Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Լրագրողների հետ զրույցում Կարինը նշեց, որ ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, բայց ավելի շատ հոգեբանական առեղծված են այն կոչում: «Ֆիլմում դեպքերը տեղի են ունենում մեկ օրում: Ֆիլմը մեր անցյալի, հիշողության մասին է, թե ինչպես ենք անընդհատ փախչում անցյալից, բայց անցյալի ուրվականներն անընդհատ հետապնդում են մեզ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց, որ ֆիլմի երաժշտությունը Սերժ Թանկյանը գրեց, Կարինը պատասխանեց, որ ֆիլմի սցենարի առաջին ընթերցողն Ատոմ Էգոյանն էր, ով ասաց, որ պետք է ֆիլմն անպայման կյանքի կոչել: «Այնուհետև հանդիպեցինք Սերժ Թանկյանի հետ: Թանկյանը կարդաց սցենարը և շատ ոգևորվեց: Ֆիլմի նկարահանման աշխատանքները դեռ չէինք ավարտել, բայց Սերժը գրել-վերջացրել էր երաժշտությունը, որը շատ համահունչ էր ֆիլմին»,- ասաց նա:
Ալեք Մուհիբյանն էլ նշեց, որ իրենց ֆիլմի հայաստանյան պրեմիերային, ցավոք, այդպես էլ չհաջողվեց ներկա գտնվել, սակայն ինքը ներկա է եղել ֆիլմի` ԱՄՆ-ում ցուցադրությանը: «Ֆիլմի ավարտից հետո մարդիկ սկսում էին բանավիճել իրար հետ, երկխոսել, այսինքն` մեզ հաջողվել է ինչ-որ բանի հասնել»,- ասաց նա:
Ալեքի ներկայացմամբ` Լոս Անջելեսում Ցեղասպանությունը շատ կարևոր թեմա է, և այնտեղ հայերը փորձում են խոսել իրենց ազգության, Ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու միջոցով:
Հարցին, թե նախորդ հանդիպմանը Կարինը նշել էր, որ «1915»-ը գաղտնիք ունի, ո՞րն է, ի վերջո, այդ գաղտնիքը, Կարինը պատասխանեց, թե յուրաքանչյուր ֆիլմ էլ գաղտնիք ունի: «Իսկ ինչ վերաբերում է մեր ֆիլմի գաղտնիքին, չեմ կարող ասել այն»,- նշեց նա: