կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-29 17:13
Մշակույթ

«1915»-ի իմաստը ֆիլմի շուրջ եղած գովասանքը կամ բամբասանքը չէ. Կարին Հովհաննիսյան

«1915»-ի իմաստը ֆիլմի շուրջ եղած գովասանքը կամ բամբասանքը չէ. Կարին Հովհաննիսյան

Հայկական ֆիլմերը դիտելով` հասկանում ես, որ մեծ թվով տաղանդներ կան Հայաստանում, որոնց պետք է քաջալերել. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «1915» ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը:

Կարինն, այնուամենայնիվ, խոստովանում է` ժամանակակից հայկական ֆիլմերի ընթացքին այնքան էլ չի կարողանում հետևել, առավել սիրում է խորհրդային ֆիլմերը` դրանց` հարազատ դարձած կերպարներով:

«2014-ին «Ոսկե ծիրան»-ին մասնակցում էր նաև Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը», որը ես շատ հավանեցի: Ջիվանին անձամբ ծանոթ չեմ, բայց, ֆիլմը նայելով, հասկացա, որ այստեղ գործում է նոր, տաղանդավոր ռեժիսոր: Մտածում եմ, որ նրա պես մարդիկ շատ կան Հայաստանում: Թե որքանո՞վ են գնահատվում, չգիտեմ»,- ասաց Կարինը:

Նա, ի դեպ, ստեղծագործում է ԱՄՆ-ում, բայց, ինչպես նշեց, տարվա մեծ մասը Հայաստանում է լինում: «Ես տարվա որոշ մասն ԱՄՆ-ում եմ լինում, մեծ մասը` Հայաստանում: Հայաստանը համարում եմ իմ երկու տներից մեկը, եթե ոչ` իմ տունը: Բոլոր տեղերում էլ դժվար է ինչ-որ բան սկսել: ԱՄՆ-ում` Լոս Անջելես քաղաքում, որտեղ երիտասարդության մի ամբողջ սերունդ կա, հարյուրհազարավոր սցենարիստներ, և յուրաքանչյուրը մտածում է, որ ամենակարևորն իր արածն է, կրկնակի բարդ է առաջին քայլերն անել կինոյի ասպարեզում»,- ասաց երիտասարդ ռեժիսորը:

Ըստ Կարինի` բոլոր տեղերում էլ կան բարդություններ և խոչընդոտներ, բայց կարևորն այն է, որ /ինչպես երիտասարդ ռեժիսորներն են Հայաստանում ապացուցում/ լավ պատմություն էկրանավորելու և լավ ֆիլմ ունենալու համար ֆինանսներն ամենակարևոր դերակատարումը չեն ունենում: Ֆիլմի մեծ բյուջեն, Կարինի կարծիքով, կարող է ապահովել ավելի մեծ մասշտաբ, ավելի ճանաչված դերասաններ, բայց եթե դու կարողանում ես սցենարը ճիշտ, հետաքրքիր ու ժամանակակից մատուցել, ֆինանսն այնքան էլ կարևոր չէ: «Տեսեք` ինչպես Հրանտ Մաթևոսյանն է կարողացել, Հայաստանի մի գյուղում նստած, գտնել տիեզերքի իմաստը, ինչպես գտել են Շեքսպիրն ու Չարենցը, այսինքն` այստեղ տարածքի, վայրի խնդիրը չէ, այլ անձի»,- ասաց նա:

Հարցին` եթե ֆինանսական կողմն այնքան էլ կարևոր չէ, ապա որքանո՞վ է կարևոր գովազդը` ֆիլմի տարածման, ասելիքը լսարանին հասցնելու համար, որովհետև «1915»-ը մինչև ցուցադրվելն ավելի շատ էր գովազդվում, քան ցուցադրվելուց հետո, Կարինը պատասխանեց, որ իրենք ֆիլմը հենց դրա համար էլ պատրաստել էին: «Մենք ուզում էինք, որ այն մասնակից լիներ ապրիլ ամսին տեղի ունեցող միջոցառումներին և խոսակցությունների, երկխոսության, բանավեճի տեղիք տար. ոչ թե 1915-ը գովազդեր ֆիլմը, այլ հակառակը»,- նշեց նա:

«1915» ֆիլմի իմաստը, ըստ ֆիլմի ռեժիսորի, ոչ թե ֆիլմի շուրջ եղած գովասանքը կամ բամբասանքն է, այլ ուղղակի ևս մեկ անգամ 1915-ի մասին խոսելու առիթ տալը, ինչը, Կարինի կարծիքով, իրենց հաջողվել է: «Թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի հեռուստաընկերություններով, ինչպես նաև Los Angeles Times, New York Times-ում քանիցս անդրադարձ է եղել մեր ֆիլմին: Այն քաղաքականությունը, որը ֆիլմը վարել է, ինձ թվում է` իր նպատակին հասել է»,- ասաց նա:

Ի դեպ, «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ընդգրկված էր նաև «1915» ֆիլմը: