կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-29 15:25
Առանց Կատեգորիա

Ի՞նչ աշխատավարձ, փողը հազիվ թալանին հերիքի

Ի՞նչ աշխատավարձ, փողը հազիվ թալանին հերիքի
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ դարձնելու ԲՀԿ առաջարկը: Կառավարությունը եզրակացության մեջ նշում է, թե նվազագույն աշխատավարձը 2014-ին կդառնա 50,000 դրամ, 2015-ին՝ 55,000 դրամ, 2016-ին՝ 62,500 դրամ: Կտրուկ չեն կարող, բյուջեն թույլ չի տալիս:

 


Պարզվում է, սակայն, որ մեր կառավարությունն ու նախագահը բոլորովին տարբեր ծրագրերով ու առաջնահրթություններով են շարժվում:

 

Կառավարությունը գիտակցում է, որ իր աշխատանքի տեմպով 3 տարում ընդամենը 17 հազար դրամ կարող է բարձրացնել նվազագույն աշխատավարձը, իսկ նախագահը դեռ հույս է կապում կառավարության հետ եւ կարծում է, թե կկրկնապատկի: Երեկ կրթության ու գիտության նախարարությունում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մինչեւ 2017 թվականը կունենանք 90 հազար դրամ նվազագույն աշխատավարձ:

 

Տարիներ շարունակ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ընդամենը 30 հազար էր, եւ միայն այս տարի դարձավ 45 հազար դրամ: Եվ եթե այժմ մերժում եք ցանկացած բարձրացում, ապա ինչպե՞ս եք երեք տարում կրկնապատկելու:

 

2011թ. հոկտեմբերին տնտեսական վերլուծության РИА-Аналитика կենտրոնը զեկույց հրապարակեց, ըստ որի՝ եվրոպական 29 երկրների վարկանիշում Հայաստանը նվազագույն աշխատավարձի մակարդակով զբաղեցնում է վերջին տեղը: Այսօր՝ երկու տարի անց, Հայաստանը կրկին վերջին տեղում է, տարբերությունն ընդամենը նրանում է, որ իրեն նախորդող երկրից «հեռավորությունն» այժմ շատ մեծ է:

 

Ամեն օր քաղաքացին մտնելով խանութ՝ պարզում է, որ ապրանքների, հատկապես առաջին անհրաժեշտության, գնաճ է տեղի ունեցել, եւ նվազագույն՝ 45 հազար դրամ ստացող քաղաքացին թանկացումների այդ ֆոնին ստիպված է լինում ամեն անգամ նույն ապրանքից ավելի քիչ գնել. նա ոչ միայն գումար հետ գցելու հնարավորություն չունի, որպեսզի աշխատանքից զրկվելու պարագայում կարողանա գոյատեւել մինչեւ նոր աշխատանք գտնելը, այլեւ խնդիր ունի այսօր՝ աշխատանքով ապահոված լինելու պարագայում եւս ապրելու:

 

Այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխաատավարձը 35 –ի փոխարեն դարձավ 45 հազար դրամ: Սա չնչին է այն թանկացումների դիմաց, որ կան եւ իրենց դեռ զգացնել կտան ձմռանը:

 

Բազմիցս պնդումներ են եղել, հատկապես ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից, որ նվազագույն աշխատավարձը իրավունք չունի ցածր լինել նվազագույն սպառողական զամբյուղից, կենսաթոշակը՝ եւս: Պետությունը իրավունք չունի մարդուն տալ 45 հազար դրամ աշխատվարձ հենց միայն այն պատճառով, որ մարդու գոյատեւման համար պետությունը հաշվարկել է ամսեկան 55 հազար դրամին մոտ գումար:

 

Այսինքն դու տալիս ես բնակչին 45 հազար դրամ՝ հսկատակ իմանալով, որ ապրելու համար 55 հազար դրամ է պետք: Չմոռանանք, որ ասօր մեր երկրում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնցում կա մեկ աշխատող, եւ նա ստանում է նվազագույն աշխատավարձ:

 

Հենց սա է պատճառը, որ մեր երկրում ամեն օր ավելնում է աղքատների թիվը: Պաշտոնական 36 տոկոս աղքատությունը ոչ պաշտոնական հաշվարկներով հասնում է 80 տոկոսի, եւ այդ աղքատների մեջ ոչ միայն նվազագույն, այլեւ միջին աշխատավարձ ստացողներն են, որովհետեւ մեր երկրում միջին աշխատավարձ ստացողը եւս, նվազագույնը ստացողի պես, հազիվ գոյություն է քարշ տալիս:

 

Հիշեցնենք մեկ ուշագրավ փաստ. 2012-ի հոկտեմբերին, երբ ԱԺ-ն որոշեց նվազագույն աշխատավարձը 32,500 դրամից հասցնել 35,000-ի, մեր թղթակցի հարցին, թե ինչպե՞ս մարդիկ ապրեն այդքան գումարով, ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն առաջարկեց չծխել, չխմել, միս, ճարպ, յուղ, ձեթ չօգտագործել, ապրել շատ հասարակ՝ բանջարեղենով եւ մեկ-մեկ էլ՝ եթե փող ավելանա, հավի դոշ ուտել՝ երեք օրում մեկ կիլոգրամ՝ 1300 դրամանոցից, բրինձ շատ ուտել եւ ամենակարեւորը՝ ոչ հյուր գնալ, ոչ էլ կնունք-ծնունդ-հարսանիք. նվերի փող չկա:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նվազագույն աշխատավարձ ստացողին համարելով փողոց մաքրողներ, առաջարկեց մի քանի փողոց ավել մաքրել. ինքը այդպես կաներ…

 

Ըստ ՊԵԿ-ի անհատական անձնավորված հաշվառման տվյալների՝ 2013թ. հունիսին Հայաստանում նվազագույն շխատավարձ էր ստանում 160 հազար մարդ՝ 90 հազարը՝ ոչ պետական, 70 հազարը՝ պետական սեկտորում:

 

Նրանք, հավանաբար, հետեւում են հիշյալ հանրապետական պատգամավորների օրինակին:

 

Ահարոն Համբարձումյան