կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 13:07
Մշակույթ

Ինքս իմ մեջ հայ լինելու գաղտնիքն էի փնտրում. դաշնամուրային ներկայացում` Համազգային թատրոնում

Ինքս իմ մեջ հայ լինելու գաղտնիքն էի փնտրում. դաշնամուրային ներկայացում` Համազգային թատրոնում

Սեպտեմբերի 5-ին Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային ներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ թատերաշրջանի մեկնարկը: Ներկայացման տոմսերից գոյացած գումարը կփոխանցվի Համազգային թատրոնի շենքի կառուցմանը: Ի դեպ, սեպտեմբերի 5-ի համար բոլոր տոմսերը սպառվել են, ինչի հետևանքով էլ Լուսինեն սեպտեմբերի 6-ին նույնպես հանդես կգա ներկայացմամբ:

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Լուսինեն նշեց, որ ներկայացումը կոչվում է «Կարոտ», քանի որ ներկայացումը բեմադրելիս հենց այդ զգացողությունն է իրեն պատել: «Մենք 22 տարի է` ապրում ենք Գերմանիայում, և ես մի տեսակ կարոտ էի զգում: Ուզում էի նաև հասկանալ` ինչ է հայը, այդ ինչն է, որ չնայած այն փաստին, որ 22 տարի ապրում ես դրսում, բայց շարունակում ես մնալ հայ: Ինքս իմ մեջ հայ լինելու գաղտնիքն էի փնտրում… Պատասխանը գտա, պատասխանը ներկայացմանս մեջ է»,- ասաց նա:

Լուսինեն տեղեկացրեց նաև, որ ներկայացման մեջ հնչում են բացառապես հայկական գործեր, մեծ մասամբ` Կոմիտաս: «Ներկայացման մեջ միայն դաշնամուրային գործեր չեն, քանի որ հասկացա, որ միայն դրանցով չեմ կարող փոխանցել հայի, հայկականության ոգին: Ներկայացման մեջ հնչում են Խաչատրյանի, Միրզոյանի, Բաբաջանյանի, նաև Սայաթ-Նովայի գործերից»,- ասաց նա:

Ի դեպ, ներկայացումը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պրոդյուսերը Լուսինեի եղբայրն է` անվանի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Նա նշեց, որ իրականում դժվար էր նման ծրագիրը կյանքի կոչել, քանի որ երբ մարդիկ լսում են դաշնամուրային ներկայացում, չեն էլ իմանում` ինչ պատկերացնել:

«Ես հավատում եմ Լուսինեին, և մտքերը, որոնք նա ունի, շատ հարուստ էին, դրա համար էլ օգնեցի նրան: Ես չեմ սիրում, երբ խառնում են արվեստներն իրար, միացնում են, բայց դասական թատրոնն ու երաժշտությունը շատ մոտ են իրար, և շատ գեղեցիկ մի բան է ստացվել»,- ասաց Սերգեյը:

Լուսինեի ներկայացումն արդեն ցուցադրվել է Գերմանիայում և Ավստրիայում: