կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 13:29
Հասարակություն

Մեր որդիները զոհվեցին Արցախում, իսկ ''Արցախբանկը'' տիրացավ մեր բնակարաններին

Մեր որդիները զոհվեցին Արցախում, իսկ ''Արցախբանկը'' տիրացավ մեր բնակարաններին
«Մեր որդիները զոհվեցին Արցախում, իսկ  «Արցախբանկը» տիրացավ մեր բնակարաններին»: Այսպիսի գրությամբ պաստառ էին կրում այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց հավաքված` «Տոնուս» ընկերության կողմից խաբված` Դավիթաշեն 46 շենքի հարեւանությամբ գտնվող եւ Փափազյան 118/1 նորակառույց շենքերի մի քանի տասնյակ բնակչներ:

 

Նշենք,  որ հունիսի 14-ին  ուժի մեջ է մտել դատարանի` «Տոնուս» ընկերությունը սնանկ ճանաչելու մասին որոշումը:

 

150 շահառուներ, ովքեր  2007-ին պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ եւ, ըստ որի, վճարել են գումար (ոմանք՝ ամբողջությամբ, ոմանք՝ մասամբ), պետք է մինչև 2010 թվականի սկիզբը ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ նրանց բնակարաններ չեն տվել՝ պատճառաբանելով, թե ընկերությունը սնանկ է ճանաչվել և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը: Կիսակառույց շենքը գրավադրված է «Արցախբանկում»

 

Խաբված բնակիչները մի քանի անգամ բողոքի ցույց են կազմակերպել  կառավարության, ֆինանսների նախարարության, «Տոնուս» ընկերության և «Արցախբանկի» առջև, սակայն այդպես էլ որևէ գերատեսչությունից կոնկրետ պատասխան չեն ստացել: Այս անգամ նույնպես ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում էին, որպեսզի միջամտի և «Արցախբանկին»  պարտավորեցնի շենքը գրավից հանել: Նրանք հստակ  ժամկետներ էինն ակնկալում:

 

Բնակիչներին ընդունեց կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա հայտնեց, որ կառավարությունը որեւէ պարտավորություն չունի և իրավունք չունի խառնվելու խնդրին, սակայն կանգնում է բնակիչների կողքին:

 

Ակցիայի մասնակիցներն Ալեքսանդր Ղազարյանին համոզեցին իրենց հետ գնալ` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ անձամբ հանդիպելու, քանի որ բազմիցս եղել են ֆինանսների նախարարության շենքի մոտ, սակայն պատասխան չեն ստացել։ «Որ տեսնի Ձեզ հետ ենք, անպայման կընդունի»,- ասաց բնակիչներից մեկը:

 

Ի վերջո, 6 բնակիչներ, Ղազարյանի ուղեկցությամբ, գնացին  նախարարություն, որտեղ նրանց ընդունեց նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը: Մոտ մեկ ժամ տևած բանակցությունից հետո նախարարի խորհրդականը  խոստացավ մեկ շաբաթից ընդունել բնակիչներին` առանձին-աձանձին: Բնակիչները, սակայն, այդքանով չսահմանափակվեցին: Նրանք իրենց ստորագրություններով նամակ էին պատրաստել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար, սակայն կասկածում էին, որ Ծառուկյանն իրենց կընդունի, քանի որ լսել էին, որ նա  ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ  Տոնոյանի անունն անգամ չի ուզում լսել:

 

Մանրամասները` տեսանյութում: