|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի բացումը:
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջադրված` Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմի պատմությունը, ըստ հեղինակի, իրական է: Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլմը պատմում է Արցախյան ազատամարտի ժամանակ կատարված մի փոքրիկ դրվագի մասին:
«1992-ին ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա հայ աղջնակին մի կին պահում է իր մոտ` իր կորած որդու փոխարեն: Չորս ամիս անց կինն աղջկան վերադարձնում է ընտանիք` փոխանակելով ադրբեջանցու` մի անհայտ զինվորի դիակի հետ: Այս պատմության մեջ գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն, որ աղջիկը, վերջիվերջո, վերադառնում է տուն»,- պատմեց Ավետիսյանը:
Ըստ նրա` կարեւոր էր այն հանգամանքը, որ ադրբեջանցի կինը մտածել է, որ մայր է` փրկելով փոքրիկ աղջնակին:
Ռեժիսորը նշում է, որ ֆիլմի հերոսուհին այժմ 27 տարեկան է, ապրում է ՌԴ-ում. «ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է ինձ այս պատմությունը պատմել: Գլխավոր հերոսների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրանց պրոֆեսիոնալիզմը եւ փորձը կինոյի ասպարեզում: Իսկ երեխայի դերակատարին ընտրել եմ շատ պատահականորեն. հյուր էի մի տանը, որտեղ տեսա աղջնակին եւ միանգամից ծնողներին ասացի` եթե ձեր աղջիկը կհամաձայնի խուզել իր մազերը, կլինի իմ ֆիլմի դերակատարը»:
Ավետիսյանի հավաստմամբ` ֆիլմը խաղաղություն է քարոզում, սակայն ադրբեջանցիները, կարծես, այնքան էլ չեն կարծում, որ ֆիլմը խաղաղություն է քարոզում, քանի որ, ըստ ռեժիսորի, դեռ արձագանքներ չկան: