կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-22 15:20
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ դեմ կպատերազմի Թուրքիան

Ո՞ւմ դեմ կպատերազմի Թուրքիան

Թեև նախօրեին թուրքական Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով Թուրքիայի 30 քաղաքացի է զոհվել, սակայն պաշտոնական Անկարան չի շտապում այդ կապակցությամբ արտահայտել իր դիրքորոշումը: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդամենը հայտարարել է, թե քննության նախնական արդյունքներով` ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը` խուսափելով, սակայն, գոնե որակում տալ տեղի ունեցածին:

Նման սպասողականությունը, որը խիստ անհամատեղելի է թուրքական դիվանագիտությանը բնորոշ կոշտությանն ու օպերատիվ արձագանքման աշխատաոճին, առաջին հայացքից թվում է տարօրինակ: Մինչդեռ իրականում պատճառն այն է, որ թուրքական իշխանությունները պարզապես հայտնվել են բավական անելանելի վիճակում: Դեռ նախորդ ամսվա սկզբին կառավարությունը հսկայական զորք և ռազմական տեխնիկա կենտրոնացրեց իր հարավային սահմաններին: Թեև վարչապետ Դավութօղլուն հայտարարել էր, որ դա արվել է կանխարգելիչ նպատակներով` սահմանների պաշտպանությունն իրականացնելու համար, սակայն պարզ էր, որ իրական պատճառը Սիրիա ներխուժելու ցանկությունն էր, ինչի համար Անկարան ուներ երկու հիմնական պատճառ:

Առաջինը քրդական զինված ուժերի կողմից  «Իսլամական պետության» զինյալների դեմ պատերազմում վերջին շրջանում տարած կարևորագույն մի շարք հաղթանակներն էին, որոնցից իր ստրատեգիական նշանակությամբ ամենակարևորը, թերևս, Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Ալ Աբդալ քաղաքի ամբողջական գրավումն էր, ինչն ուղղված էր Թուրքիայի հետ ԻՊ-ի հաղորդակցության հանգուցային ուղղություններից մեկն արգելափակելուն: Քրդերի այս հաջողությունները հսկայական ոգևորություն առաջ բերեցին Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդական շրջաններում` միանգամայն իրատեսական դարձնելով այդ տարածքներում քրդական պետականություն ստեղծելու հեռանկարը: Արդյունքում` բավական մեծ թվով քրդեր, նաև` Թուրքիայից, խմբերով միանում են ԻՊ-ի դեմ անողոք և հերոսական մարտեր մղող քրդական զինված ջոկատներին`փաստացի Թուրքիայի քթի տակ ստեղծելով մարտունակ, փորձված և հեռահար ամբիցիաներով քրդական բանակ, ինչը հսկայական ռիսկ է ստեղծում Անկարայի համար: Սիրիա ներխուժելու մտադրության հիմնական դրդապատճառն այդ ուժերի կենտրոնացումն ու մոբիլիզացումը թույլ չտալն է, հնարավորության սահմաններում նույնիսկ ոչնչացումը, նաև` Թուրքիայի ներկայիս թաքնված ստրատեգիական դաշնակցի վերածված ԻՊ-ին քրդական մղձավանջից ազատվելու հարցում շոշափելի աջակցություն ցուցաբերելը:

Երկրորդ պատճառը Սիրիայի հյուսիսային շրջաններն իր անմիջական վերահսկողության տակ առնելու խնդիրն է` Ասադի վարչակարգի դեմ ապստամբների` արդեն երեք տարի շարունակվող պատերազմում բեկում մտցնելը և Սիրիայում դրածո նոր իշխանությունների ստեղծումը: Որևէ պատրվակով Սիրիա ներխուժելու հնարավորությունը կարող էր այս խնդրի լուծումը դարձնել միանգամայն հնարավոր: Եվ կասկած չկա, որ եթե դա հաջողվեր, հիմնական թիրախում հայտնվելու էր սիրիական ամենամեծ քաղաքներից մեկը` Հալեպը` հայկական համայնքի մնացորդների հետ միասին, ինչպես նաև հայաբնակ Քեսաբը:

Թվում է, թե Սուրուչում կատարված ահաբեկչությունը նման հնարավորությունները երբեք չկորցնող Թուրքիայի համար ստեղծում է այդ պատրվակը, մանավանդ, եթե նկատի առնենք, որ 18-ամյա մահապարտ աղջիկը, որը գործողության մեջ է դրել պայթուցիկը, Թուրքիա էր ներթափանցել Սիրիայից: Սակայն այն փաստը, որ ԻՊ-ն արդեն իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը, կաշկանդում է Անկարային: Որովհետև միակ հիմնավորումը, որով կարող է Սիրիա ներխուժելու քայլը հիմնավորվել, ԻՊ-ի դեմ պատերազմ հայտարարելն է, ինչն այնքան հեշտ չէ իրականացնելը: Չի բացառվում, որ վերջինս հենց Թուրքիային Սիրիա ներքաշելու տակտիկական նկատառումներով է թուրքական սահմանամերձ քաղաքում իրականացրել ահաբեկչությունը: Բայց մտնել նման պրոցեսի մեջ` Անկարայի համար նշանակում է մտնել մի ավանտյուրիստական և խիստ անկանխատեսելի խաղի մեջ, որը կարող է հանգեցնել ողջ Մերձավոր Ասիան ընդգրկող պատերազմի:

Բացի դրանից` թուրքական ներկայիս իշխանությունները նման գլոբալ խաղին պատրաստ չեն, առաջին հերթին` ներքին խնդիրների պատճառով: Մեջլիսի ընտրություններից հետո հարաբերական մեծամասնություն ունեցող գործող իշխանությունը ներկայացնող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ոչ մի կերպ չի կարողանում կոալիցիա ձևավորել մյուս ուժերից որևէ մեկի հետ, ինչը երկիրը կանգնեցրել է քաղաքական ճգնաժամի և հնարավոր նոր ընտրություններ անցկացնելու խնդրի առջև: Նման պայմաններում ռազմական որևէ արկածախնդրության դիմելը, տևական կոնֆլիկտի մեջ ներքաշելը մի կողմից վերջնականապես կթուլացնի իշխող կուսակցության դիրքերը, մյուս կողմից` երկրի վերականգնվող տնտեսությանը հսկայական հարված կհասցնի: Որ այս վտանգները խիստ շոշափելի են, պարզորոշ ցույց տվեցին Սուրուչի ահաբեկչությանը հաջորդած` Ստամբուլում սկսված խռովությունները, որոնք մարելու համար ոստիկանությունը ստիպված է եղել հատուկ միջոցներ կիրառել:

Սակայն ոչինչ չձեռնարկելը կնշանակի ներել նման ոտնձգությունը: Անկախ այն բանից, որ ահաբեկչության զոհ են դարձել ոչ թե էթնիկ թուրքեր, այլ թուրքահպատակ քրդեր, դա կնշանակի ստեղծել նախադեպ և Թուրքիան, բառի բուն իմաստով, դարձնել ահաբեկչությունների թիրախ: ԻՊ-ի համար սա կարող է դառնալ Թուրքիայի հետ հաղորդակցվելու, նրա առջև պայմաններ դնելու արդյունավետ միջոց, ինչը թուրք հասարակությանը և միջազգային հանրությանը կհամոզի թուրքական իշխանությունների անվճռականության, անօգնականության մեջ: Սա հղի է լինելու հատկապես քրդական  տարրի ըմբոստացման հեռանկարով, որն այս պահին Սիրիայում և Իրաքում քրդական զինված ուժերի լոկալ հաջողությունների ֆոնին բացարձակապես պետք չէ Անկարային:

Եվ ահա Անկարան կանգնել է բավական ծանր երկընտրանքի առջև: Սիրիա մտնելու տարբերակի ընտրությունը հիմա բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին: Նախ` դրանով ուղղակի հարվածի տակ է հայտնվում սիրիահայ համայնքը, որի ֆիզիկական պաշտպանության, անվտանգության ապահովումը դառնալու է օրախնդիր: Մյուս կողմից` դա հանգեցնելու է քրդական գործոնի թուլացմանը, մինչդեռ` Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռության և հակակշիռների վրա խարսխված կայուն Մերձավոր Արևելք: Բացի դրանի`  նաև տարածաշրջանում իրավիճակի գերլարումը կարող է դրա մեջ ներքաշել միջազգային սանկցիաներից նոր ազատագրվող և Հայաստանի համար նոր կոմունիկացիոն, տնտեսական և քաղաքական հեռանկարներ բացող Իրանին:

Բայց օբյեկտիվորեն` այն վիճակը, որում հայտնվել է Թուրքիան, հենց նրա մեղքով է: Անկարայում չէին հաշվարկել, որ իրենց մեծացրած օձը կարող է նաև կծել իրեն տաքացնողին և մեծացնողին: Եվ հիմա Անկարայի ու միջազգային հանրության համար եկել է ճշմարտության պահը` խոստովանելու` ում է նա համարում իր բարեկամը և ում հետ է պատերազմելու` իր երդվյալ թշնամիները հանդիսացող քրդերի՞, թե՞ քողարկված բարեկամ-ահաբեկիչների:

Գևորգ Դարբինյան