կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 12:28
Հասարակություն

Ստամբուլը Թուրքիան չէ, եթե հարկ լինի` Թուրքիան Ստամբուլի վրա էլ զորք կհանի

Ստամբուլը Թուրքիան չէ, եթե հարկ լինի` Թուրքիան Ստամբուլի վրա էլ զորք կհանի

Ոչ մեկի հետ էլ պետք չէ հույս կապել: Հերթով այս կամ այն պետությունը Ցեղասպանության հարցը դնում է իր օրակարգում, վախեցնում Թուրքիային, հետո սկսում Թուրքիայի հետ առևտրի մեջ մտնել` հարցն օրակարգից հանելու համար. լրագրողների հետ զրույցում նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

 

Նա տեղեկացրեց, որ իրենք մեկն են այն հինգ կազմակերպություններից, որ շահել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթը` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ կապված: Մարուքյանը նշեց նաև, որ վերջերս հրատարակել են «Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» վերնագրով գիտական աշխատությունը, որում գիտական մակարդակով շատ ու շատ հարցերի պատասխաններ են տրվում:

 

«Այն ճանապարհը, որն այսօր ընտրել ենք, փակուղի է տանում, քանի որ միայն ճանաչումը մեզ ոչինչ չի տալու: Անհրաժեշտ է Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մասին բարձրաձայնել ու հարցին նայել այդ տեսանկյունից»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի հարցին` ողջունելի է Ցեղասպանությանը նվիրված ևս մեկ գիտական աշխատություն տեսնելը, սակայն ինչո՞ւ է աշխատությունը միայն հայերեն, չէ՞ որ մենք պատմությունը գիտենք և մեզ համար չէ, որ պետք է այդ փաստերն ապացուցենք, Մարուքյանը պատասխանեց, որ փաստերն այն կտրվածքով, ինչ գրքում են ներկայացված, անգամ մենք չգիտենք:. «Բայց, այո, ճիշտ եք: Պետք է նշեմ, որ գիրքն ունի ռուսերեն ծավալուն հավելված, իսկ առաջիկայում այն կթարգմանվի անգլերեն»,- ասաց նա:

 

Արևմտյան Հայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը, ով նույնպես շահել է ՀԵՀ-ի դրամաշնորհային ծրագիրը, նշեց, որ մենք շատ կարևոր մի բան ենք աչքաթող արել` Թուրքիայում ապրող հայության խնդիրը: «Մենք նրանց մասին շատ բան գիտենք, նրանք դեռ կրոնափոխ են լինում, այսինքն` Թուրքիայում Ցեղասպանությունը շարունակվում է` ուղղակի այլ համատեքստով»,- ասաց նա:

 

Ալվրցյանի հավաստմամբ` դժվար է հիմա թուրք հասարակության դարձի գալու մասին խոսել, քանի որ այն, ինչ կատարվում է Ստամբուլում /մտավորականների մի խումբ ընդունում է Ցեղասպանությունը/, նախ` համատարած բնույթ չի կրում և հետո` մանեւրելու տարբերակ է:

 

«Ուշադրություն դարձրեք` ի՞նչ են ասում նրանք: Թուրք մտավորականները ներողություն են խնդրում, և վերջ, նրանց նպատակը մեկն է` ներողություն խնդրել և անցնել առաջ, ներողությամբ էլ հարցը փակել: Երբ Դինքը մահվանից մեկ ամիս առաջ ինձ համոզում էր, թե թուրքերը կփոխվեն, ես նրան ասացի` հարգելի'ս, Ստամբուլը Թուրքիան չէ, եթե հարկ լինի` Թուրքիան Ստամբուլի վրա էլ զորք կհանի»,- ասաց Ալվրցյանը: