կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 16:11
Առանց Կատեգորիա

Խմբակային բրինձ ուտելու մասին

Խմբակային բրինձ ուտելու մասին

Մի օր, երբ Լաո Ցզին իր աշակերտների հետ չինական գյուղերից մեկում բրինձ էր ուտում, աշակերտներից մեկը, տեսնելով, որ ուսուցիչն ավարտեց ուտելը, հարցնում է. «Ուսուցի'չ, իսկ ինչո՞ւ են մարդիկ հաճախ մենակ մնում»: Լաո Ցզին, միայն մի պահ անակնկալի գալով, թե ի՞նչ կապ ունի միայնությունը խմբակային բրինձ ուտելու հետ, արագ սթափվում է եւ պատասխանում. «Որովհետեւ մարդիկ հաճախ չեն հասկանում, որ երբ այսօր կողքիդ մարդ կա կանգնած, դա նշանակում է, որ նա վաղը կարող է եւ չկանգնել կողքիդ»:

 

Ով չգիտի, ասենք, որ Լաո Ցզին ամենեւին էլ հայ չի եղել, հետեւաբար, եթե անգամ կապ ունի այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ, ապա` միայն փիլիսոփայական տեսանկյունից: Իսկ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից այսօր կառանձնացնենք Ազատության հրապարակում ժամը 19-ին նախատեսված բողոքի երթը՝ ընդդեմ հոսանքի հնարավոր թանկացման, ավելի ճիշտ՝ ակցիայի մասնակիցներին:

 

Ըստ ամենայնի` այդ երթը մարդաշատ է լինելու, ընդ որում` մի շարք պատճառներով: Նախ` իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ կապ չունի` ինչի դեմ ես բողոքում, միշտ կողքիդ կանգնողներ կան: Հետո` հոսանքն այսօր համարվում է առաջին անհրաժեշտության ապրանք, հացի պես մի բան: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ մեզանում շատերը կարող են մի քանի ժամ հաց չուտել, բայց չեն կարող մի քանի ժամ համակարգչից չօգտվել, ապա` հացից էլ կարեւոր բան:

 

Ապա նաեւ` ինչպես ցանկացած բողոք, այս մեկը եւս հասարակության լայն շրջանակների համար դիտարկվում է որպես այս ամենին, հատկապես` այս բոլորին վերջ տալու միջոց: Այսինքն` հոսանքի թանկացմանը դեմ լինելով հրապարակ եկած բազմաթիվ բողոքավորների համար տվյալ բողոքի թեման միայն պատրվակ է:

 

Եվ վերջապես վերջին պատճառը, որն ամենափիլիսոփայականն է` մարդիկ, արհամարհված լինելով` որպես քաղաքացիներ, հրապարակ գալով փորձ են անում, գուցե` ակամայից, մասնակից դառնալ քաղաքական գործընթացներին եւ, ինչու ոչ, ուղղորդել դրանք: Կլինեն, իհարկե, նաեւ այնպիսիները, որ հրապարակ կգան, որովհետեւ առանձնապես բան չունեն անելու այսօր երեկոյան, կամ` «զա ինտերես», բայց այս խումբ մարդիկ ե'ւ շատ չեն, ե'ւ էական ազդեցություն չունեն ընդհանուր ցուցարարների մեջ:

 

Ցուցարարների` հրապարակ գալու հենց այս տարբեր պատճառներն էլ, եթե կարելի է, փիլիսոփայությունն է: Բանն այն է, որ, եթե դուք տեսնում եք մարդկանց խումբ, ովքեր խմբակային բրինձ են ուտում, դա չի նշանակում, որ նրանք իրականում բրինձ են ուտում: Օրինակ` Լաո Ցզիի եւ նրա աշակերտների պատմությունից պարզ երեւում է, որ աշակերտներից կոնկրետ մեկը մտածում էր ուսուցչին հարց տալու մասին, եւ նրա հետ բրինձ ուտելը միայն պատրվակ էր` նոր հարց մտածելու, նոր բան իմանալու առումով: Հիմա` այսօր, երբ երեկոյան ժամը 19-ից Ազատության հրապարակը տեսնենք խիստ մարդաշատ, դա չի նշանակում, որ բոլորն անխտիր ցանկանում են հոսանքի սակագնի չբարձրացում:

 

Շատերի համար այս բողոքին մասնակցելը, ինչպես ասացինք, պատրվակ է` իրենց հիմնական նպատակին հասնելու միջոց: Նրանք, անշուշտ, բրինձ կուտեն, ներողություն, «դեմ ենք հոսանքի գնի բարձրացմանը» կբղավեն, բայց «դեմ ենք հոսանքի գնի բարձրացմանը» բղավելը, ավելին` դրան հասնելը հրապարակի մարդկանց մեծամասնության հիմնական նպատակը չէ: Հետեւաբար, երբ այս ցույցից առաջ, դրա ընթացքում, դրանից հետո ՀԷՑ-ից հայտարարեն, թե չեն բարձրացնում հոսանքի սակագինը, հրապարակի մարդկանց միայն մի մասը կգոհանա եւ կբավարարվի, մյուսները` մեծամասնությունը, ոչ:

 

Սա չի նշանակում, որ հոսանքի գնի բարձրացմանը դեմ հանդես եկողների կողքին այսօր չպետք է կանգնել, բայց սա նշանակում է, որ նրանք, ովքեր հոսանքի գնի բարձրացմանը դեմ շարժումն օգտագործում են որպես իրենց հիմնական նպատակին հասնելու միջոց, պետք է իմանան, որ, եթե այսօր կողքիդ մարդիկ կան կանգնած, դա նշանակում է, որ վաղը նրանք կարող են կողքիդ չկանգնել: Կա կոնկրետ ապաքաղաքական հարց, կոնկրետ ապաքաղաքական բողոք, մնացածը փիլիսոփայություն է:

 

Հովիկ Աֆյան