կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 17:26
Առանց Կատեգորիա

«Ազգային պատկերասրահ». փառատոն` գույնի և հնչյունի համադրությամբ

«Ազգային պատկերասրահ». փառատոն` գույնի և հնչյունի համադրությամբ

Հունիսի 18-ից հուլիսի 4-ը տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը: Yerkir.am-ի զրուցակիցն է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:

Փառատոնի` այս տարվա հյուրերը

Այս տարի հանդիսատեսին կներկայանանք 5 համերգով: Ունենք մասնակիցներ, որոնք առաջին անգամ են մասնակցում փառատոնին: Փառատոնի ծրագրերը բավականին բազմատեսակ են: Հունիսի 18-ին փառատոնի մեկնարկը կտրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կամերային համերգով: Ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը /Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ/,  դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը /սոպրանո/, Քրիստինե Սահակյանը /մեցցո-սոպրանո/: Ծրագրում կհնչեն Պերգոլեզիի «Ստաբատ մատեր»-ը և Բախի «Դաշնամուրային կոնցերտ»-ը:

Երկրորդ համերգը նույնպես ունի նվիրում, այն Երաժշտության համաշխարհային օրվան է նվիրված: Շատ հետաքրքիր ստեղծագործական մի զույգ է ստեղծվել. հունիսի 21-ին հանդես կգան ճանաչված երաժիշտներ Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր): Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կներկայացվեն ֆրանսիական և իսպանական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները:

Երրորդ համերգը նույնպես կամերային երաժշտության երեկո է: Կամերային երաժշտության երեկոն հայ ունկնդրին կներկայացնեն միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը /թավջութակ/ և Նարա Ավետիսյանը /դաշնամուր, ԱՄՆ/, ով 3 տարի առաջ է մեկնել Հայաստանից և հիմա ուսանում է Սերգեյ Բաբայանի մոտ: Բացի համատեղ ելույթից, նրանք հանդես կգան նաև որպես մենակատարներ:

Առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացվի բայան գործիքը

Փառատոնի ընթացքում կունենանք հյուր ՌԴ-ից, նա առաջին անգամ Հայաստանում կներկայացնի բայան գործիքը: Համերգը տեղի կունենա հունիսի 27-ին, «Գործիքային երաժշտության երեկո» խորագրով համերգին ելույթ կունենա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը: Ծրագրում կհնչեն Լորենցենի, Գուբայդուլինայի, Վիվալդիի, Պրոկոֆևի, Բարտոկի, Շչեդրինի և այլ կոմպոզիտորների գործեր: Հայկական գործեր, իհարկե, կհնչեն, բայց ոչ այդ գործիքով, քանի որ ժամանակը սուղ էր դրան պատրաստվելու համար: Մեր հետագա նպատակներից մեկն է` հայկական ստեղծագործություններից մեկը հնչի հենց բայանի կատարմամբ: Կուզեի նշել նաև, որ հանդիսավոր փակման համերգին` հուլիսի 4-ին,  ելույթ կունենան հայ երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը /մեցցո-սոպրանո, Շվեյցարիա/, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Դավիթ Բաբայանցը /բարիտոն/, Արմեն Աղաջանյանը /դաշնամուր/: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններ:

5 տարբեր համերգներ` 5 տարբեր խորագրերով, որոնց միավորում է մեկ բան

Յուրաքանչյուր ստեղծագործող ներկայանում է նորովի, թեև համախմբված են համատեղ ստեղծագործական աշխատանքով: Այս բոլոր համերգները մեկ բան է միավորում` փառատոնի գաղափարը, իսկ փառատոնի գաղափարը մեկն է` ներկայացնել դասական երաժշտությունը նոր տեղում, նոր մեկնաբանություններով և նոր անուններով:

Փառատոնը` ստեղծագործողների միջև կամուրջ

Այն «Ազգային պատկերասրահ» փառատոն է անվանվել հենց այն պատճառով, որ անցկացվում է պատկերասրահի Որմնանկարների սրահում: Անվան հետ կապված` նաև այլ գաղափարախոսություն ունենք` մենք ընդգրկում ենք ոչ միայն օտարերկրյա երաժիշտներին, այլ նաև հայ երաժիշտներին, ովքեր բնակվում են արտերկրում: Նրանք էլ, ժամանելով Հայաստան, ներկայացնում են տարբեր դպրոցներ, և ստացվում է` սա մի կամուրջ է, որը միավորում է ստեղծագործողներին: Փառատոնի ընթացքում մենք տարբեր մշակույթներ ենք ուզում միացնել:

Գույնի ու հնչյունի միասնությունը

Փառատոնն ընդունվեց ու սիրվեց հանդիսատեսի կողմից. փառատոնն իր 11 տարիների ընթացքում ձևավորեց մշտական հանդիսատեսի կորիզ և այս ընթացքում ոչ միայն չկորցրեց իր հանդիսատեսին, այլև տարեցտարի ավելացավ նրանց թիվը: Հետաքրքիրն այն է, որ փառատոնը գույնի և հնչյունի միասնությամբ է անցկացվում: Մեր մշակութային կյանքում անհրաժեշտություն էր փառատոնի ֆորմատը, քանի որ նման փառատոների օրինակներ կան այլ երկրներում:

 Փառատոնի հաջողության գրավականը`  չկրկնել նախորդը

Գիտե՞ք` ինչպես պետք է չհոգնեցնել հանդիսատեսին` երբեք չկրկնել համերգային ծրագիրը և ամեն անգամ ներկայանալ նորովի: Եթե անգամ նույն մարդը նորից է մեզ մոտ ելույթ ունենում, նոր ծրագրով է հանդես գալիս: Ես` որպես երաժիշտ, ուզում եմ ասել, որ մեր հաջողության գրավականն այն է, որ համերգները լինում են բովանդակալից և ունենում գաղափար: Փառատոնի գլխավոր ձեռքբերումն այսքան տարիների ընթացքում այն է, որ ունենք երաժիշտների մի մեծ բանակ` թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, որոնք ոչ միայն սպասում են հրավերի, այլև առաջարկություններ են անում մեզ: Երբ նոր էինք սկսում, մենք ինքներս էինք փնտրտուքների մեջ, իսկ հիմա ընտրության հնարավորություն ունենք: Ցանկացած գաղափար կյանքի է կոչվում, երբ համախոհների բանակ ես ունենում, թե չէ` գաղափարը գաղափար էլ կմնա, ինչքան էլ գրավիչ լինի:

Կարինե Հարությունյան