կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 14:44
Իրավական

Ազդարարի ինստիտուտը վաղ, թե ուշ գործելու է. Դավիթ Հարությունյան

Ազդարարի ինստիտուտը վաղ, թե ուշ գործելու է. Դավիթ Հարությունյան

Այսօր տարվա գործունեությունն ամփոփեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում իրականացվել են 7 կարևոր քայլեր, որոնցից հիմնարարը կոռուպցիայի դեմ հանձնաժողովի  մասին օրենքի մշակումն էր: Սահմանվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջը՝ 3 բացառություններով: Այդ բացառությունները վերաբերում են դատավորներին, դատախազներին ու պատգամավորներին: Հանձնաժողովը ձեռք է բերում պատշաճ գործիքակազմ՝ հետևելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերին, ստուգելու դրանք:  

Մի քանի կարևոր քայլեր էլ են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ամենակարևորը՝ ապօրինի հարստացման քրեականացումն էր` ըստ նախարարի: Օրենքի սողանցքները հստակեցվել են, կանխիկ դրամով գործարքները սահմանափակվել են պաշտոնատար անձանց համար:

Հաջորդ կարևոր քայլը ազդարարի ինստիտուտն է: «Ազդարարը մեզանում շատ հաճախ դիտվել է որպես բացասական երևույթ: Այստեղ դեր է խաղացել մեր անցյալը, երբ այս կամ այն հանցագործության մասին ազդարարողները բացասաբար էին դիտվում, և նրանք զրկված էին որևէ պաշտպանությունից: Ազդարարման մասին օրենքը ոչ միայն մեխանիզմներ է տալիս` նրանց պաշտպանելու, այլ նաև սահմանել է համապատասխան տեխնիկական միջոցներ, որով ազդարարները անանուն կհաղորդակցվեն իրավապահ մարմինների  հետ»,- ասաց նախարարը:

«Հաջորդ կարևոր քայլը կոռուպցիայի դեմ պայքարն էր այն ոլորտում, որտեղ պետությունը մատուցում է ծառայություններ՝ խստացնելով վերահսկողությունը, կիրառելով էլեկտրոնային ծառայությունների մեծ դաշտ, նվազեցնելով շփումները ծառայություն մատուցի և ստացողի միջև»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ գործում են էլեկտրոնային նոտարի, թեժ-գծի ծառայությունները և այլ էլեկտրոնային հարթակներ:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ հասարակությանը խորթ` ազդարարի ինստիտուտը այդպես էլ չի ինտեգրվի հանրության մեջ, նախարարը պատասխանեց. «Հնարավոր չէ, որ այդ ինստիտուտը շարունակի խորթ մնալ: Բոլոր երկրների փորձը, ուր կա ազդարարի ինստիտուտը,  ցույց  է տալիս, որ հասարակությունը դառնում է շատ ավելի ակտիվ: Այնպես որ` անխուսափելիորեն այդ ինստիտուտը գործելու է»: