Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերիքնազ Թորոսյանի պատմությունը
Մուշ
Մարիամ Մուրադյանն ArmneianGenocide100.org-ին է ներկայացրել Հերիքնազ Թորոսյանի պատմությունը: Նա 5-6 տարեկան է եղել, երբ սկսվել է տեղահանությունը: Հարևան քուրդը սպանել է Հերիքնազի մորն ու տիրացել տանը: Որբացած երեխաները ռուս զինվորների օգնությամբ կարողացել են հասնել Ալեքսանդրապոլ ու գտնել հորը:
«Ես՝ Հերիքնազ Երանոսի Թորոսյանս, ծնվել եմ Մշո (Մուշ) երկրում, չգիտեմ՝ որ թվին, չգիտեմ՝ որ գյուղում, քանի որ 1915թ․ թուրքական կառավարության կողմից հայերի զանգվածային կոտորածի՝ Եղեռնի տարում ես կլինեի երևի 5-6 տարեկան, ոչ ավել։ Հիշում եմ՝ մեր ընտանիքը բաղկացած էր վեց հոգուց՝ հայրս՝ Երանոս Թորոսյան, մայրս՝ Աղունիկ, քույրս՝ Լուսիկ, եղբայրս՝ Պողոս, և փոքր քույրս, որի անունը չեմ հիշում: Հայրիկս մեզ հետ չէր, մեզանից հեռու զինվորական ծառայության մեջ էր երևի (Լենինական) Ալեքսանդրապոլում։
Մեր տանն ապրում էինք ես, 2 քույրս, եղբայրս ու մայրս։ Հայրս նամակներ էր գրում մորս ու պատվիրում, որ մայրս մեզ վերցնի և տեղափոխվի հորս մոտ, քանի որ վատ բան է սպասվում։ Բայց մայրս չէր ուզում թողնել մեր տունն ու տեղը, մեր ապրուստը։ Հայրս կրկին նամակ էր գրել, վերջին նամակի հետ ուղարկել էր նաև իր ծխախոտի տուփը (ղութին), որով համոզում էր, որ անպայման վերցնի երեխաներին ու տեղափոխվի, քանի որ խառը ժամանակներ են։ Եղբայրս էլ համոզեց մայրիկիս, որ անպայման պետք է թողնենք ամեն բան և հեռանանք հարազատ տնից։ Դե որ այդպես է գնանք հարևանի (որոնք քուրդ էին) խնոցին բերենք կարագ հարենք, որ ճանապարհին ուտենք։
Ես, մայրս և մորս գրկին կուրծք ուտող քույրիկս, եղբայրս գնացինք քուրդ հարևանանց տուն։ Քանի դեռ մայրս դրսում զրուցում էր նրանց տանեցիների հետ, քուրդ տղամարդը դուրս բերեց հրացանը և բռնեց մորս վրա։ Եղբայրս բարձրաձայն լացեց ու ասեց․
-Մամա, քեզ ուզում է սպանի։
Քուրդն ասեց՝ չէ, չեմ սպանում։ Ասեց ու կրակեց ուղիղ մորս կրծքին։ Մայրս արնաշաղաղ ընկավ։ Մենք մնացինք առանց մայր։ Այդ կրծքի երեխային էլ ընդամենը 3-4 օր կարողացանք պահել, նա էլ մահացավ։ Իսկ այդ քուրդը մեզ դուրս հանեց մեր տանից և ինքը տեր կանգնեց մեր տանը։ Մենք գիշերում էինք ոչխարների փարախում, իսկ ցերեկը մուրացկանություն էինք անում։ Այդ օրերին մեզ մոտ եկան ռուս զինվորներ, մեզ հարցրին՝՝ ինչու՞ եք այդպես, ու՞ր է ձեր մայրը։ Մենք ամեն բան պատմեցինք կազակներին։ Նրանք մեր աչքի առջև սպանեցին արյունախում քրդին մի թեքություն ունեցող տարածության վրա։ Մեզ էլ հավաքեցին ու տարան հորս մոտ։
Հայրս ինձ ու եղբորս՝ Պողոսին, տարավ հանձնեց որբանոց Ալեքսանդրապոլում, իսկ ինքը և մեծ քույրս՝ Լուսիկը, մնում էին Մարալիկում (Իլխիաբին)։ Մի ճակատագրական օր ինձ համար եղբայրս՝ Պողոսն ասեց՝ դու մնա այստեղ, ես գնամ հայրիկին ու քույրիկին տեսնեմ ու գամ։ Ասեց ու գնաց։ Ես էլ չհամբերեցի տեղս, իրեն հետևից վազեցի, բայց չհասցրի. մի գնացք անցավ եղբորս հետևից, և ես մնացի մեն-մենակ։
Այսքանից հետո նորից փախեփախ եղավ։ Մեզ՝ որբանոցի երեխաներիս, տեղափոխեցին Ստեփանավան (Ջալալողլի)։ Էլ չգիտեմ՝ եղբայրս գտավ հորս, թե՝ չէ։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ մնացինք Ջալալողլու որբանոցում, այդտեղ էլ նորից ահազանգ եղավ և փախեփախ սկսվեց։ Ոտքով փախանք անտառի մեջ, բոլորը գնացին, ես մնացի անտառում մեն-մենակ, չոքերս թուլացել ընկել էի, էդտեղ էլ էլի չգիտեմ՝ ինչքան ժամանակ եմ ընկած մնացել, որ երկու ձիավոր անտառով գնալիս են լինում Սանահին, նկատում են գետնին ընկած կիսամեռ փոքրիկ աղջկան, իջնում են ձիերից խոսացնում են մանկանը, բայց մանուկը ոչինչ չի պատասխանում, հաց են տալիս, չի ուտում։
Անցորդները պատմել են, որ երեխայի փորիկը ուռած էր, խիստ մեցացած։ Որոշում են հաց ու ջուր դնեն մոտը ու գնան իրենց գործին, հետ գալու ժամանակ, եթե երեխան կենդանի լիներ, վերցնեն իրենց հետ։ Ինչպես մտածել էին, այնպես էլ անում են։ Դարձի ճանապարհին երեխային գտնում են ճիշտ նույն տեղում, ջուրը խմած է լինում, բայց հացն անշարժ մնացած է լինում։ Մանկանը դնում են իրենց գրկին, ձիով տանում Չանախչի գյուղը, որտեղ ապրում էր մի ոտքը կտրած Նախշուն տատը։ Երեխային հանձնում են Նախշունին ու ասում․
-Պահիր, բան կդնես առաջդ կբանեցնես, որբ երեխա է, քեզ աղջիկ կլինի։ Հանձնում են ու իրենք գնում։ Հիշում եմ ինձ հարցրեց Նախշունը՝ անունդ ինչ է։ Ես ասեցի Հերիքնազ։ Պարզվեց, որ Նախշունն էլ ուներ Հերիքնազ անունով աղջիկ։ Նա ինձ ասեց՝ քո անունը մենք կփոխենք ուրիշ անուն կդնենք։ Ես լացեցի և խնդրեցի, որ հորս դրած անունը չփոխեն, թե չէ ես կփախչեմ ուրիշ տուն։ Նրանք համաձայնվեցին ինձ հետ։ Ես մնացի Նախշունի մոտ և իսկական որբություն կրելով՝ ապրեցի իրենց տանը մինչև 14 տարին լրանալս։ Որբության և զանազան չարչարանքների հետ ես օրեցօր գեղեցկանում և թմբլիկանում էի։ Այդ օրերին Գյուլիբաղից Իշխանյան Վարդանի քույրերը, ցանկանալով իրենց եղբորը պսակել, ցույց են տալիս 14 տարեկան Հերիքնազին, Վարդանը ասում է․
-Գաղթականի աղջկանից ինչ կնիկ կլնի:
Չի համաձայնվում իր քույրերի հետ, բայց քույրերը Լուսիկը, Ազիզը, Նաթելը զոռով են իրենց եղբորը համոզում ու հարս են բերում Հերիքնազին, որը ոչ մի բանի շնորհք չի ունենում։ Սակայն իմ տալները՝ Ազիզը, Լուսիկը, Վարդանից աննկատ ամեն բան իրենք անում էին (տուն հավաքում, ճաշ եփում․․․) և Վարդանին համոզում, թե այդ ամենը քո կինն է արել։ Ընդամենը 10 տարվա միատեղ կյանք վարելով Վարդանի հետ՝ ունեցանք 5 աղջիկ՝ Աղուն, Մարգո, Սոնիկ, Ռոզա, Արուս։ Արուսը 3 ամսեկան էր, երբ Վարդանին բռնադատեցին աքսորի և այլևս չվերադարձավ։ 1937թ․ բանտարկյալների հետ միասին, որպես իբր «Տրոցկիստ»։
Իհարկե, հետագայում արդարացրին, բայց դրանից հետո սկսվեց ավելի դաժան օրեր ինձ համար։ Չունեի ոչ մի հարազատ, մեծ չարչարանքներ կրելով մեծացրի որբուկներին։ Եվ քանի գնում, այնքան ավելի էի զգում հարազատի կարիք։ Երեխաներս փորձեցին գտնել Պողոսին, նյութ տվեցին «Հայրենիքի ձայն» թերթին, դես ու դեն հարցումներով, սակայն ոչ մի արդյունք»։
Հերիքնազը հարազատների կարոտը սրտում մահացավ 1985 թվականին։ Այսօր պարտքի զգացումով շատ ենք ցանկանում գտնել Պողոսի, Լուսիկի զավակնեին, բայց չգիտենք, թե ինչպես և որտեղ փնտրենք»։