Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 2-ին՝ Հայաստանի դիվանագետի օրը, Բենիլյուքսի երկրների դիվանագիտական, կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակներում հեղինակավոր «Diplomat Magazine» հանդեսում լույս է տեսել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի «Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը» հոդվածը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Իր հոդվածում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանն ու ստեղծագործ, մտավորական ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ ժողովրդին:
Անդրադառնալով 2018թ. Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին ՀՀ դեսպանը գրել է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ Հայաստանի շարժիչ ուժը հենց իր ժողովուրդն է, որն ի ցույց դրեց իր հավատարմությունը համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու հիմնարար ազատություններին, որը վճռականորեն պաշտպանեց իր իրավունքներն ու ազատությունները, միահամուռ կերպով ոչ ասաց կոռուպցիային ու մերժեց անցյալի բացասական երևույթներին, և երկիրը տարավ լայնածավալ բարեփոխումների ճանապարհով:
Տիգրան Բալայանն իր հոդվածում ընդգծել է, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը բացարձակ խաղաղ ընթացք է ունեցել, որը քաղաքական հասունության և իրավական գրագիտության բացառիկ դրսևորում էր՝ կանանց ու երիտասարդության առաջնորդող ուժի ազդեցությամբ: Այն ապահովվեց իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումը, որին էլ հետևեցին դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: «Պատահական չէ, որ երկրում ընթացող անցած տարվա քաղաքական զարգացումների արդյունքում «The Economist» հանդեսը Հայաստանին ճանաչել է որպես «Տարվա երկիր», նշել է Հայաստանի դեսպանը։
Դեսպանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, առանձնացրել Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:
Դեսպան Բալայանի բնորոշմամբ համահունչ ժողովրդավարության հասնելը բարդ գործընթաց է, որը պահանջում է տևական ժամանակ, անվերապահ նվիրվածություն և նույնիսկ մտածողության փոփոխություն: Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկել այս ուղին հարթելու համար: Հանրության վստահության և լեգիտիմության աննախադեպ մակարդակի շնորհիվ Հայաստանի կառավարությունը վճռական է բարեփոխումների բազմաշերտ և հավակնոտ օրակարգի իրականացմանը:
Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումներից՝ արտերկրից օժանդակության մասին, դեսպան Բալայանը գրում է, որ այս բարդ ճանապարհը Հայաստանը չպետք է միայնակ անցնի, նրան պետք է սատարեն ժողովրդավարական զարգացած երկրները` հատկապես Նիդերլանդները, որն աշխարհով մեկ մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունների առաջ մղող պետություն է:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեսպան Բալայանը գրում է․ «Հայաստանի առանձնահատկությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ թավշյա հեղափոխությունն ուներ միայն ներքին արմատներ և պայմանավորված էր ներսի խնդիրներով։ Ինչպես իր ծրագրում, այնպես էլ իրականացվող քաղաքականության մեջ կառավարությունը հավատարիմ է արտաքին քաղաքականության շարունակականությանը՝ երկկողմ և բազմակողմ մակարդակներով, նպատակ ունենալով ամրապնդել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ու կայունությունը և փոխշահավետ համագործակցությունը»։
Տիգրան Բալայանի բնորոշմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն է, ներքին քաղաքականությունն ուղղված է քաղաքացու բարեկեցության ապահովմանը, քանի որ մեզ համար ժողովրդավարությունն այլընտրանք չունի, իսկ Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար ժողովրդավարությունը կենսական կարևորություն ունի։
Տիգրան Բալայանի հոդվածն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.
http://www.diplomatmagazine.nl/2019/03/02/what-is-it-so-special-about-armenia/