կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 19:22
Արցախ

Վաղ թե ուշ օդանավակայանը կսկսի գործել. ԼՂՀ արտգործնախարար

Վաղ թե ուշ օդանավակայանը կսկսի գործել. ԼՂՀ արտգործնախարար

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական Die Presse թերթին, տեղեկացնում է «Արցախպրեսը»:

 Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-Տարիներ առաջ կառուցված Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը Ադրբեջանի սպառնալիքների պատճառով դեռեւս չի բացվել: Ե՞րբ է օդ բարձրացվելու առաջին օդանավը:

-Հուսամ՝ հնարավորինս շուտ: Խոսքը գնում է հումանիտար քայլի մասին: Երկրի քաղաքացիներն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն: Իսկ ադրբեջանցիները համապատասխան չեն արձագանքում: Նրանք օրենքներ են փոխել, որպեսզի իրենց բանակին իրավունք վերապահեն կործանելու քաղաքացիական օդանավերը: Կարո՞ղ եք պատկերացնել: Եթե նրանք մեր օդանավերից մեկին կրակեն, մենք կրակին անմիջապես պատասխան կտանք: Դա կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի:

-Ե՞րբ օդ կբարձրանա առաջին օդանավը:

-Միգուցե վաղը, միգուցե երեք տարուց: Ես կանխատեսումներ չեմ անում: Բայց վաղ թե ուշ օդանավակայանը կսկսի գործել: Մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, այլ ոչ թե Քարե դարում:

-Ես հարցնում եմ նաեւ այն պատճառով, որ Ձեր երկիրը՝ արտաքին աշխարհի հետ իր միակ ճանապարհային կապով տնտեսապես թերեւս դիմակայել չի կարող

-Բոլոր տնտեսական օրենքների համաձայն մենք արդեն վաղուց վերացած պիտի լինեինք: Բայց այստեղ մարդիկ շատ աշխատասեր են: Նախորդ տարի մեր տնտեսական աճը կազմել էր ինը, տասը տոկոս: Ես դա անվանում են Ղարաբաղյան հրաշք: Քանի որ երբ մենք 20 տարի առաջ սկսեցինք կառուցել մեր տնտեսությունը, մենք գրեթե ոչինչ չունեինք: Խորհրդային տարիներին մենք ունեինք գյուղատնտեսական երկիր, սակայն պատերազմի տարիներին գյուղերն ավերվեցին: Իսկ այսօ՞ր: Մենք լրացուցիչ ունենք տնտեսության նոր ճյուղեր: Ես քիչ առաջ մասնակցում էի բարձր տեխնոլոգինաերի մի Start-up-Center-ի բացմանը:

-24 տարվա ընթացքում աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել անկախությունը: Ինչո՞ւ:

-Այդ մասին Ձեր կառավարությանը հարցրեք: Սակայն իրավացի եք, որ գործընթացն ազգային մակարդակում կանգ է առել: Այդուհանդերձ, մեզ ճանաչել են ԱՄՆ մի շարք նահանգներ, ինչպես նաեւ ավստրալիական ամենամեծ նահանգը, իսկ վերջերս էլ՝ Բասկերի Երկիրը: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ արհեստական խոչընդոտները չեն օգնի Լեռնային Ղարաբաղին: Մեզ համար ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ դա հնարավորություն է ամրապնդելու մեր հաջողությունները պետականաշինության գործում: Որպես պատմաբան գիտեմ, որ եղել են բազմաթիվ երկրներ, որոնք երկար ժամանակ գոյություն են ունեցել առանց միջազգային ճանաչման եւ շատ ազդեցիկ էին: Հիշենք Միացյալ Նահանգները:

-Երբ հակամարտությունն ավարտվի, կողմերը ստիպված են լինելու գնալ զիջումների: -Ինչպիսի՞ն կլինի Ձեր առաջարկը:

-Ադրբեջանի կողմից պատերազմի մշտական սպառնալիքների այս մթնոլորտում անհնար է խոսել փոխզիջման մասին: Նախեւառաջ Ադրբեջանը պետք է վերջ դնի այս քաղաքականությանը: