կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-10 16:26
Հասարակություն

Ջուրը մասերի ենք բաժանել, որ հերիքի. Խարբերդի գյուղապետ

Ջուրը մասերի ենք բաժանել, որ հերիքի. Խարբերդի գյուղապետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 4-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մի խումբ բնակիչներ դուրս էին եկել փողոց և սպառնացել փակել մայրուղին` պատկան մարմինների ուշադրությունը սևեռելով խմելու ջրի իրենց խնդրի վրա:  Համայնքի բնակիչները բավականին երկար ժամանակ զրկված են եղել խմելու ջրից: Համայնքի ղեկավար Կամո Կակոյանը yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ  Ջրային տնտեսությունից և մարզպետարանից ներկայացուցիչների հետ քննարկում են հնարավոր տարբերակներ` բնակիչների ջրի խնդիրը լուծելու համար:

Գյուղապետից փորձեցինք ճշտել` ի՞նչ հանգուցալուծում է ստացել գյուղացիների ջրի խնդիրը: Կակոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլորն արդեն ջուր ունեն:

Մեր այն հարցին` եթե հնարավոր էր այդքան արագ լուծել խնդիրը, ինչո՞ւ ավելի վաղ  համապատասխան գործողություններ չէին իրականացվում, Կակոյանը պատասխանեց. «Բանն այն է, որ ջրի կորուստ կար, ջրի քչություն կար, մենք արդեն որոշեցինք, որ պետք է մասերի բաժանենք, որ ջուրը հերիքի: Այսինքն` մի մասին տալիս ենք առավոտյան, մի մասին`երեկոյան: Փոփոխություններ արեցինք նաև խողովակների մեջ, որ ստանանք այս ձևի լուծում: Մենք այսպես համարում ենք խնդիրը  լուծված: Հեսա կգա-կհասնի աշնան սեզոնը, ջուրը կբավարարի և բոլորին էլ կհասնի: Իսկ էս պահին մի օր առավոտյան մի թաղամասին ենք տալիս, երեկոյան` մյուս թաղամասին, մի օր էլ` հակառակը»,- ասաց գյուղապետը: