կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 18:40
Քաղաքական

2500 դրամի անատոմիան չբացահայտվեց. Աղվան Վարդանյանը՝ նախարարին

Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հավհաննիսյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա անհանգստություն հայտնեց հարկադիր կատարողների գործունեության հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ: Վարդանյանն ընթերցեց մի ծանուցում:

«Արդարադատության լեյտենանտ Վոլոդյա Մինասյանս որոշեցի հարուցել կատարողական վարույթ այսինչ այսինչյանից 5000 դրամ, կատարողական վարույթ, ինչպես նաև ծառայողական գործողությունների ծախս` 2500 դրամ բռնագանձելու մասին: Երկրորդ` 7500 դրամի չափով արգելանք դնել այսինչ այնինչյանին պատկանող գույքի, միջոցների վրա»,- ընթերցեց պատգամավորը, ապա հավելեց. «Ասեմ, որ այս թուղթն ինձ չի ուղված. իմ մեքենավար Անդրանիկ Ղամբարյանը տարին մեկ անգամ է խախտում անում: Հարգելի' կառավարություն, արագաչափերի, կարմին գծերի, տուգանքների, պետություն-մասնավոր հատված հարաբերությունների մասով լուրջ խնդիրներ ունենք, և այստեղ նոր կառավարությունն ունի ակնհայտ անելիք: Այս պարագայում ինձ հետաքրքրում է կատարողական գործողությունների կատարման` 2500 դրամ ծախսի անատոմիան: Խնդրում եմ՝ մանրամասն նկարագրեք՝ ի՞նչ է անում հարկադիր կատարողը, այս դեպքում` Վոլոդյա Մինասյանը»:

Վարդանյանը հարցրեց` արդյո՞ք այդ թիվը մեծ չէ: «Չե՞ք կարծում, որ այս ծառայությունը մասնավոր մի ընկերություն կարող է 300 դրամով կատարել, կամ տրամաբանական չէ՞, որ ծառայություն մատուցող հարկադիրը հենց 5000 դրամ տուգանքից վերցնի»,- շարունակեց նա:

Վարդանյանի հնչեցրած հարցին արձագանքեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը, որ ներկայացվելու է ԱԺ, քաղաքացիներին հուզող խնդիրներին լուծում կտա, և խոսքը կվերաբերի նաև քաղաքացու ֆինանսական վիճակով պայմանավորված գանձումներին: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ասեմ, որ վերանայման խնդիր գուցե դնենք, բայց սա պետության կողմից այն նվազագույն թիվն է, որ գանձվում է նաև աշխատանքի դիմաց` փոստային ծառայություններ և այլն: Կոնկրետ դեպքի հետ կապված` պետք է ստուգել` արդյոք կրկնապատկումներ եղե՞լ են, որովհետև դրանով ծախսերն ավելանում են: Ավելի հետևողական պետք է լինել և ճշտել, բայց, կառուցվածքի տեսանկյունից, սա պետության կողմից կատարվող ծախսն է»,- ասաց նախարարը:

Վարդանյանն արձագանքեց՝ ասելով, որ, այդուհանդերձ, 2500 դրամի անատոմիան չբացահայտվեց: