|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ցույցի մասնակիցներն իրենց ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական անօդաչու թռչող սարքերի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու: Խոսքը թուրքական անօդաչուների մասին է, որոնք Ադրբեջանը կիրառում է Արցախում հայ բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու համար:
Ցույցի մասնակիցները բազմաթիվ պաստառներ են պատրաստել, որոնց գրություններով կոչ են անում դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների վաճառքը Թուրքիային՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի և Ադրբեջանի դեմ», «Մենք խաղաղություն ենք ուզում, նրանք՝ պատերազմ», «Վերջ տվեք բաղադրամասեր ուղարկել թուրքական անօդաչուների համար»:
Նշենք, որ նախօրեին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմում է ներկայացրել պետքարտուղարություն՝ պահանջելով կասեցնել թուրքական Bayraktar TB2 անօդաչուների համար նախատեսված ամերիկյան բաղադրամասերի վաճառքը: