Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The New York Times թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ԱՄՆ հասարակությունն այդ իրադարձությունների կապակցությամբ ի՞նչ հետևություն պետք է անի, ասել է. «Նույնիսկ այսօր է մարդկությունը նման սարսափելի հանցագործությունների ականատես լինում: Պատմությունը կշարունակի կրկնվել, քանի դեռ անցյալի հանցագործությունները չեն ստացել միանշանակ գնահատական: Այսօր մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որոշակիորեն պարտավորված ենք զգում, քանի որ յուրահատուկ առաքելություն ենք կրում՝ ցեղասպանությունների հետագա կրկնությունը կանխելու համար: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք, որպեսզի անցյալի հանցագործությունները ճանաչվեն և դատապարտվեն:
Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների ճանաչման, դատապարտման, ժխտողականության ու բացառման հարցում: Սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը, այդ թվում` Միացյալ Նահանգների կառավաւրությանն ու հասարակությանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին: Հայոց ցեղասպանությունն անվիճելի փաստ է՝ միջազգային հանրության կողմից փաստաթղթավորված, որը Օսմանյան կայսրության իրագործած զանգվածային կոոտրածներից փրկված հարյուրհազարավոր հայերի ապաստան էր տրամադրում: Այսօր նույնիսկ թուրքական հասարակության կրթված շրջանակներն են հաշտվել իրենց անցյալի հետ՝ ի հեճուկս իրենց պետության պաշտոնական ժխտողական դիրքորոշման:
Քանի որ միջազգային հանրության համար մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները դառնում են բացարձակ արժեքներ, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ենթակա դարձնելը հակասում է ժամանակակից աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին: ԱՄՆ-ի ուժը նույնպես պայմանավորված է այդ բացարձակ արժեքներին հավատարմությամբ: ԱՄՆ օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող ութ բանաձև է ընդունել: ԱՄՆ 40 նահանգներում այդ բանաձևը պաշտոնապես ճանաչվել է: 1980-ականներին Ռեյգանի վարչակազմը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Վաղ թե ուշ Թուրքիան ստիպված կլինի առերերսվել սեփական անցյալի հետ եւ կազատագրվի՝ արդարության վերականգնմամբ»: