կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 13:54
Քաղաքական

Հայաստանն ու Հունաստանն առանձնահատուկ մտահոգված են Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների վիճակով

Հայաստանն ու Հունաստանն առանձնահատուկ մտահոգված են Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների վիճակով

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը:

 

Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև համաձայնագիր և Հայկական զարգացման գործակալության ու Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև փոխըմբռնման հուշագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է Երևանում պետական այցով հյուրընկալել իմ հարգարժան գործընկերոջը` բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասին: Սիրով եմ հիշում նաև 2011թ. իմ պետական այցը Հունաստան: Այսօրինակ փոխայցերը վկայում են, որ մենք ամենաբարձր մակարդակով հանձնառու ենք մեր ժողովուրդների պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա հիմնված երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական զարգացմանը: Նախագահ Պապուլիասի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը և փոխգործակցության ընդլայնման ուղիները: Միակարծիք էինք, որ Հայաստանի և Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով՝ նշանավորվելով նախագահական փոխայցերով, տնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ: Անշուշտ, առանձին դրվատանքի է արժանի երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև հաստատված կառուցողական երկխոսությունը, որի արդյունքում հայ-հունական ռազմական համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Բարձր գնահատեցի, իհարկե, այն փաստը, որ հայ զինծառայողները տարիներ շարունակ բարձրորակ կրթություն են ստանում, ինչպես նաև վերապատրաստվում բարեկամ Հունաստանի ռազմական հաստատություններում:

 

Եվ ամենևին պատահական չէ, որ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ և հույն զինծառայողների փոխգործակցությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների. մենք 11 տարի Կոսովոյում համատեղ ծառայություն ենք իրականացրել, իրականացրել ենք խաղաղապահ գործողություններ, և այդ գործողությունները բազմիցս և՛ գրավոր, և՛ բանավոր արժանացել են համապատասխան միջազգային կառույցների ամենաբարձր գնահատականին: Հայ-հունական հարաբերությունների ընդհանուր պատկերում առևտրատնտեսական կապերը պետական մակարդակով խթանման կարիք ունեն: Քիչ անց մենք պարոն Նախագահի հետ կբացենք այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը:

 

Հատուկ կարևորում եմ հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը, հավատացած եմ, առաջիկայում համատեղ ջանքերով կգումարի իր հերթական նիստը: Մենք պարոն Նախագահի հետ և՛ երեկ, և՛ այսօր եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ դրանում համոզված էինք, որ մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել-հասցնել մեր քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին: Ուրախ եմ, որ Նախագահ Պապուլիասի այս այցը նշանավորվում է նաև տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված ևս երկու փաստաթղթի ստորագրմամբ, որոնք կհամալրեն մեր երկկողմ՝ շուրջ 40-ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը:

 

Իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը մեզ համար անհրաժեշտություն է, և այստեղ մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետ, մենք, անշուշտ, նաև հաշվի ենք առնում, որ Հունաստանը հանդիսանում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու ցանկությունը: Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով և հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանն այս հարցում կաջակցի Հայաստանին: Իհարկե, անդրադարձանք նաև տարածաշրջանային խնդիրներին: Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Մինսկի խմբի կողմից առաջարկված լուծումների տարբերակին: Մենք շնորհակալ ենք Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաև ժխտողականության դեմ պայքարում կատարած կարևոր օրենսդրական քայլի համար:

 

Օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը ցեղասպանության հանցագործության փուլ կազմող ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է: 2015 թվականին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարևոր հարթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու «Ցեղասպանության հանցագործության դեմ» վերտառությամբ միջազգային հասարակական-քաղաքական գլոբալ ֆորում: Ի թիվս այլոց, ֆորումին իրենց մասնակցությունը բերելու համար մենք հրավիրելու ենք բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին, որպես ցեղասպանության ենթարկված Պոնթոսի հույների ժառանգներին:

 

Ակնհայտ է և հասկանալի, որ այսօր ես պարոն Նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումներին: Մենք, անշուշտ, կարծիքներ փոխանակեցինք նաև միջազգային մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ: Որպես երկու հնագույն քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիչներ՝ մենք հատկապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների վիճակով: Հարգարժա՛ն պարոն Նախագահ, կրկին շնորհակալություն հայտնելով անկեղծ քննարկումների համար՝ ես սիրով խոսքը տրամադրում եմ Ձեզ: