կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-24 15:17
Հասարակություն

Թուրք խուժանը մտավ գյուղը և սպանեց բոլորին` անխտիր

Թուրք խուժանը մտավ գյուղը և սպանեց բոլորին` անխտիր

Աղբյուրը՝ armeniangenocide100

Վարդանուշ Սաֆարյանի վկայությունը

Արճակ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Վարդանուշ Սաֆարյանը վկայություն է թողել Վանի գավառի Վանի գավառակի Արճակ գյուղի կոտորածի մասին: Նա պատմել է, որ տեգրոջը սպանել են քրդերը, իսկ սկեսրայրի դին գտել են իրենց տան ախոռում: Նրա պարանոցը կտրել են, սպանել էին նաև շանը: Վարդանուշի տեգոր կինը չի դիմացել գաղթի ճանապարհի դժվարություններին և մահացել է:Այգեստան հասնելուց հետո մահացել է նաև նրա սկեսուրը:

 

[1916 թ.]

 

Բաքու

 

 

Աւետիքին Սարայի գայմագամի մեր գիւղին կոտորած միջոցին ես իմ երեխաներով Խառակոնիս էի գնացել, իսկ տագերս` Պետրոսի կինը Արճակը մնացած էր: Խառակոնիս էին նաև տագրս՝ Պետրոսը և ամուսինս՝ Աշոտը: Պետրոսը իր կնոջ ազատելու համար Արճակ գնաց: Գիւղը հասած միջոցին քիւրտեր նրան կը տեսնեն: Մինչդեռ ինքը կը վազէ կինը գտնելու, քիւրտեր վրայ կը հասնին և մի քանի հրացանի գնդակներով գետին կը փռեն Պետրոսին: Կեսրայրս` Ասլանը, մեր ախոռին մէջ կը սպաննեն: Վանի ազատուելէն յետոյ գիւղը գացինք և տեսանք, որ անոր վիզը կէս կտրած, մեր շունը սպաննած ու անոր գլխուն դրած են բարձի տեղ :Մենք արդէն Խառակոնիս էինք, Սարայի գայմագամը Արճակ կոտորելէն յետոյ Խառակոնիսի վրայ եկաւ, մեր տղերքը, մի օր անընդհատ կռուելէն յետոյ, երեկոյեան Աւերակի գիւղով ուզեցինք Վան անցնիլ: Ճամբան այնքան դժուար էր, որ չէինք կարող տանիլ. 3 երեխաներուս ես գրկած ու շալակած կը տանէի յուսահատ, անոնց անօթութիւնը ու ծարաւը ձիւնով անցուցած եմ: Աւերակի գիւղը հասնելու յաջորդ օրը, երբ մենք ուտելիքի պատրաստութիւն կը տեսնայինք, մեր ետևէն իյնող խուժանը եկաւ և  գիւղը պաշարեց: Խուժանը գիւղը մտաւ և պատահածին սպաննեց անխնայ: Ես, երեխաներս գրկած, մի քանի կիներու հետ սարը գացինք և փախած միջոցին ձորի մը մէջ տեսանք թիւրքերը բռնած էն խառակոնիսցի Սարգիս Եղոյեանը, իր հետը եղող 8 տղամարդերով և մերկացուցած զարհուրելի տեսակներով կը կատարեն ոճիրը, դաշոյնները մերկացուցած` փոքրիկ փոքրիկ կը կտրատեն:

Մեզ նշմարող թիւրքերը մեր կողմը եկան և մեզ կողոպտեցին, միմիայն շապիկ և  վարտիկ թողնելով: Մենք, ետ մնալով, գիշերով դէպի քաղաք կերթայինք: Այգեստանի վերը հայկական 18 հոգիէ բաղկացած խումբ մը տղերք մեզ պատահեցան Այգեստան ղրկեցին, ուր որ արդէն կը դիմաւորէին հայ տղերքը:

 

Տագերս կինը` Սոնան, ճամբան չափազանց չարչարուելէն վիժեց և մեռաւ Այգեստան հասած երկրորդ օրը: Հոս մեռաւ նաև սկեսուրս` Ալմաստը: Վանի ազատուելէն յետոյ գիւղը գացինք, ուր որ մեռաւ տղաս` Պարգև:

 

1915 յուլիսեան նահանջին դէպի Բագու եկած միջոցին գնացքի մէջ մեռաւ տագերս տղան` Անդրանիկը, իսկ մնացածներս ողջ կապրինք Բագու:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թթ. 11-12 շրջ., բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 62 – 63: