Միասին կարող ենք
կարևոր
949 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-26 18:35
Քաղաքական

Նույնիսկ իմ երևակայությունը չէր հերիքի մտածելու՝ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ․ Կարապետյան

Արցախի հետ կապված ամենացավոտ հիշողությունը Արցախը կորցնելն էր, կորցրեցինք շատ անիմաստ ձևով։ Մի փոքրիկ խմբակի չհասկանալով, թե ինչ է Արցախը մեր համար՝ հայության համար, կորցրեցինք մեր երկրորդ հայրենիքը։ Այս մասին «Արցախի Հանրային» ՀԸ եթերում ասել է Սամվել Կարապետյանը։

Կարապետյանի համար Արցախում ծրագրերի իրականացումը և ներքին պարտք էր, և գիտակցված ընտրություն։ Կարապետյանը նշում է՝ դեռ այն ժամանակ հասկանում էր, թե ինչ հերոս ժողովուրդ է ապրում Արցախում, իր պարտքն էր համարում՝ օգտակար լինելը։ Հարցին՝ անգամ օդում կախված վտանգի դեպքում ներդրումներ են եղել Արցախում՝ Կարապետյանը պատասխանեց, որ ինքն Արցախում ներդրումներ էր անում, որ Արցախի ժողովրդին օգնի, ոչ թե՝ գումար աշխատելու համար, օգնում էր կառուցել էներգոհամակարգ Արցախում, դրա համար էլ ներդրում էր անում։

«Մարդիկ չգիտեն, բայց ամբողջ Արցախի հոսանքը կախված էր ընդամենը մեկ հենասյունից և երբ Բակո Սահակյանը ինձ խնդրեց ու ցույց տվեց, թե ինչքան մեծ պրոբլեմների մեջ է Արցախի ժողովուրդը, որ ցանկացած քամուց ամբողջ Արցախը կարող է մնալ առանց հոսանքի»,- ասաց Կարապետյանը՝ նշելով , որ ներդրումներ են իրականացվել, նոր գիծ է կառուցվել, որ անվտանգ լինի։

Կարապետյանի համար հուզիչ էր Արցախում հիվանդանոցի բացման օրը։ Նրա խոսքով՝ անում էր ամեն բան, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա լավ ապրելու, որովհետև հասկանում էր՝ իրավունք չունենք կորցնել Արցախը։
«Մենք ելնում էինք՝ ինչ խնդրանք կա Արցախից։ Չի եղել ոչ մի դեպք, երբ Արցախի իշխանությունների կողմից եղել է խնդրանք և ես չեմ արձագանքել ամբողջությամբ»,- ասաց Կարապետյանը։

Հարցին՝ Արցախի հետ կապված կա բան, ինչի համար զղջում է՝ Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ նշելով․ «Զղջում եմ, որ չկարողացանք ազգովի համախմբվել ու պաշտպանել Արցախը։ Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ։ Ես պատկերացնում էի, որ այն յոթ շրջանների մասով կարող են լինել խնդիրներ, բայց ոչ մի օր չեմ պատկերացրել, որ կարող ենք Արցախի մասով ունենանք խնդիրներ, որ Հայաստանում կարող է լինել մի ղեկավար, որի քաղաքականության հետևանքով կորցնենք Արցախը»։