Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական Միության սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը դեռևս ռիսկի բնութագրում չի տվել, թե կեղծ բրինձն ինչ խնդիրներ կարող է առաջացնել. լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը՝ խոսելով հասարակության մեջ այս օրերին խուճապ առաջացրած «պլաստիկ» բրնձի մասին:
Անդրադառնալով «կեղծ» կոչվող բրնձի բաղադրությանը՝ նա ասաց, որ դրանց մեջ նկատվել են որոշակի գոյացություններ: «Վերամշակման արդյունքում այսպիսի բրնձանման գոյացությունների մեջ բրնձի փոխարեն օգտագործվում է կարտոֆիլի օսլա, բնականաբար, օգտագործում են կապակցող նյութեր, արդյունքում էլ այն ստացել է «պլաստիկ» բրինձ անվանումը: Սակայն թե նման գոյացությունները ինչպիսի ծագում ունեն, դեռևս հայտնի չէ: Այսօր մեր կենտրոնը կապվել է բուսաբանության կենտրոնի հետ, որտեղ ևս լաբորատոր պայմաններում պարզել են, որ այն, միևնույն է, բրինձ է»,- ասաց Պիպոյանը:
Ըստ նրա` Եվրոպական Միության սննդի անվտանգության լիազոր մարմնի հաշվետվությունում հստակ գրված է, որ դեռևս ռիսկը բնութագրված չէ: «Ռիսկը չբնութագրելու պատճառներից մեկն անալիտիկ մեթոդների անկատարությունն է: Միությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոմիտեին, որի հաշվետվության մեջ հստակ գրված է, որ լաբորատոր մեթոդների հետ կապված լուրջ բարդություններ կան»,- ասաց Պիպոյանը:
Նա հասարակությանը առաջարկեց մեթոդ, որի միջոցով կկարողանանք հասկանալ՝ արդյոք տվյալ բրինձը պլաստի՞կ է, թե՞ ոչ: «Համոզվելու համար կարող են բրինձը շոգեխաշել, այնուհետև փակ բերանով կաթսայով դնել տաք տեղում ու հետևել՝ եթե օրեր անց զարգանում է բորբոսասունկ, ուրեմն վախենալու ոչինչ չկա, իսկ հակառակ դեպքում ուղղակի տհաճ հոտ է գալու, ինչն էլ կփաստի, որ բրինձը «պլաստիկ» է»,- ասաց մասնագետը:
Անդրադառնալով թռչնամսի խնդրին՝ Պիպոյանը նշեց, որ փորձաքննության ենթարկված թռչնամսում հայտնաբերվել էին այնպիսի վտանգներ, ինչպիսիք են ախտածին սալմոնելան և հակաբիոտիկները: «Շատ լավ հասկանում ենք, որ այդ խնդիրները չէին կարող առաջանալ իրացման ցանցում: Մասնավորապես` բրազիլական թռչնամսի պարագայում, քանի որ, ըստ պաշտոնական տվյալների, այդ թռչնամսում այլ երկրներում ևս հայտնաբերվել են ախտածիններ: Այսինքն՝ պետք է հասկանանք, որ գործ ունենք մի երկրի հետ, որը առնվազն այս ցուցանիշի առումով ռիսկային է: Մեզ մոտ խուճապը պայմանավորված էր նրանով, որ հետազոտությունը կատարվել էր հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիայում, և փաստացի հայտարարությունից հետո էլ այդ ապրանքը շարունակում էր իրացվել»,- նշեց նա:
Պիպոյանը հավաստիացնում է՝ ըստ պաշտոնական տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է սալմոնելոզով վարակվածների 23 դեպք: Նրա խոսքով՝ սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով գերկարևոր է ունենալ ռիսկի շրջանակ՝ հասկանալով, որ ներկրված արտադրանքի դեպքում պետք է ուսումնասիրել նաև դրսի շուկայում առկա կարծիքը: