` ԱՄՆ-ում, որտեղ հանդիսատեսը շատ պահանջկոտ է, և ոչ միայն` հանդիսատեսը: Անգամ դասավանդելու համար դու ամեն օր տանը պետք է աշխատես քո դասախոսության վրա, որպեսզի հանկարծ ոչ մի ավելորդ բառ չտաս ուսանողին, որովհետև նա հետո կարող է բողոքել ու ասել, որ ինքը գումար է վճարում, և իր ժամանակը շատ թանկ է: Դրսում քեզ համար դժվար է, որովհետև դու քո երկրում չես ապրում, և լինում են պահեր, որ սով ես ապրում, որովհետև դու քո հողից կտրված ես, և տարօրինակ դատարկություն ես զգում: Բացի այդ` դու հայ լսարանի հետ չես առնչվում, ինչը նույնպես առավելություն չէ:

 

Ինձ համար կարևոր էր, որ ես մնայի ՀԱՅ կոմպոզիտոր

Հայկական երաժշտություն շատ եմ լսում` թե՛ մեր հին եկեղեցական երգերը, թե՛ ժողովրդականը: Իմ գործերը շատ ազդված են մեր ժողովրդական երաժշտությունից: Երբ ես տեղափոխվեցի ԱՄՆ, իմ ոճը շատ փոխվեց, քանի որ, երբ հայտնվեցի այդ հսկա դաշտում, հասկացա, որ ես կարող եմ ուղղակի կորչել այնտեղ: Ինձ համար կարևոր էր, որ ես մնայի հայ կոմպոզիտոր: Հիմա ժամանակակից ստեղծագործողներն ուզում են հանդիսատեսին զարմացնել, ստեղծագործելիս ավելի շատ մտածում են` ոնց զարմացնեն ու ինչ նոր բան անեն, քան բարձր որակի մի գործ գրեն:

 

\"\"Դժվար էր ճեղքել մտածելակերպը, թե միայն տղամարդը կարող է կոմպոզիտոր լինել

Սկզբնական շրջանում Հայաստանում շատ դժվար էր ճեղքել սովետից եկող այն մտածելակերպը, որ միայն տղամարդը կարող է լինել կոմպոզիտոր: Իսկ ԱՄՆ-ում այդպես չէ… Դեռ չեմ մտածում հետ վերադառնալու մասին, քանի որ կարծում եմ` դեռ պետք է կայանամ ԱՄՆ-ում: Այնտեղ ես ունեմ կայանալու հնարավորությունն ու հեռանկարը: Վստահ եմ` եթե աշխատեմ, ես կհասնեմ դրան, որովհետև Ամերիկան այդպիսի երկիր է: Բոլոր երկրներում էլ դժվար է մշակույթի ոլորտում աշխատանք գտնել, բայց ԱՄՆ-ը տալիս է քեզ այդ հնարավորությունը, եթե դու ուզես, կարող ես գումար վաստակել թեկուզ միայն դասավանդմամբ:  Ես կուզեի կայանալ նաև նյութական առումով, և կրթաթոշակ սահմանեի թեկուզ մեկ` Հայաստանում սովորող ուսանողի համար, որ նա հետագայում կարողանար դրսում սովորել, կամ հայրենիքում մի դպրոց հիմնեի, որտեղ կկիսեի դրսից բերած իմ փորձը:

 

Սիրով ընդունում ենք նրանց, ովքեր դրսում ինչ-որ բարձունքի են հասնում, իսկ ներսում գտնվողին մի տեսակ չենք նկատում

Մենք սիրով ընդունում ենք նրանց, ովքեր դրսում ինչ-որ բարձունքի են հասնում, իսկ ներսում գտնվողին մի տեսակ չենք նկատում: Մենք երևի մի քիչ փառամոլ ենք, դրա համար էլ սիրում ենք ասել` այ, նա` այսինչ փառատոնում հաղթածը, հայ է: Համոզված եմ, որ հիմա էլ շատ հայտնի մարդիկ, որոնցով գլուխ ենք գովում, թե հայ են, ժամանակին երես ենք թեքել նրանցից: Իսկ դրսում, ցավոք, շատ քիչ են ծանոթ հայկական երաժշտությանը: Ուրախ եմ, որ իմ երաժշտության միջոցով կարողանում եմ այլազգիներին ծանոթացնել նաև մեր մշակույթին: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես եմ կարողանում հայկականը ներկայացնել ժամանակակից հնչողությամբ: Կուզեի այստեղ` Հայաստանում, մարդիկ այդքան անտարբեր չլինեին իրենք իրենց հանդեպ: Կուզեի, որ նեգատիվը քիչ լիներ մարդկանց մեջ, ավելի բարի լինեին իրար հանդեպ. մենք անհանդուրժող ենք իրար հանդեպ` փողոցում, խանութում:

 

Դրսում մարդիկ փորձում են «բազմազան» ապրել, լցնել իրենց օրը

Դրսում դասական երաժշտության նկատմամբ մեծ ուշադրություն կա: Ի դեպ, ԱՄՆ-ում շատ թանկ հաճույք է օպերա կամ բալետ գնալը: Ճիշտ է, այնտեղ մարդիկ հնարավորություն ունեն հաճախելու համերգների, բայց նաև ձգտում ունեն: Մարդիկ փորձում են բազմազան ապրել, նրանք չեն փորձում միայն ռեստորան կամ մարզասրահ հաճախել, նույնիսկ եթե երաժշտական որևէ ձիրք չունեն, միևնույն է, փորձում են կրթել իրենց: Սա նաև ապրուստից է գալիս, քանի որ եթե չես կարողանում ընտանիքդ պահել, սիրտ չես ունենա նաև համերգ ու թատրոն գնալ:

 

Ստեղծագործություններս ներշնչված են գեղեցիկից

Եթե ցանկություն ունես, կարող ես հասնել նպատակիդ: Չնայած համատարած անտարբերությունը քեզ էլ է կոտրում, պետք է շատ ուժեղ լինես, որ երազանքներդ չմեռնեն: Իմ բոլոր ստեղծագործությունները ներշնչված են գեղեցիկից, գեղեցիկ զգացողություններից, օրինակ` կարոտն ինձ համար ներշնչանքի աղբյուր է, կարոտն ինձ համար ցավ կամ տխրություն չէ: Քանի որ մեր կյանքում նեգատիվը շատ է, ուզում եմ, որ մարդիկ իմ գործերը լսեն ու մի քիչ լույս վերցնեն, քանի որ երաժշտությունը ստիպում է քեզ զգալ, որ դու մեռած չես: 

 

Կարինե Հարությունյան