կարևոր
2833 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-13 12:13
Հասարակություն

Ցորենից՝ բրինձ. սովի ահազանգ՝ հանուն հակառուսական մոլուցքի՞

Ցորենից՝ բրինձ. սովի ահազանգ՝ հանուն հակառուսական մոլուցքի՞

Թեև ժողովուրդն արդեն վարժվել է՝ օրվա իշխանության անհեթեթ ու անտրամաբանական այս կամ այն հայտարարությունը լսելուն, բայց անհերքելի է, որ ամեն մի «բլթոցից» հետո հասարակությունը մի որոշ ժամանակ ուշքի չի գալիս։ Օրինակ՝ Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանը վերջերս հայտարարեց, որ «Հայաստանում ցորենի արտադրությունը ձեռնտու չէ»՝ այդպես հիմնավորելով կառավարության կողմից աշնանացան ցորենի սուբսիդիան դադարեցնելու որոշումը։ Մի քանի օրվա բացն էլ որոշեց լրացնել ԱԽՔ Արմեն Գրիգոյանը՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարելով․ «Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»։

Այսպիսով՝ երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը բոլորիս փոխարեն որոշում է ցորենը փոխարինենք բրինձով զուտ նրա համար, որ Ռուսաստանից այդ առումով կախում չունենանք։ Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որը վտանգել է երկրի պարենային անվտանգության ռազմավարությունը, իսկ 2023 թվականին ներկայացված նոր ռազմավարության զեկույցում նույնիսկ նշել․ «Պարենային անապահովությունը Հայաստանի Հանրապետությունում բարձր է․ բնակչության կեսից ավելին պարենային անապահովության վտանգի տակ է»։ Սա դեռ ամենը չէ, և ինչպես նշվում է՝ «Պարենի բազմաթիվ տեսակների մասով Հայաստանի Հանրապետության ինքնաբավության մակարդակն անբավարար է»:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ անհանգստացնող է հատկապես կենսական կարևոր նշանակություն ունեցող սննդատեսակների, այդ թվում՝ ցորենի ինքնաբավության ցածր մակարդակը։ Խնդիրներն հատկապես ծագել են վերջին 6 տարվա ընթացքում, և գրեթե բոլոր ոլորտներում այս իշխանության ձախողումները շղթայական տրամաբանությամբ հասել են ընդհուպ պարենային անվտնագությանը։ Որպես օրինակ վերցնենք գյուղատնտեսական ոլորտը, պետությունը գյուղացուն իր հոգսերի հետ թողել է մեն-մենակ, ցորենի երբեմնի ցանքատարածքները վերածվել են ամայի հողակտորների։ Հող մշակելը գյուղացու համար դարձել է թանկարժեք շռայլություն՝ սկսած սերմնացուի, թունաքիմիկատների, վարուցանքի, հողի հարկի, ջրի հարկի բարձր գներից մինչև՝ ապրանքի իրացման լրջագույն խնդիր։ Շատ հաճախ հողի մեջ ներդրված մեծ գումարները համարժեք չեն ստացված ցածր եկամուտին և հողից հույսը կտրած գյուղացուն այլ բան չի մնում, քան՝ բռնել արտագաղթի ճամփան։

Հիշեցնենք, որ 2018թ. Փաշինյանն ու յուր իշխանականները քննադատում էին նախկին իշխանություններին՝ վարելահողերն անմշակ թողնելու համար: Բայց ինչպես տեսնում ենք իշխանության գալուց հետո ոչ միայն ոչինչ չեն արել, այլև՝ վերացրել են գյուղատնտեսության նախարարությունը, լուծարել գյուղատնտեսական նշանակության գիտահետազոտական ինստիտուտները, հաստատություններ, կայաններ ու տարբեր կառույցներ։  Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերն ասվածի վառ ապացույցն են․ 2021 թվականին հանրապետությունում 56,435 հեկտար ցորեն է մշակվել, 2022-ին ցանքատարածքները կրճատվել են շուրջ 1500 հեկտարով։ Նախորդ տարի ցորենի ցանքերի մակերեսը հասել է 69,143 հեկտարի, մինչդեռ այս տարի թիվը կտրուկ կրճատվել է՝ մշակվել է 55,032 հեկտար ցորեն։ Այս տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ Հայաստանում ցորենի ալյուրի և աշորայի արտադրությունը նվազել է շուրջ 25%-ով։ Եթե նախորդ տարվա հունվար-օգոստոսի տվյալներով Հայաստանում արտադրվել է 119 հազար տոննա ցորենի ալյուր և աշորա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրությունը կազմել է շուրջ 89 հազար տոննա։
 

Պարենային վտանգված ռազմավարության հաջորդ պատճառը՝ թշնամու զորքերի ներխուժումն է ՀՀ ինքնիշխան տարածքներ․ Փաշինյանի ու իր իշխանության մեղքով, հակապես 2020 թվականից հետո, թշնամին մոտեցել է հայկական բնակավայրերին ու  բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանամերձ ու հեկտարներով ցանքատարածություններ հայտնվել են թշնամու կա՛մ տիրապետության տակ, կամ՝ տեսադաշտում, ինչի պայմաններում իհարկե  հող մշակելն ու հողից եկամուտ ստանալը դարձել է անհնարին։ Հայտնի է, որ Հայաստանը պարենային ցորենի խնդիրը լուծում էր նաև՝ Արցախից ներկրվող ցորենի հաշվին։ Ինչպես գիտենք ԼՂՀ գյուղատնտեսության գլխավոր ճյուղը հացահատիկային տնտեսությունն էր, և պարենային ցորենի տեղական արտադրությունը նույնիսկ գերազանցում էր պահանջարկին: Օրինակ՝ 2009-2011  թթ տարեկան միջին հաշվով 12 հազ. տոննա ցորեն է Արցախից արտահանվել, որը ներկրվում էր բացառապես Հայաստան: Արցախը թշնամուն հանձնելուց հետո Հայաստանը հայտնվեց պարենային ցորենի լրջագույն խնդրի առջև, որի հետևանքն օր-օրի ավելի է զգացնել տալիս։

Հայաստանի համար անհրաժեշտ ցորենի պաշարն այսօր լրացվում է ներկրման միջոցով, հիմնականում՝ Ռուսաստանից։ Բայց արի ու տես ամենուրեք և բոլոր հարցերում ձախողած իշխանությունը տապալում է նաև այս հնարավորությունը։ Երկրում հակառուսական տրամադրություններ գեներացնող Փաշինյանի իշխանությունը քար է գցում նաև Ռուսաստանից եկող  հացի աղբյուրին, ինչի մասին օերերս ակնարկեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան՝ նշելով․ «Գուցե ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չգիտի, ես կհիշեցնեմ՝ հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից»։

Հերմինե Զեյնալյան