Ինչպես հաղորդում է
«Փաստինֆո»-ն, Սյունիքի մարզպետի մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանը կմնա կալանքի տակ: Այսօր նման որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը՝ քննելով Աթաջանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը:
«Եղավ այն, ինչ և սպասվում էր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում, մեկնաբանելով միջնորդությունը մերժելու մասին որոշումը, նշեց փաստաբանը:
«Եթե պաշտպանական կողմից 15 էջ հիմնավորումներով վերաքննիչ բողոք է ներկայացվում, վերաքննիչ բողոքը քննվում է մեկ ժամում, հարգելի դատավոր Տեր-Ադամյանը, ընդամենը 6 րոպե մնալով խորհրդակցական սենյակում, որոշում է կայացնում, որ ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավոր չէր,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով,- «մեկնաբանությունները թողնում են ձեզ, թե նիչպես է լինում, որ ընդամենը 6 րոպե է մնում դատավորը խորհրդակցական սենյակում և հանգում է որոշման, որ ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավոր չէր»:
Ի դեպ, Գարեն Աթաջանյանի փաստաբանը դիմել էր նաև նախաքննական մարմին՝ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ իր պաշտպանյալի առերեսումն իրականացնելու միջնորդությամբ: Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունը, բայց առերեսում առայժմ չի կատարվել:
«Որովհետև ես չգիտեմ, թե ում հետ պիտի կատարվի իմ պաշտպանյալի առերեսումը, ինձ էլ է հետաքրքիր»,- ասաց փաստաբանը՝ վերահաստատելով, որ մեղադրյալներից որևէ մեկին իր պաշտպանյալը չի ճանաչել և չի ճանաչում:
«Միայն Վիտալիի հետ ծանոթացել է դեպքից 20-24 օր անց: Այդ կապակցությամբ և միջնորդություն է արվել, այդ կապակցությամբ ևս միջնորդությունը բավարարվել է՝ պարզել նրանց միջև առկա միջանձնային շփումներն ու կապերը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը»,- կարդում ենք կայքում:
Հիշեցնենք` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ կողմից հուլիսի 3-ին ձերբակալվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը, Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը: